ԿարևորՏնտեսական

Կորոնավիրուսը փոխել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը. մոտ 2 տոկոս անկում՝ 4.9 տոկոս աճի փոխարեն

Կառավարությունն այսօր որոշել է դիմել ՀՀ Ազգային ժողովի նախագահին  ու  ապրիլի 28-ին ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել: Օրակարգում՝ պետական բյուջեի 2020 թվականին նախատեսված ցուցանիշների փոփոխություններն են։ Դրանք իրականացվելու են կորոնավիրուսային համավարակի տարածմամբ պայմանավորված։  4․9 տոկոս տնտեսական աճի փոխարեն կանխատեսվում է 2 տոկոս տնտեսական անկում։ Կնվազեն նաև հարկային եկամուտները։ 

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի  փորձագետ Արմեն Քթոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծել է ՝ հարկային եկամուտների վարչարարության մասով խնդիրներ չեն լինի, սակայն խնդիրներ կան պլանավորված եկամուտների մասով։ Տնտեսագետը նշում է, որ Հայաստանի պահուստները մի քանի ամիս ինքնավար ռեժիմով ու առանց լուրջ ռիսկերի բոլոր ֆինանսական պարտավորությունները կատարելու հնարավորություն տալիս են։

Կորոնավիրուսը փոխեց  աշխարհի տնտեսական ռիթմն ու մարդկանց  կենսակերպը։  Մի քանի ամսում աշխարհն անցավ հեռավար կյանքի, սահմանափակված են մարդկային շփումները, կենցաղը։ Ու դրա հետ միաժամանակ փոխվում են նաեւ տնտեսական կանխատեսումները։ Աշխարհում կանխատեսվում է տնտեսական լուրջ անկում։ Հայաստանում եւս 4․9 տոկոս տնտեսական աճի փոխարեն անկում է կանխատեսվում։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձանագրում է՝ անորոշությունը կարող է իր ազդեցություն ունենալ  գործազրկության  հնարավոր աճով,  ցածր եկամուտներով ու սպառման կրճատմամբ։

«2020- ի պետական բյուջեի հիմքում ընկած 4․9 տոկոս իրական աճի փոխարեն կունենանք  2 տոկոս անկում։ Համենայնդեպս, կանխատեսումները մեզ թույլ են տալիս այդպիսի եզրահանգման գալ»,- ասաց Ջանջուղազյանը։ 

Ոլորտի պատասխանատուն նշեց՝ Հայաստանի պարտքն ու բյուջեի դեֆիցիտը կավելանան։ Նախատեսված  2,3 տոկոսի փոխարեն  դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի մոտ  5 տոկոսը (161 մլրդ դրամի փոխարեն 324 մլրդ դրամ) ։ Ստեղծված իրավիճակն է նման լուծումներ  պարտադրում։  Նախատեսվում է վարկային տարբեր միջոցների ներգրավում ՝ միջազգային ֆինանսական տարբեր կառույցների կողմից։ 2019-ի դեկտեմբերին Հայաստանի պարտքը կազմել է 7 մլրդ դոլար։ Նախարարը փոխանցեց՝ այս պահին 260 մլրդ դրամի կարիք ունեն։  

«Մենք, ըստ էության, ունենք նախնական քննարկումներ մեր գործընկերների հետ։ Մենք մենակ չենք մնա մեր խնդիրների հետ։ Ավելացումն անխուսափելի է։ Բայց համոզված ենք, որ կմնա կառավարելի մակարդակում։ Ինչքանով կփոխվի արտաքին պարտքը, կդժվարանամ ասել, քանի որ դեռ հարաբերակցությունը վերջնական չէ»,- ասաց Ջանջուղազյանը։

Ծախսերը չեն կրճատվի։ Հակառակ դեպքում իրավիճակն  ավելի կսրվի։  2020 թվականի բյուջեով  նախատեսված ծրագրերի հետաձգման  հարց  մինչ այժմ չի քննարկվել` ասաց  ֆինանսների նախարարը։

«Այն, ինչ որ նախատեսված է, ամբողջությամբ կիրականացվեն, դեռ մի բան էլ ավելի, լրացուցիչ միջոցառումներ են նախատեսված։ Դրանք, սակայն, միանվագ են տրվելու»։

Կառավարությունը 150 մլրդ դրամ է նախատեսել կորոնավիրուսի  տնտեսական ու սոցիալական հետևանքները մեղմելու համար։

Պետական բյուջեում  կնվազեն նաև  հարկայն եկամուտները։ Նախատեսվում է 169 մլրդ դրամով ավելի քիչ հարկային եկամուտներ ստանալ։  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձանագրում  է՝   այս տարվա առաջին եռամսյակում խնդիրներ չեն ունեցել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծում է՝ Հայաստանի կառավարությունը բազմաթիվ մենաշնորհային, կոռուպցիոն, արտոնյալ մեխանիզմներ ուղղակի ոչնչացրել է:

Վարչապետը հիշեցրեց՝  2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ արձանագրվել է հարկային եկամուտների 11,3 տոկոս աճ, իսկ 2018 թվականի նկատմամբ աճը կազմել է 37,4 տոկոս։

«Ցանկի հարյուր խոշոր հարկատուների կողմից վճարվել է 151 միլիարդ դրամ հարկ, որը 16 միլիարդ դրամով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, իսկ 2018 թվականի մակարդակը գերազանցում է մոտ 40 միլիարդ դրամով։  Թվերը շատ խոսուն ցուցանիշներ են։ Բայց մենք, այնուամենայնիվ, գումարները ծախսելիս պետք է յոթ չափենք, մեկ կտրենք` հասկանալու համար՝ գումարը արդյոք ճի՞շտ տեղում ենք ներդնում։ Չլուծված հարցերն այնքան շատ են, որ երբեմն պետք է ավելի հասցեական ու ավելի կարճ որոշում կայացնել՝ հետագայի համար ավելի ռազմավարական լուծումների միտմամբ:  2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ հազար խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմել է 246 միլիարդ դրամ»,- ասաց Փաշինյանը։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի  փորձագետ  Արմեն Քթոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ հարկային եկամուտների վարչարարության մասով խնդիրներ չկան, սակայն խնդիրներ կան պլանավորված եկամուտների մասով․

«Կարող է որոշակի եկամուտների թերակատարում լինել։ Նմանատիպ օրերի համար են պահուստները, որ երկիրն ունի։ Մեր պահուստները մի քանի ամիս ինքնավար ռեժիմով ու առանց լուրջ ռիսկերի բոլոր ֆինանսական պարտավորությունները կատարելու հնարավորություն տալիս են»,- ասաց Քթոյանը։

Պետական բյուջեի  փոփոխությունների հարցը ԱԺ-ն  կքննարկի ապրիլի 28-ին՝  արտահերթ նիստում։

Back to top button