ԿարևորՀասարակություն

Հուլիսի 1-ից զորակոչ և զորացրում կհայտարարվի

Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է բուն զորակոչը, այսինքն՝ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալ, իսկ զորացրումը՝ 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 11-ը ներառյալ։

Զորակոչային նախապատրաստական աշխատանքները կսկսվեն մայիսի 1-ից։

Կիրականացվեն COVID-19 տարածման և զինված ուժեր ներթափանցման կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառումներ։

Զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով։

Զորակոչի ենթական են արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ:

Փոխադրական, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունը նախատեսված է ավարտել`

ա. հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` մինչև 2020 թվականի հունիսի 25-ը,

բ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը։

Մինչև 2020 թվականի հուլիսի 14-ը Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը պետք է տրամադրվի բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը:

Back to top button