ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսին պետք է պատրաստ լինենք առնվազն մինչև մյուս գարուն․ Թորոսյան

Զգոնությունը թուլացնելու որևէ առիթ մենք այժմ չունենք, «Շանթ» ՀԸ եթերում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ պետք է պահպանենք տանը մնալու, մարդկանց հետ քիչ շփվելու և միայն խիստ անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալու կանոնը, որպեսզի հետաձգվի, կամ բացառվի այն օրը, երբ բուժօգնություն կտրամադրվի միայն միջին եւ ծանր դեպքերին։

«Մեր բոլոր աշխատանքներն ուղղաված են այդ օրը ուշացնելուն կամ բացառելուն»,- ասաց նախարարը՝ հիշեցնելով կորոնավիրուսով հիվանդացության այսօր ավելի վաղ հրապարակած տվյալները։

«Այս պահին ակտիվ բուժման մեջ գտնվող դեպքերի թիվը՝ 840, բուժվածների ընդհանուր թիվը՝ 659, մահերի ընդհանուր թիվը՝ 24»։ 

Արսեն Թորոսյանի խոսքով՝ մենք կորոնավիրուսին պետք է պատրաստ լինենք առնվազն մինչև մյուս գարուն:

«Հետոն արդեն ցույց կտա՝ կախված, թե աշուն-ձմեռ-գարուն սեզոնն ինչպես կանցնի՝ նաև հույս ունենալով, որ մարդկային գիտական միտքը կա՛մ կգտնի թիրախային դեղամիջոց, ինչն էլի շատ բարդ պրոցես է, և ոչ ոք չի կարող ասել, թե երբ տեղի կունենա կամ տեղի կունենա՞ արդյոք, կա՛մ կստեղծվի պատվաստանյութ, որին բոլորս սպասում ենք»։

Նախարարի խոսքով՝ պետք է մեր վարքագիծը փոխենք։

«Ցանկացած մարդու պետք է համարել պոտենցիալ կորոնավիրուսային վարակով պացիենտ կամ մարդ, ով կարող է ձեզ վարակել, դիմացինն էլ ձեզ պետք է այդպես վերաբերվի»,- ասաց նախարար Թորոսյանը:

Back to top button