ԿարևորՏնտեսական

Տնտեսական գործունեության նոր տեսակներ կթույլատրվեն, եթե վարակի տարածման տեմպը մնա վերահսկելի

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով այն փոփոխություններին և լրացումներին, որոնք տեղ են գտել արտակարգ դրությամբ պայմանավորված ժամանակավոր սահմանափակումներում, նշել է, որ երեկ երեկոյան տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ որոշումը թարմացվել է:

Մի շարք ոլորտներում թույլատրվել են տնտեսական գործունեության տեսակներ. մասնավորապես, մշակող արդյունաբերության հատվածում՝ պոլիոգրաֆիական գործունեությունը, թունաքիմիկատների և այլ ագրոքիմական նյութերի արտադրությունը, քարի սղոցումը, մշակումը,  հարդարումը, մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրությունը, էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրությունը, պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորումների նորոգումը, արդյունաբերական մեքենաների սարքավորանքի տեղադրումը:

Մանրածախ և մեծածախ առևտրի մեջ որոշակի ոլորտներ են բացվել: Տեղեկատվության-կապ հատվածում օպերատորների համար հնարավորություն է ստեղծվել, որ կարողանան որոշակի սահմանափակումներով իրենց գրասենյակներն աշխատացնել: Ամբողջությամբ բացվել է անշարժ գույքի հետ կապված գործունեության հատվածը:

Նա տեղեկացրել է նաև, որ փոփոխվել է տեղաշարժի սահմանափակումների հետ կապված իրավիճակը. մարզային անցակետերը հանվել են.

«Կարելի է ասել, բոլոր մարզերում արդեն վիրուսի տարածվածություն ունենք և այդ ուժերն ավելի կենտրոնացնելու ենք  այն հատվածներում, որտեղ իրապես կա վերահսկողության կարիք, ինչպես նաև օգտագործելու ենք համայնքային սահմանափակումները, եթե տեսնենք որևէ համայնքում բռնկում է տեղի ունենում:

Ինչպես և խոստացել էինք, փուլային տարբերակով մենք կամաց-կամաց գնում ենք դեպի բացում, և միաժամանակ մեր տեղորոշման համակարգերն ավելի ու ավելի էֆեկտիվ են աշխատում այս փուլում։

Ամբողջապես այս համակարգը տեղափոխվել է ԱԻՆ-ի կառավարման կենտրոն, և այնտեղից և՛ համաճարակաբանները, և՛ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, և՛ ծրագրավորողները միասին աշխատում են մեր համակարգմամբ, և այս համակարգը փոխլրացնում է Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքը: Այս փուլում կարելի է ասել, որ դեռևս վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է, և եթե նման ձևով շարունակվի, կարծում եմ, մենք կրկին կշարունակենք տնտեսական գործունեության տարբեր տեսակներ բացել»:

Back to top button