ԿարևորՏնտեսական

Պետությունը բիզնեսին «շնչելու» հնարավորություն կտա. նոր աջակցություն ՓՄՁ-ներին

Արտոնություններ երկու ուղղությունով, որոնք կօգնեն հատկապես փոքր և միջին բիզնեսին դիմակայել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքներին: Երկու փաթեթ էր ներառված այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում:

Այսօրվա նիստն այն բացառիկներից էր, որ անհրաժեշտ նպատակին հասնելու համար բոլոր խմբակցությունները միասնական էին, թեև ունեին տարբեր մոտեցումներ խնդիրը լուծելու համար: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` օժանդակության երկու ծրագրերն ընդունելու համար նախատեսվել է հատուկ ընթացակարգ՝ սահմանվել է քննարկման 24-ժամյա ռեժիմ: 

Ըստ էության, «հարկային արձակուրդ» և «շնչելու» հնարավորություն. սա է «Հարկային օրենսգրքում» հրատապ արվող փոփոխությունների և լրացումների նպատակը, որը այսպես ասենք «օգնության ձեռք» կմեկնի փոքր և միջին բիզնեսին:

«Իմ քայլ»-ից Բաբկեն Թունյանն առաջարկում է կիրառել «արագացված ամորտիզացիայի գործիք»: Տնտեսության մեջ ընդունված այս քայլը ժամանակին կիրառել են և Միացյալ Նահանգները, և Կանադան:

Նրանք ստացել են ակնկալվող արդյունքը: Երբ և ինչ պետք է արվի. Բաբկեն Թունյանն է մանրամասնում.

 «Այսօր գործող հարկային կարգավորումներով, եթե տնտեսվարողը ներդրումներ է կատարում՝ սարքավորումներ է գնում, շենք-շինություններ է գնում կամ կառուցում, ինքը չի կարող տվյալ ծախսը տվյալ տարում ծախսագրել: Առանձին խմբերի համար կան նվազագույն սահմանված ժամկետներ՝ համակարգիչների համար 1 տարի է, արտադրական սարքավորումների համար 5 տարի, շենք-շինությունների համար 20 տարի:  Հարկային օրենսգրքում ներկայումս կա մի բացառություն՝ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի մասով տնտեսվարողը կարող է այդ կանոնից շեղվել և սարքավորումների ու անշարժ գույքի մասով ինքնուրույն որոշել, թե ինքը ինչ ժամկետում կարող է  այդ մասհանումներն իրականացնել»,- ասաց Թունյանը: 

Սա տնտեսավարողին հնարավորություն է տալիս ավելի ճկուն լինել, սկզբնական շրջանում իր մոտ որոշակի փող կուտակել, այսինքն՝ քիչ շահութահարկ վճարել: Օրենսգրքում որպես արտոնություն ձևակերպված այս դրույթը այժմ առաջարկվում է տարածել բոլոր տնտեսվարողների վրա, եթե նրանք այդ ներդրումները կկատարեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը: Մի կողմից` սա օգնություն է, մյուս կողմից` այս փուլում ներդրումներ անելու խթան: Օգտվում են թե՛տնտեսվարողը, թե՛ տնտեսությունը, ասում է հեղինակը, բայց ոչ բոլոր դրույթների հետ են համաձայն գործընկերները:  Քննարկումից հատվածը՝ ստորեւ․

-Բուն տնտեսվարող այդ էֆեկտը զգալու է ոչ թե այս տարի, այլ՝ հաջորդ տարի, որովհետև հարկը այսպես, թե այնպես վճարվելու էր հաջորդ տարի, բայց տնտեսությունն այդ էֆեկտը զգալու է հիմա՝ կատարվող ներդրումների արդյունքում:

-Սա ներդրումների գործիք է, ոչ թե հակաճգնաժամային և բարձր արդյունավետություն ակնկալել բուն արտակարգ դրության ժամանակ  չարժե: Բայց որպես զարգացման գործիք լավն է:

— Հակաճգնաժամային է, թե ճգնաժամային չէ, իմ կարծիքով մի քիչ ճաշակի հարց է, թե դրան ոնց կանվանենք: Որովհետև, եթե մենք այս փուլում տնտեսվարողին մոտիվացնում ենք, որ ինքը ներդրումը հենց այս փուլում անի, երբ բիզնեսը սպասողական ու վատ վիճակի մեջ է, բնականաբար, դա դառնում է հակաճգնաժամային, որովհետև ինքը որոշակիորեն մեղմելու է ճգնաժամի հետևանքով առաջացած մնացած կորուստները:

Հեղինակը պատրաստ է այս նախագիծը կատարելագործել առաջիկա 10 օրվա ընթացքում՝ մյուս պատգամավորների առաջարկների միջոցով:

Մյուս նախագիծն ուժի մեջ է մտնելու ընդունվելուց անմիջապես հետո: Խոսքը «Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանի առաջարկի մասին է, որը փոխում է «Հարկային օրենսգրքի» կարգավորումները: Սկզբունքային մոտեցումները քննարկվել են վերջին երկու օրվա ընթացքում: Նախագիծը փոխհամաձայնություն է խորհրդարանի ընդդիմության, քաղաքական մեծամասնության և կառավարության միջև:

Մելքումյանն առաջարկում է չկատարած հարկային պարտավորության համար հաշվարկվող տույժի չափը նվազեցնել, երկրորդը՝ եթե նախկինում 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն չկատարելու դեպքում արգելանք էր դրվում վճարողի գույքի վրա, ապա առաջարկվում է 500 հազար դրամի շեմը բարձրացնել՝ դարձնելով միլիոն ու կես:

Միքայել Մելքումյան «Հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտին  կտանք հնարավորություն հարկային պրոբլեմների ընթացքում շատ չտուժել, մի քիչ թեթև ճանապարհով շարժվել: Տույժերի չափը մոտավորապես 4 միլիարդի է հասնում։ Սրա նպատակն այն է, որ այս պարտավորությունների չկատարման դեպքում չգնան սնանկացման, մեր խնդիրն այն է, որ դաշտը ազատ թողնենք իրենք գործեն»:

Արտակ Մանուկյան «Կարծում եմ, չափազանց կարևոր գործիք է  հենց սեզոնային բնույթի գործունեություն ծավալող ՓՄՁ-ների համար, որովհետև մեծ հաշվով իրենք անորոշություններ ունեն և կարող են որոշակի ժամանակահատվածներում  ունենալ նաև շրջանառու միջոցների պակաս, պետք է նախկինում դիմեին բանկային համակարգին, գումար վերցնեին, հիմա պետության փոխվստահության համատեքստում կարող են նաև դիտարկել  պետության կողմից այս լրացուցիչ պատուհանի բացումը, ապա նրանք շուկայում կմնան։ կաշխատեն, հետագայում իրենց հարկային պարտավորությունները կիրականացնեն»:

Կառավարությունն այս փոփոխություններին դեմ չէ՝ Աժ-ում հաստատեցին թե՛ ֆինանսների փոխնախարարը, թե՛ ՊԵԿ ղեկավարը: Դավիթ Անանյանը պարզապես հավելեց՝  առաջարկելու են նմանատիպ փոփոխություն արվի նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որովհետև սոցիալական վճարներն ու  եկամտային հարկը ներկայացվում են միասնական հաշվարկով, հետևաբար, եթե եկամտային հարկի տույժը իջեցվում է՝ պետք է իջեցվի նաև սոցիալական վճարի նկատմամբ հաշվարկվող տույժը:

Back to top button