ԿարևորՀասարակություն

Կարգապահական վարույթի ԲԴԽ նիստ՝ քաղաքական ենթատեքստով

Այսօր բարձրագույն դատական խորհրդում կայացել է կարճատև նիստ: Կրկին չի հաջողվել քննարկել ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ սահմանելու հարցը:  ԲԴԽ անդամին առնչվող գործում շրջանառվում է ՍԴ և նախկին դատավոր Արայիկ Մելքումյանի անունը:

Տարբերվող կարծիքը պատճառ է դարձել, որ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ սահմանելու հարց բարձրանա:  ԲԴԽ-ում կարծում են, որ իրենց գործընկերոջ՝ կառույցում քննվող գործերից մեկի առնչությամբ հայտնած հատուկ կարծիքում արտահայտված դիրքորոշումները խախտում են ԲԴԽ անդամի վարքագծի կանոնները և պարունակում  քաղաքական կոչեր: 

ԲԴԽ-ում քննվող գործերից մեկով արտահայտած «հատուկ կարծիքը» ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի համար կարող է պաշտոն արժենալ։ Պաշտոնազրկումն է կարգապահական վարույթի առավելագույն պատիժը։ ԲԴԽ անդամը կարող է «պատժվել», քանի որ քննադատել է Սահմանադրական դատարանի որոշումը և նպատակահարմար չի համարել դրա կիրառումը: 

Խնդիրը սկսվել է 2019 թվականից: Այն ժամանակ ԲԴԽ-ն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Արայիկ Մելքումյանին զրկել էր իր զբաղեցրած պաշտոնից՝ «կատարել է մի արարք, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ» ձևակերպմամբ: Այս դատավորի անունը առնչվել է Խուլ ու համրերի միավորման՝ Կողբացի փողոցում գտնվող շենքի գործին: Խուլ ու համրերը կորցրել են իրենց պատկանող շենքը՝ իրենց հետ կապ չունեցող լիազորագրերի պատճառով:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավորը չի համակերպվել իր հանդեպ ԲԴԽ կիրառած պատժամիջոցի հետ և դիմել է ՍԴ: Այդ կառույցը հակասահմանադրական է ճանաչել «Դատական օրենսգրքի» այն դրույթը, որի հիման վրա դատավորը զրկվել է պաշտոնից և ՍԴ որոշումը ձեռքին նախկին դատավորը նորից դիմել է ԲԴԽ՝ պահանջելով վերականգնել իր պաշտոնում և պետբյուջեից վճարել պարապուրդի գումարը՝ մոտ 20 միլիոն դրամ: Այստեղից արդեն սկսվել են ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի խնդիրները՝ իր արտահայտած 16 էջանոց «հատուկ կարծիքից» հետո:

«Ես, իհարկե, կտրականապես դեմ էի վերականգնելու այդ դատավորին: Ոչ թե սուբյեկտիվ պատճառներով, այլ ուսումնասիրեցի ՍԴ որոշումը և ընդամենը փաստեր արձանագրեցի: Այդ փաստերը արձանագրելու համար ես հիմա ենթարկվում եմ պատասխանատվության: Ասել եմ, որ Հրայր Թովմասյանը շահերի բախում է ունեցել՝ չի հայտնել դրա մասին, որովհետև այդ «Դատական օրենսգրքի» համահեղինակն է եղել, հիմա էլ դատավորի կարգավիճակով նույն օրենսգրքի հակասահմանադրության հարցն է որոշում, ասել եմ, որ ՍԴ-ն իր առաքելությունից շեղվել է, որովհետև չի կարելի ԲԴԽ-ին զրկել իր լիազորություններից՝ դատավորներին համակարգից հեռացնելու»:

Սա ամենը չէ: ԲԴԽ անդամն իր «հատուկ կարծիքում» անդրադարձել էր նաև այն ժամանակ ապրիլին ՍԴ հարցով նշանակված հանրաքվեին: Հարկ չէր համարել, որ այդ փուլում ԲԴԽ-ն պետք է առաջ ընկնի զարգացումներից: Դրա համար ԲԴԽ-ում համարեցին, որ Հայկ Հովհաննիսյանը խախտել է քաղաքական զսպվածության սկզբունքը, որոշ դեպքում հանրության մի հատվածը ԲԴԽ այս անդամի նկատմամբ սկսեց կիրառել «իշխանության սիրելի» ձևակերպումը։

ԲԴԽ նիստերի դահլիճում այսօր 9 անդամների աթոռներից 8 էր զբաղված: Հայկ Հովհաննիսյանը զբաղեցրել էր պատասխանողի աթոռը: Բայց այսօր կրկին չքննվեց նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Գործընկերներից մեկը միջնորդեց հետաձգել նիստը՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Հայկ Հովհաննիսյանը, դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, փոխանցեց իր կարծիքը:

-Արհեստական փորձ է այս վարույթը հետաձգել՝ ինձ համար անհասկանալի պատճառներով: Եվ հիմա սա հերթական իրավաբանական հնարք է, «գաղտնի» զենք` վարույթը հետաձգելու համար, ինչին ես դեմ եմ, որովհետև ուզում եմ վարույթը անենք, վերջացնենք թափանցիկ ձևով:

— Պարոն Հովհաննիսյան, այդ «գաղտնի» զենքը, իրավաբանական հնարքը դուք եք առաջինը կիրառել։ Այդ իսկ պատճառով գտնում եմ, որ ձեր հնչեցրած հարցը, որ կիրառվել է իրավաբանական հնարք և հետաձգելու միտում ունի խորհուրդը, գտնում եմ, անհիմն է:

ԲԴԽ-ն այսօր չհստակեցրեց, թե որքան ժամանակով է հետաձգում իր անդամին կարգապահական վարույթի ենթարկելու հարցը: Միջնորդության հեղինակը խնդրել էր 10-օրյա ժամկետ:  

Back to top button