
Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 2-րդ միջոցառմանն են այսօր անդրադարձել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Տիգրան Գաբրիելյանը: Նրանք շեշտել են, որ մեծ հետաքրքրություն եւ պահանջարկ կա գյուղատնտեսական ծրագրերի նկատմամբ:
Նախարարությունը պատրաստակամորեն խորհրդատվություներ է մատուցում բոլոր գյուղատնտեսական ծրագրերի մասով՝ ամեն օր սպասարկելով ավելի քան 250 զանգ: Փոխնախարարներն անդրադարձել են նաեւ 2-րդ ծրագրում քննարկումների արդյունքում սպասվող փոփոխությունների մասին, խոստացել, որ առաջիկայում դրանք առավել մանրամասնություններով կներկայացնեն: Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է վերամծակող կազմակերպություններին: Նրանց նույնպես տրվում է հնարավորություն կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները վերացնելու համար պետական աջակցության ծրագրերից օտգվելու:
Մի շարք համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների ամենաակտիվ շրջանում նոր գյուղտեխնիկա ունենալը պարզապես անհրաժեշտություն է: Գյուղտեխնիկայի առաջին խմբաքանակն անցած 10 օրերին արդեն տրամադրվել է մի շարք համայնքների կոոպերատիվների, մասնավորապես՝ Գեղարքունիկի եւ Արագածոտնի մարզերում գործող կոոպերատիվներն արդեն գործի են գցել իրենց հատկացված նոր տրակտորների շարժիչներն ու անցել ակտիվ գյուղատնտեսական աշխատանքների:
«Ամեն մի տեխնիկան օրական կվարի երկու հեկտար: Դա նշանակում է օրական 6 հեկտար՝ գարնան այս ժամանակ»:
Գյուղտեխնիկան ձեռք է բերվում եւ համայնքների կոոպերատիվներին է տրամադրվում ԵՄ-ի շրջանակներում գործող միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ՝ համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության 2-րդ ծրագրով: Ծրագրում ներգրավված են շուրջ 100 համայնքում գործող կոոպերատիվներ: Թիրախավորվել են հիմնականում այն համայնքները, որոնք զբաղվում են անասնապահությամբ:


ՀՀ էկոնոմիակայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի փոխանցմամբ՝ միջազգային կառույցների աջակցության ծրագրերով առաջիկայում ավելի քան 39 կոոպերատիվի եւս կտրամադրվի գյուղատնտեսական տեխնիկա:
«Տարվա ընթացքում 39 կոոպերատիվի կտրամադրվի շուրջ 190 միավոր գյուղտեխնիկա: Նախորդող 10 օրվա ընթացքում արդեն մի խմբաքանակը տրամադրվել է եւ առաջիկա երկու ամիսների ընթացքում ևս 41 միավոր գյուղտեխնիկա հասանելի կլինի 11 համայնքում: Առանձնահատուկ ցանկանում եմ շեշտել, այս տրամադրվող գյուղտեխնիկան տրվելու են միայն այն կոոպերատիվներին, որոնք որ մաս են կազմում նշված ծրագրին: Հետեւաբար՝ նոր կոոպերատիվներն իրենք չեն կարող այս միջոցառումից օգտվել»:
Գյուղատնտեսական ոլորտի բոլոր ծրագրերի նկատմամբ մեծ հետաքրքրություն ու պահանջարկ կա: Այդ մասին վկայում են ԿԲ-ի կողմից տրված թվերը, որոնք վկայակոչում է նաեւ ՀՀ էկոնոմիակայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
«ԿԲ-ի կողմից տրամադրված օպերատիվ տվյալների համաձայն՝ մենք արդեն ունենք 13 հազարից ավել հայտադիմում« որի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 27,6 մլրդ դրամ: Այսօրվա դրությամբ արդեն հաստատվել են 2 հազար 943 հայտ: Ընդհանուր 4,34 մլրդ դրամ դրամային արժեքով»:
Վերջին 20 օրվա ընթացքում տրամադրվել է 4,7 մլրդ դրամի վարկ՝ ընդհանրացնելով ասաց Արման Խոջոյանը: Նա նաեւ նկատում է, որ այս տարվա հունվարից մինչեւ մարդի 31-ը տրամադրվել է 1638 վարկ, ընդհանուր 6,8 մլրդ դրամ ծավալով: Այսինքն՝ ապրիլի 1-ց սկսած տրամադրվել է գրեթե կրկնակի ավելի վարկ: Արման Խոջոյանն ասում է նաեւ, որ կարիքների վերանայման արդյունքում վերանայվում են ծրագրերը, որպեսզի դրանք ավելի հասանելի դառնան: Փոփոխություններից մեկը վերաբերում է վերամշակող կազմակերպություններին: Միջազգային կառույցների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերով նախատեսվում է առաջիկա երկու ամիսներին 30 դրամաշնորհների տեսքով աջակցություն տրամադրել առնվազն 30 վերամշակող կազմակերպությունների՝ վերազինման եւ սննդի անվտանգության պայմանների բարելավման համար:


«Սա միտված է, որ մենք ավելի մրցունակ լինենք արտաքին շուկաներում և այս ծրագրի շրջանակներում ոչ միայն պարզապես սննդի անվտանգության պայմաններն են բարելավվելու, այլ նաև համապատասխանեցվելու են միջազգային պահանջներին: Միջոցառման ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 550 մլն դրամ»:
Արդեն հայտարարվել է մրցույթը եւ հիմա ամփոփման փուլում է գտնվում: Գյուղոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ մեկ ամսվա ընթացքում այդ դրամաշնորհները կկարողանան հասանելի դարձնել վերամշակողներին: Էկոնոմիկայի նախարարի տեղակալները խոստացան, որ 2-րդ ծրագրում կատարվելիք ամբողջական փոփոխությունները վերջնական քննարկումներից հետո առավել մանրամասնություններով կներկայացնեն հանրությանը: