ԿարևորՔաղաքական

Բանակցային սեղանին դրված փաստաթուղթ չկա. ԱԺ- ում հավատում են ոչ թե Ռուսաստանի, այլ սեփական երկրի արտգործնախարարին

Երեկվանից չեն դադարում խոսակցություններն, թե կա՞ բանակցային սեղանին դրված փաստաթուղթ, կամ որքանո՞վ է իրականությանը համապատասխանում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը` խնդրի փուլային տարբերակով լուծման մասին։ Այսօր որոշ հստակեցումներ ու հարցադրումներ են արել ԱԺ պատգամավորները։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ղարաբաղյան գործընթացի մասին արված հայտարարությունը նոր հարցեր է առաջացնում, մասնավորապես՝ կա՞ բանակցային սեղանին դրված փաստաթուղթ, թե՞ ոչ։ Լավրովի հայտարարությունից հասկացվում է, որ կա փաստաթուղթ եւ որ կարգավորումն ընթանում է փուլային տարբերակով։

Այս հայտարարությանը հանգամանորեն պատասխանեց Հայաստանի նրա պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանը` զիջումներ չեն եղել ու չեն լինելու։

 «Ղարաբաղյան բանակցություններում որևէ հայկական կողմ նույնիսկ չի կարող ենթադրել, որ հնարավոր է վերանայել պաշտպանական գծերը՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը»,– բացատրում է ՀՀ ԱԳ նախարարը։ 

Ըստ նրա` 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ` կողմերի մոտեցումների քննարկման գնահատման վերաբերյալ եւ 2014 թվականի առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ, ասում է Մնացականյանը։

Ըստ նրա` հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային, գերակա տարր է, ինչը կոչվել է «անվտանգություն և ստատուս»։ Բաց կերպով նախարարը հստակեցրեց, որ ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում։

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ու լիիրավ ընդգրկվածության արցախյան հարցի բանակցությունները որևէ արդյունավետ հանգրվանի չեն հասնի:

Տեսակոնֆերանսի միջոցով Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների քննարկման առնչությամբ եւս եզրահանգում կա։  Ըստ  Արայիկ Հարությունյանի՝ «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խուսափել հակամարտության իրական կողմի հետ ուղիղ բանակցություններից»։

Ֆեյսբուքյան իր էջում նա շեշտում է.

 «Պետք է հստակ երաշխիքներով բացառվեն հակամարտության կարգավորման գործընթացում ուժի ու դրա սպառնալիքի կիրառման փորձերը, քանի որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրելու։ Այլապես Արցախի Հանրապետությունը պատրաստ է անհամաչափ հակահարված տալու նախահարձակ Ադրբեջանին՝ ռազմական գործողությունները նաև տեղափոխելով նրա տարածք»,–ասում է Հարությունյանը։

Արցախի խնդիրը պետք է որոշի Արցախի ժողովուրդը, ի պատասխան Լավրովի հայտարարության ասում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը․

«Հարցի լուծումը դրա չլուծման մեջ է։ Փաստաթղթերը բանակցելու համար են, լավ սկզբունքներ թող լինի»։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի կարծիքով՝ այսօր առկա հակասությունները չեն փարատվում:

«Հստակ պարզաբանումներ են  պետք, որ ասեն փաստաթուղթ չկա ու տարածքների հարց չի քննարկվում»։

Որևէ փաստաթուղթ չկա` վստահեցնում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը․

«Ես կարծում եմ՝ երկու պնդումները՝ այն, ինչ Ադրբեջանը դիտարկում է որպես տարածքներ, մենք դիտարկում ենք որպես անվտանգություն, եւ Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ: Չեմ կարծում, որ հիմա պետք է մեկնաբանեմ, թե ինչու է այս կամ այն հայտարարությունն անում այս կամ այն երկրի պաշտոնյան։ Ես ասում եմ իրականությունը, հղում եմ անում ՀՀ ԱԳ նախարարին, նա երեկ առավել քան հստակ, առավել քան պարզ ներկայացրել է իրավիճակը, ՀՀ դիրքորոշումը»,- ասում է Ռուբինյանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն անդրադառնալով ասում է, որ չի պատկերացնում, որ ՀՀ-ում կարող է լինել իշխանություն, որը կգնա զիջումների.

 «ՀՀ արտգործնախարարը հերքեց, թե սեղանին որեւէ փաստաթուղթ է դրված, հետեւաբար հարց է առաջանում՝ որ արտգործնախարարին հավատալ: Ես հավատում եմ ՀՀ արտգոծնախարարին»,- նշում է Մարուքյանը:

Կարծիքներ են հնչում նաեւ թե Մոսկվայից հնչած հայտարարությունը գուցե պայմանավորված է ռուս–թուրքական հարաբերություններով։ Մեկնաբանությունները շատ տարբեր են, կասկածները՝ նույնպես։ Հայկական կողմը, սակայն, հստակեցնում է`բանակցության սեղանին որեւէ փաստաթուղթ  դրված չէ։

Back to top button