ԿարևորՀասարակություն

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Այսօր լրանում է ապրիլի 24-ը` որպես Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր նշելու 105-րդ տարելիցը:

Ամեն տարի ապրիլի 24-ին  Ծիծեռնակաբերդ այցելությամբ և անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելով ոգեկոչել ենք Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Սակայն այս տարի ավանդական երթը չի կայանա. Մեծ եղեռնի 105-րդ  տարելիցի միջոցառումները կանցկացվեն հեռահար՝ հաշվի առնելով արտակարգ իրավիճակով պայմանավորված առողջապահական սահմանափակումները։  Հայաստանի կառավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  խորհրդանշական ներկայության հնարավորություն կտա:

Քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։

Հուշահամալիրը բաց կլինի միայն պաշտոնական այցերի համար: Ժամը 10:00-ից Ծիծեռնակաբերդ կայցելեն ՀՀ նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խոնարհումի արարողությունը կուղեկցվի դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամբ:

Հարգանքի տուրքը գեղարվեստական ծրագրով կմեկնարկի նույն օրը՝ 22:00-ին՝ պետական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությամբ: Ծրագիրը կընդգրկի տարբեր ժանրերի՝ դասական և ժողովրդական ստեղծագործություններ, որոնք ուղիղ եթերով կհեռարձակվեն մինչև լուսաբաց:

Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողություններ առաջին անգամ կազմակերպվել են 1919 թվականին Կ.Պոլսում՝ ցեղասպանությունը վերապրած արևմտահայ մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ: Ապրիլի 24-ը պաշտոնապես սգո և հիշատակի օր ամրագրելու որոշում ընդունվել է միայն 2 տարի անց, 1921թ. Ամենայն հայոց կաթողիկոսը հատուկ կոնդակով հաղորդել է ապրիլի 24-ը համազգային սգո օր սահմանելու մասին:

Back to top button