ԿարևորՀասարակություն

Ռուսատանից Հայաստան առաջին հերթին կտեղափոխվեն հղի կանայք, տարեցներն ու կացարան չունեցողները

Նախորդ օրերին Կրասնոդարից ու Ռոստովից հաջողվել է Հայաստան տեղափոխել մեր հայրենակիցներին, սակայն Մոսկվայից առայժմ չի հաջողվում։ Պատկան մարմինները, սակայն, վստահեցում են՝ Մոսկվայից չվերթ կիրականացվի առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում։

Երեկվանից սոցիալական ցանցերում կադրեր են տարածվում, թե ինչպես են հայերին դուրս հանում Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից։ Մոտավորապես 150 հայեր այստեղ սպասում էին, թե ե՞րբ հնարավորություն կտրվի իրենց վերադառնալ Հայաստան։ Ռուսաստանում հայերի միության համանախագահ Դավիթ Տոնոյանը կատարվածը  բացատրում է  արտակարգ իրադրության կանոնների չհետևելու հայերի քայլերով։ 

«Այո, տեղյակ եմ ինչ էր տեղի ունեցել։ Նրանց ապրիլի 13-ին ասվել էր, որ առաջիկա երկու շաբաթը թռիչք չի լինելու, բայց նրանք շարունակում էին գիշերել օդանավակայանում։ Նրանք չեն պահպանում կարանտինային օրենքները։ Երեկ ախտահանման աշխատանքներ պետք է իրականացվեին ու դրա համար ստիպված դուրս են հանել, որ կարողանան գործ անել»,- ասաց Տոնոյանը։

Կատարվածին անդրադարձավ նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։ Նա  ևս մեկ անգամ հորդորում է Հայաստան վերադառնալ ցանկացող բոլոր հայերին՝ կապ պահպանել տվյալ երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։

«Պատճառն այն է, որ նրանք չեն հետևում այդ երկրում գործող կանոններին»։

Նա հորդորում է ՀՀ քաղաքացիներին հետևել այդ երկրում գործող կանոններին, կրել դիմակներ, չմնալ օդանավակայանում, եթե չվերթներ նախատեսված չեն։

Դավիթ Տոնոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցրեց, որ բոլոր հայերը Մոսկվայում ապահովված են ժամանակավոր կացարաններով, ասաց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան հետ աշխատում են համագործակցաբար։ Հայերի մի մասը հարազատների տներում է, մյուսներն իրենց տներում, իսկ ովքեր տուն չունեն՝ ժամանակավոր  կացարաններում են։

Եվ ՀՀ փոխարտգործնախարարը, և Ռուսաստանի հայերի միության համանախագահը վստահեցնում են, որ առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում չվերթ կիրականացվի Մոսկվայից Երևան, առաջնահերթ ցուցակագրված են 260- ը՝ հղի կանայք, տարեցներ,  կացարան չունեցողներ, կամ կիսված ընտանիքներ` այսինքն ընտանիքի մի մասը Մոսկվայում է, մի մասը՝ Երևանում։

«Առաջնահերթ 260 է, բայց թեժ գծին ցուցակագրված է 3000 ՀՀ քաղաքացի»։

Փոխարտգործնախարար Ավետ Ադոնցն էլ իրազեկում է, որ արտակարգ դրության պայմաններում մոտավորապես ՀՀ 22000 քաղաքացիներ են աշխարհի տարբեր երկրներից տեղափոխվել Հայաստան, ևս 1283-ը ցուցակագրված են տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում ու սպասում են հայրենիք վերադարձի իրենց հերթին։

Սակայն չվերթները կազմակերպվում են նաև հաշվի առնելով, որ վերադարձողներին Հայաստանում 14 օրյա մեկուսացում է սպասվում։

Back to top button