ԿարևորՀասարակություն

Ծրագիրը կմոտիվացնի մյուսներին ևս․ կապանցի ուսանողը` կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրի մասին

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը: Այն վերաբերում է ուսանողներին և նպատակ ունի կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների հաղթահարման համար օժանդակել բուհերի ուսանողներին։

Կապանցի 20-ամյա Անի Պետրոսյանը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման շահառուներից է։ Աղջիկը Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի ավարտական կուրսում է։ Սովորում  է բարձր առաջադիմությամբ, միջին որակական գնահատականը՝ ՄՈԳ-ը, 90-ից բարձր է։ Պետությունը 100 տոկոսով վճարել է նրա  ուսման վարձը։

«Ճիշտն ասած, չէի մտածում, որ ես էլ կարող եմ ընդգրկվել այդ ծրագրի շրջանակում։ Որոշումն ընդունելուց հետո մեր համալսարանն արագ արձագանքեց և հարցրեց բոլոր ուսանողների գնահատականները։ Մի քանի օր անց տեղեկացա, որ ես էլ եմ ընդգրկված այս ծրագրում։ Այս ծրագիրը հիանալի հնարավորություն է այն ուսանողների և նրանց ծնողների համար, որոնք ունեն բարձր առաջադիմություն, սակայն սովորում են վճարովի հիմունքներով։ Բայց կան այնպիսի ուսանողներ, որոնք նույնպես ունեն բարձր առաջադիմություն, սակայն նրանց ՄՈԳ-ը չի գերազանցում 90-ը։ Ուրախ եմ, որ լինելով մարզային ուսումնական հաստատության ուսանող, կարողացել եմ ընդգրկվել այդ ծրագրի շրջանակում։ Հուսով եմ, որ այս ծրագիրը կմոտիվացնի մյուս ուսանողներին, որպեսզի լավ սովորեն ու ցուցաբերեն բարձր առաջադիմություն»։

Գորիսի պետական համալսարանի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Մհեր Քումունցի խոսքով` այս նախաձեռնությունը առաջնահերթ կարևոր է հոգեբանական տեսանկյունից, այդպիսով ուսանողն իրեն պաշտպանված է զգում։

«Սահմանվել է 90 և ավելի բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների վարձավճարի փոխհատուցում։ Մեր ֆակուլտետում 8 ուսանող բակալավրիատի համակարգից, 8 ուսանող մագիստրատուրայի համակարգից օգտվել են այդ ամենից»։

Մհեր Քումունցի խոսքով` ծրագիրը, սակայն, ամբողջական չէ․

«Այստեղ չեն ներառվում հեռակա ուսուցմամբ ուսանողները, որոնք նույնպես մեծ դժվարություններ ունեն ուսման վարձի հետ կապված։ Նրանք էլ առանձնապես չեն տարբերվում առկա ուսուցմամբ ուսանողներից։ Լավ կլիներ, որ ծրագիրը ներառեր ամբողջ համակարգը՝ առկա, թե հեռակա»։

14-րդ միջոցառումից կարող են օգտվել 21 բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավելի տոկոսը։

Back to top button