ԿարևորՀասարակություն

100 հազար դրամ տուգանք՝ արտակարգ դրությունը խախտելու համար

Նախօրեին Վանաձորի Գլորիա կարի ֆաբրիկայի աշխատակիցները որոշել էին հարկադիր պարապուրդից վերադառնալ աշխատանքի։ Սակայն, կարճ ժամանակ անց ոստիկանությունը նրանց տուգանել էր 100 հազարական դրամով արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար։ Խորհրդարանական ամբիոնից այսօր  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար  Էդմոն Մարուքյանը կոչ է արել չեղարկել տուգանքները։

«Իմ քայլը»  խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը  «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցների աշխատանքի վերադառնալու հարցը առողջապահական  տեսանկյունից  է  դիտարկել։ Չի բացառել, որ երեկվա ակցիայից հետո Վանաձորում  կորոնավիրուսի բռնկման դեպքերը միանգամից ավելանան։

Էկոնոմիկայի նախարարությունից փոխանցել են՝  նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է  թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այս ոլորտի ձեռնարկությունների գործունեության սահմանափակումը վերացնելու հարցը։ 

Կորոնավիրուսը լռեցրեց «Գլորիա» կարի ֆաբրկայի մեքենաների ձայնը։ Աղմուկ չկա, աշխատակիցներ նույնպես։  Առանց մեքենաների աղմուկի ու աշխատանքի աշխատակիցները երկար չեն կարող ապրել։ Եվ ահա նախօրեին որոշեցին աշխատելու գնալ։ Այդ որոշումը, սակայն, ոչ ավել, ոչ պակաս յուրաքանչյուրի համար արժեցավ 100 հազար դրամ տուգանք` արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար։

Իսկ ահա ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար  Էդմոն Մարուքյանը կոչ է անում չեղարկել աշխատակիցների նկատմամբ կազմված տուգանքները։

«Գործարանի աշխատակցիները որևէ այլ ծրագրով  աջակցություն չեն ստացել։ Էն որ ժողովորդն ասում է «կարկուտը ծեծած տեղն է ծեծում», սա էդ պատմությունն է։  Թուղթն էլ դարձել է անիմաստ բյուրոկրատիա։ Եթե չունեն, 100 հազար տուգանում են։ Եթե մի դեպքում գուցե 68 հազար դրամ  սոցիալական աջակցություն տրամադրեին, հիմա 100 հազար տուգանում են։ Ես կոչ եմ անում վերանայել այս մոտեցումը։  Խոսքը հացի փող աշխատողների մասին է, Եթե չեք թողնում, որ աշխատեն, հասցեական աջակցեք էդ մադկանց։ Կոչ եմ անում երեկվա կազմած  բոլոր վարչական արձանագրությունները չեղարկել»։

Մոտ մեկ շաբաթ առաջ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ քննարկում են  տեքստիլ արդյունաբերության ոլորտի սահմանափակումները վերացնելու հարցը։ Պաշտոնական հայտարարություն, սակայն, պարետատունը չի արել։  

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներն անգամ   չգիտեն աշխատավարձ կստանա՞ն, թե՞ ոչ։ Սակայն, գիտե` տուգանվել են, գիտեն` ուզում են աշխատանքի վերադառնալ․

«Մենք ենք խնդրել, որ վերադառնանք աշխատանքի, հիմա մեզ տուգանել են։ Իրենք կարո՞ղ են  մեզ պահեն, թող պահեն, փոխանակ աջակցեն , 100 հազար էլ տուգանում են»։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը ֆաբրիկայի աշխատակիցների աշխատանքի վերադառնալու հարցը  առողջապահական  տեսանկյունից է  դիտարկում։ Չի բացառում, որ երեկվա ակցիայից հետո Վանաձորում  կորոնավիրուսի բռնկման դեպքերը միանգամից ավելանան․

«Իհարկե, այնտեղ կան մարդիկ, որ պետք  է սոցիալական աջակցություն ստանան, դրան մենք պետք է հետևենք։ Իհարկե, եթե գործարանը կարող է ապահովել անվտանգությունը, պետք է աշխատի։ Սակայն այն, ինչ կատարվում է, անընդունելի է։ Խոսքն այն չէ, որ մարդիկ հավաքվել են ու ըմբոստանում են, այլ այն, ինչ երեկ կատարվեց։ Երկու շաբաթ հետո գուցե կորոնավիրուսի թվի աճ ունենանք Վանաձորում։ Գուցե լուրջ թվեր ունենանք, իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։ Դրանից  հետո այստեղ նստել ու խոսել վարկերից, հարկերից, անիմաստ է։ Ես ուղղակի  կոչ եմ անում, որ մենք զգույշ լինենք, և բնակչությանը, որ պահպանեն անվտանգության միջոցներ»,- նշեց Իգիթյանը։

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի հիմնադիր տնօրեն Բագրատ Դարբինյանն օրվա ընթացքում հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց։

Էկոնոմիկայի նախարարությունից փոխանցում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այս ոլորտի ձեռնարկությունների գործունեության սահմանափակումը վերացնելու հարցը։ Տնտեսվարողները ընդգծել են, որ ոլորտի  ձեռնարկությունների նկատմամբ պետք է  անհատական մոտեցում ցուցաբերել։ Տնտեսվարողն ինքը պետք է դիմի պարետատուն ու վստահեցնի, որ պահպանելու են սահմանված անվտանգության ու  առողջության պահպանման կանոնները։ Կեսօրի տվյալներով` որևէ ընկերության ղեկավարը նման դիմում չի ներկայացրել։ Սահմանափակումները գործում են նաև այս ոլորտում։

Back to top button