ԿարևորՀասարակություն

Հիշում ենք և պահանջում՝ առցանց

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կարանտինի  պայմաններում աշխատանքը կազմակերպում է օնլայն  հարթակներում։  Ապրիլի 24-ին ևս  թանգարանը չի գործի, հիշատակի միջոցառումներն այս տարի  առցանց հարթակում են։

Պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության տարելիցը նշում ենք կարանտինի պայմաններում։ Նոր իրողությունների թելադրանքով  է այս օրերին աշխատում նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Ապրիլին նախատեսված որոշ միջոցառումներ հետաձգվել են։ Թանգարան-ինստիտուտի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Արևիկ Ավետիսյանը մանրամասնում է․

«Ամենակարևորը՝  նախատեսվում էր «Կիլիկիան և կիլիկյան հայությունը ցեղասպանության տարիներին» խորագրով միջազգային գիտաժողով և ժամանակավոր ցուցադրության բացում, որը սակայն հետաձգվեց։ Հայտնի չէ, թե գիտաժողովը երբ տեղի կունենա, բայց ցուցադրությունը առցանց տարբերակով երեկվանից արդեն հասանելի է»։

«Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին»․ ցուցադրությունը նվիրվում է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին։ Ցուցադրությունը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, ներառում է տասնմեկ ենթախորագիր։  Առանձնակի շեշտադրությամբ է ներկայացված հայ կինն իր բացառիկ դերով ու խիզախությամբ։

«Հայկական ինքնապաշտպանական մարտերը իսկական գոյամարտեր էին․ խիստ անհավասար պայմաններում պայքար հանուն ընտանիքի, կյանքի, արժանապատվության, հավատի, սովորույթների։ Ցուցադրության մեջ առանձնակի շեշտադրությամբ ներկայացված  է կնոջ դերը այդ պայքարում։ Տղամարդիկ հիմնականում զինվորագրված կամ սպանված էին, և կնոջ ուսերին էր իր ընտանիքի գլխին կանգնելու,  այն պաշտպանելու պատասխանատվությունը»։

Արևիկի բնորոշմամբ՝ կնոջ ուսերին էր հատկապես տան փոքրերին պաշտպանելու առաքելությունը, որովհետև հենց նրանք էին ծիլեր տալու և դառնալու վերապրողների  սերունդը։ «Դա հստակ գիտակցություն էր և յուրահատուկ փուլ  հայոց ցեղասպանության պատմության մեջ»,-ասում է զրուցակիցս։

«Պատմում են թանգարանի ցուցանմուշները»․ սա արդեն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջում ներկայացվող  շարքն է՝ նվիրված 105-րդ տարելիցին։  Մշտական ցուցադրությունում ներկայացվող ցուցանմուշների միջոցով  պատմում են ցեղասպանության այս կամ այն առանձին դրվագի մասին։  105-րդ տարելիցին ընդառաջ թանգարան-ինստիտուտը որպես կարգախոս առաջարկել էր «Ես հիշում եմ» տարբերակը, որը սակայն վերախմբագրվեց՝ կարգախոսի շուրջ առաջացած անհամաձայնությունների արդյունքում։ Արևիկ Ավետիսյանը պարզաբանում է․

«Որևէ միտում չկար, պարզապես առաջարկվել էր կարգախոսի առաջին հատվածը։ Հետո շատ արագ շտկվեց։ Թանգարանի և՛ կայքէջում, և՛ ֆեյսբուքյան էջում տեղադրվել է նորը՝ Հիշում եմ և պահանջում»։

Ապրիլի 24-ին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փակ կլինի այցելուների առաջ ու  կգործի միայն կառավարության պաշտոնական օրակարգին համահունչ։  Նախատեսվում է պաշտոնական պատվիրակության այց հուշահամալիր, ծաղիկների խոնարհում  և այլն։ Ապրիլի 24-ին մնալով տանը՝ բոլորս կարող ենք հարգանքի տուրք մատուցել ՝  նոր իրողությունների թելադրանքով, օրինակ՝  ներբեռնելով Gmoji  հավելվածը և ուղարկելով մեր անվանական ծաղիկը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։  Այս տարի էլ այսպես կհիշենք, կպահանջենք ու կդատապարտենք։

Back to top button