ԿարևորՀասարակություն

Վերջ է դրվում նախկին գերշահութաբեր «բիզնեսին»

Մոտ ապագայում վերանայվելու է գերշահութաբեր այն ոլորտը, որը տարիներ շարունակ  միլիարդավոր դրամների շահույթ էր ապահովում նախկին իշխանությանը մերձ շրջապատին, իսկ Երևանի քաղաքապետարանին փոխանցվելուց հետո դարձավ վարկային բեռ և քրեական գործի առարկա: Խոսքը կարմիր գծերի մասին է, որոնց «կյանքի» ժամկետը կրճատվում է:

Առավելագույնը 1.5 տարուց Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում կայանման «կարմիր գծեր» այլևս չեն լինի: Դրանք առայժմ կպահպանվեն Կենտրոն և Արաբկիր համայնքների որոշ հատվածներում, սակայն հետագայում դա նույնպես կարող է վերանայվել: 

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյան, նրա հարազատները կամ նախկին իշխանությանը մոտ կանգնած անձինք. այս երեք ուղղությամբ են ամենաշատը կապել Երևանում կայանման կարմիր գծերի՝ բազմիցս քննադատված համակարգի ներդնումը և տնօրինումը, մինչ այն պահը, երբ այն անցավ Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ:  Իրականում գերշահութաբեր ոլորտը քաղաքապետարանի համար դարձավ բեռ և քրեական գործի հիմք: Պատճառները կարելի է գտնել գլխավոր դատախազության անցյալ տարվա հաղորդագրություններից մեկում:

Պարզվում է, 2016-ին, երբ «Փարքինգ Սիթի Սերվիսի» և քաղաքապետարանի միջև պայմանագիր էր կնքվում «կարմիր գծերը» տնօրինելու իրավունքները փոխանցելու համար՝ պայմանագրի խախտումներով, քաղաքային իշխանությունների վրա ընկերությունը «գցեց» նաև իր վարկային պարտավորությունները: Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Սիփան Փաշինյանը մեկ տարի առաջ սկսեցին աշխատել քաղաքապետարանի հետ՝ «կարմիր գծերի» խնդիր հասկանալու և լուծելու համար: Պարտքերի մասին տեղեկությունը հաստատում է նաև Սիսակ Գաբրիելյանը:

«Տարիներ առաջ, երբ այդ ընկերությունը փոխանցվել է մի քանի միլիարդ դրամ վարկ կար: Քրեական գործ կար մի քանի ամիս առաջ, երբ հանդիպում էին, այդ վարկի սպասարկմանը դեռ մի քանի ամիս մնացել է և դրանից հետո քաղաքային իշխանությունը կորոշի՝ այդ կամիր գծերը մեզ պե՞տք են, թե՞ ոչ»,- ասաց Գաբրիելյանը:

Սա հետագայի խնդիր է, որն առնչվելու է երկու համայնքների՝ Կենտրոնի և Արաբկիրի դեռևս պահպանվող «կարմիր գծեր»-ին: Երևանում այժմ գործող «կամիր գծերի» 80 տոկոսը մոտ ապագայում դադարելու է գործել, նախատեսվում է ազատ կայանում:

Իմքայլական պատգամավորների կողմից նախաձեռնությունը այս շաբաթ դրվելու է շրջանառության մեջ, այն մշակվել է քաղաքային իշխանությունների հետ խորհրդակցության արդյունքում: Օրենսդրական նման նախաձեռնության համար հիմք են հանդիսացել վարչական դատարանի որոշումները՝ պարզաբանում է պատգամավորը.    

«Շրջիկ մեքենաների միջոցով, երկու նկար էր լինում և բողոքարկում էին այդ ակտերը և բեկանվում էին: Վարչարարություն կարող է իրականացվել բացառապես տեսանյութի առկայության դեպքում՝ առնվազն 15 րոպե տևողությամբ»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Սակագնային որևէ փոփոխություն՝ մնացող «կարմիր գծերի» պարագայում նախագծով չի նախատեսվում: Փոխարենը` լուծվելու են «կարմիր գծերում» մշտապես կայանած մնացող առանց պետհամարանիշերի կամ փակված պետհամարանիշերով մեքենաների հարցը, վստահեցնում է Սիսակ Գաբրիելյանը:  

«Քաղաքացիների դժգոհությունը տեղին է երկարաժամկետ կայանած մեքենաների առնչությամբ: Կենտրոնում` հատկապես բանուկ հատվածներում, անհասկանալի մեքենաներ, փակ պետհամարանիշներով, կցորդի տեսքով մշտապես եղել են:  Մենք հիմա ավագանուն տալիս ենք լիազորություն փակ համարներով մեքենաների կայանումն արգելել: Վաճառքի և վարձույթով մեքենաների համար առանձին կայանատեղիներ կնախատեսվեն և տարբեր սակագներ։ Այդ մեքենաները կտարհանվեն հատուկ պահպանվող տարածք: Այո, արդարացի է ձեր բողոքը: Եթե փակել է համարը, ուրեմն չի վճարել, բայց ինքը կայանել է, իսկ դուք՝ ոչ»,- նշեց պատգամավորը:

Ավտովարորդներին հետաքրքրող ևս մեկ փոփոխությունը կապված է տարեկան վարձավճարի հետ: Նախկինում՝ անկախ նրանից, թե որ ամսին էր վճարվում տարեկան կայանման 12 հազար դրամը, այն ուժի մեջ էր մնում մինչև տարեվերջ: Դա կարող էր լինել ընդամենը մի քանի ամիս: Ըստ նախագծի՝ մեկ տարվա վճարումը գործելու է վճարման պահից ուղիղ մեկ տարի ժամկետով:

Նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո առաջին ընթերցման կարող է հասնել 1.5 ամսվա ընթացքում, իսկ վերջնական օրենքի ուժ կարող է ստանալ աշնանը: Սա առավելագույն ժամկետն է` ըստ պատգամավորների:

Back to top button