ԿարևորՀասարակություն

Բանկերի դիմաց կուտակումները կորոնավիրուսի տարածման վտանգ են պարունակում

Արմավիրի սոցիալական աջակցություն տրամադրող բանկերի դիմաց արդեն մի քանի օր հերթեր են գոյանում: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերը կարծես չեզոքացրել են  նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգը, մոռացության մատնել պարետատան ցուցումները: Բանկերից դուրս ամեն ինչ տեսանելի է, ներսում՝ ոչ: «Ռադիոլուրի» թղթակցի առջև փակվել են  Յունիբանկի և ՎՏԲ-Հայաստան բանկի Արմավիրի մասնաճյուղերի դռները: Կուտակումներ կան գրեթե բոլոր բանկերի դիմաց, և մասամբ է պահպանվում սոցիալական հեռավորությունը:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերով պետության կողմից հատկացվող դրամական օժանդակությունների պատճառով  Արմավիրում  արդեն մի քանի օր խախտվել է փողոցների լռությունը: Գրեթե մեկուկես ամիս ինքնամեկուսացման մեջ գտնվող  քաղաքացիները տնից դուրս են եկել` քայլերն ուղղելով դեպի բանկեր:

Սոցիալական աջակցություն տրամադրող բանկերի մուտքերի մոտ հերթ է, քաղաքացիներից շատերը չեն պահպանում ոչ միայն սոցիալական հեռավորությունը, այլև չեն կրում անհատական պաշտպանիչ միջոցներ.

«Նոր ենք եկել, չունենք դիմակ ու ձեռնոց, չենք վախենում»: Ամալյա Թումասյանն է, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզօքացման ծրագրի 9-րդ միջոցառման շահառու,  չի աշխատում, 3 մանկահասակ երեխայի մայր է.

«4-5 օր առաջ ենք տեղեկացել, գրանցվեցինք, զանգելով բանկի մասնաճյուղ՝ իմացանք, ասեցին, որ գումարը փոխանցվել է, եկեք, վերցրեք»:

9-րդ միջոցառման շահառու են այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և երեխայի ծնողներից ոչ մեկը կամ միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020թ մարտի 12-ի դրությամբ և  և չի ընդունվել մշտական կամ ժամանակավոր գրանցված աշխատանքի մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում: Աջակցությունը տրամադրվում է  միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26500 դրամ:  Սյուզաննա Խոդերյանն այս աջակցության մասին տեղեկացել էր լրատվամիջոցներից, լրացրել դիմումը և ՎՏԲ-Հայաստան բանկից ստացել գումարը.

«Հեռախոսով դիմումը գրեցինք ու եկանք, ստացանք, 2 երեխա ունեմ, այլ ծրագրի չեմ դիմել»:

9-րդ միջոցառման շահառու  է  նաև միայնակ մայր Սուսաննա Վարդանյանը,  հիմնական աշխատանք չունի:  Աջակցությունը ստանում էր «Յունիբանկի» Արմավիրի մասնաճյուղից, որի մասին տեղեկացել էր հեռախոսային  հաղորդագրությամբ և շտապել բանկ.

«Մի աղջիկ ունեմ՝ անչափահաս, օրավարձով աշխատող եմ: Հիմա, էս պահին ոչ մի տեղ աշխատանք չկա, չեն համարձակվում աշխատանքի կանչել:  Դե, մինչև էդ՝ խանութում էի աշխատում, հիմա իմ տարիքին համապատասխան աշխատանք չկա»:

Ինչպե՞ս է վերահսկվում քաղաքացիների մուտքը բանկեր, ինչպե՞ս են սպասարկում, «Յունիբանկի» և «ՎՏԲ Հայաստան» բանկերի Արմավիրի մասնաճյուղերում։ Ինձ մերժեցին եւ բանկ մուտքը եւ հարցազրույց տալու խնդրանքս:

Կորոնավիրուսի 8-րդ միջոցառումը դրամային միանվագ աջակցություն է տրամադրում տուժած ոլորտների՝   հյուրանոցների, հյուրատների, հանրային սննդի, զբոսաշրջային ծառայությունների, վարսավիրանոցների, մանրածախ առևտի կետերի, երթուղային տրանսպորտի, մարզական ակումբների այն վարձու աշխատողներին կամ անհատ ձեռներեցներին, որոնք 2020թ մարտի 13-ից մարտի 30- ը չեն աշխատել: Նաիրա Գրիգորյանը վարսավիր է, կորոնավիրուսով պայմանավորված տուժած ոլորտի աշխատակից.

«Ճիշտն ասած դիմումը ես ինքս չեմ տվել, իմ ղեկավարն է տվել, դրա հիման վրա ստանում ենք: Գրանցված 4 աշխատող կա վարսավիրանոցում: Ես ստանալու եմ 18000 դրամ, քանի որ փետրվար ամսին եմ գրանցվել և չեմ դիմել այլ ծրագրով որպես 2 երեխա ունեցող ծնող»:

Գրանցված աշխատանք ունեցող ծնողը բնականաբար կմերժվեր 9-րդ ծրագրին դիմելիս, բայց  տրամադրված օգնությունն էլ չստացավ, անձնագրի վավերականության ժամկետն էր լրացել: Վարակի տարածման պատճառով տնից դուրս չի եկել, հիմա ստիպված է դիմել անձնագրային բաժին.

«Դիմելու եմ, ուղղակի, որ կարանտին է, մի քիչ վախենում ենք տանից դուրս գանք: Մտածում էի, որ անձնագիր չունեմ, հնարավոր է սոցիալական քարտով: Փաստորեն սոցիալական քարտը չի համարվում անձը հաստատող փաստաթուղթ»:

8-րդ միջոցառման շահառու անհատ ձեռներեցներին աջակցություն տրամադրվում է 2019թ  4-րդ եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով.

«Դալարիկից ենք, փոքր կրպակ ունենք,փաստաթղթեր ենք պատճենահանում, գրենական պիտույքներ վաճառում, հիմա ստանալու ենք 136 հազար դրամ»:

Անհատ ձեռներեց  Վարդգես Միրզախանյանը Արմավիրի շուկայում մարզական  հագուստ, մարզական  կոշիկներ և հողաթափեր էր  վաճառում: Շուկան փակ է, նա տևական ժամանակ չի աշխատում, տնից այս ընթացքում առաջին անգամ էր դուրս եկել.

«Կողմ եմ, որ բոլորը հետևեն պարետատան բոլոր հրահանգներին»:

Այցելածս բանկերից միայն Հայէկոնոմբանկի  Արմավիրի մասնաճյուղում էին քաղաքացիները պահպանում սոցիալական հեռավորությունը` առանց կուտակվելու մտնում բանկ:

Back to top button