ԿարևորՏնտեսական

Մինչեւ 1 մլն դրամ անտոկոս գյուղվարկի 1112 հայտ է բավարարվել

Կորոնավիրուսի հետևանքով գյուղատնտեսության ոլորտում եղած ռիսկերից հնարավորինս քիչ տուժելու համար կառավարությունը գյուղատնտեսներին առաջարկում է օգտվել անտոկոս վարկերի ծրագրերից։

Գյուղատնտեսության ոլորտում գործում են 9 ուղղություններով թիրախային աջակցության ծրագրեր։ Միջոցառումները շարունակվում են։ Այդ թվում են նաեւ ֆիզիկական անձանց տրվող անտոկոս միկրովարկերը։ Մինչեւ 1 մլն դրամ անտոկոս վարկերից օգտվելու համար, օրինակ, այս պահին դիմում ներկայացրածներից բավարարվել է 1112 հայտ։ Այս մասին այսօր «Ռադիոլուր»-ին փոխանցել է էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։

Կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսական թիրախային աջակցության ծրագրերը միտված են չեզոքացնելու կորոնավիրուսի տնտեսական հետևանքները։ Գյուղացիները, որոնք բարվոք վարկային և հարկային պատմություն ունեն, կարող են օգտվել ոլորտին հատկացվող վարկային ծրագրերից։

Բոլորը չէ, սակայն, որ ցանկություն ունեն օգտվելու առաջարկից։ Ոմանք դառը փորձից ելնելով չեն համարձակվում՝ վարկային վատ պատմություն ունեն։

«Վերցրել եմ, հողս մշակել եմ, հիմա չեմ կարողանում վերադարձնել։ Ընկել եմ «սև ցուցակ» ոչ էլ վարկ են տալիս»,- ասում է մեր զրուցակիցը։    

Չնայած դրա, գրեթե բոլորն են համոզված՝ ցանկացած աջակցություն գյուղատնտեսության մեջ կարևոր է։ Այսպես են համոզված հատկապես նրանք, ովքեր նախկինում հաջողակ վարկառու են եղել, իսկ այսօր արդեն զրո տոկոս վարկավորման շահառու են կամ պատրաստվում են օգտվել առաջարկված ծրագրերից․ «Վարկը մեզ պետք է սերմեր վերցնելու, դիզվառելիք առնելու համար, որ տեխնիկաները աշխատեն։ Վարկը մեզ նաև պետք է, որ կաթիլային խողովակներ գնենք՝ պամիդորի մշակման համար»։ 

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում ջերմոցներ ունեցողները շատ են։ Դա, սակայն, չի խանգարում  Վարդան Մկրտչյանին, վստահորեն նայելով ապագային, ընդլայնել իր ջերմոցային տնտեսությունը։ Նա մեկն է նրանցից, որ դիմել էր գյուղատնտեսական վարկ ստանալու համար։ Վարկը հաստատվել է։ Նա շահառու է ու արդեն անցել է աշխատանքի՝ իրականցնում է վաղուց պլանավորած ծրագիրը՝ ընլայնում է ջերմոցը։  

«Մեքենաները ջերմոցի համար արդեն գրունտ են տանում»,-Վարդանն ասում է, որ 2018-ին օգտվել է պետական սուբսիդավորմամբ 5 տոկոսանոց վարկից, իսկ հիմա էլ օգտվում է կորոնավիրուսի հետևանքները վերացնելու համար առաջարկվող պետական աջակցության 0 տոկոսանոց վարկից։

Զրո տոկոսանոց վարկերից օգտվելու համար դիմածներից այս պահի դրությամբ արդեն հաստատվել է 1112 հայտ։ Այս մասին մեզ փոխանցեց ՀՀ էկոնոմիակայի նախարարության մամուլի պատասխանատու Աննա Օհանյանը։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների վերացման համար գյուղատնտեսական ինը ուղղություններով աջակցության կառավարության ծրագրերով վարկերի տոկոսագումարը վճարում է պետությունը, մայր գումարը՝ գյուղացին։ Տրվում են նաև արտոնյալ ժամկետներ՝ մայր գումարի վճարները կատարելու համար։ Միկրովարկերի դեպքում, որոնք մինչեւ 1 մլն դրամ արժողությամբ վարկեր են, սահմանվել է զրո տոկոսադրույք եւ 9 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ, այսինքն՝ այդ ամիսների ընթացքում մայր գումարի մարում չի պահանջվում։

Հենց այդ արտոնյալ ժամկետում գյուղացիները կարող են զրո տոկոսանոց վարկեր վերցնել, ներդնել իրենց փոքր տնտեսության մեջ, իսկ մարումները սկսել 9 ամիս անց, երբ կարող են արդեն բերքը վաճառած լինել։

Գյուղացիներից ոմանց մոտ, սակայն, մտավախություն, այնուամենայնիվ, կա՝ բերքի իրացման առումով․ «Անտոկոս էլ չեմ ուզում։ Երևի  մի միլիոն ու կես վարկ ունեմ, գնամ ասեմ՝ ինձ մի միլիոն տուր, էս  էլ (բերքը) չծախվավ, ինձ կտա՞  նորից մի միլիոն»։

Գյուղոլորտի պատասխանատուները, սակայն, հիշեցնում են, որ միկրովարկերի մարման ժամկետը մինչեւ երկու տարի է։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշում է նաև գյուղատնտեսական միկրովարկերի տոկոսային հարաբերության մասին՝ գործող գյուղատնտեսական աջակցության ընհանուր ծրագրերի մեջ․

«Քանակով միկրովարկերը մոտավորապես կազմում են 50 տոկոսից ավել՝ մինչև մեկ միլիոն դրամանոց վարկերը, իսկ գումարային թվով արտահայտված՝ մոտավորապես 25 տոկոսի կարգի»,- ասաց Գաբրիելյանը։

Բացի անտոկոս վարկերից, գյուղատնտեսական աջակցության ծրագրով նաև առաջարկվում է վարկերի տոկոսադրույքների համաֆինանսավորում։ Եթե ծրագրերի կիրառման ժամանակ նկատվեն ինչ-որ խնդիրներ, ապա պատասխանատուները պատրաստ են այդ բոլոր հարցերին ու խնդիրներին ականջալուր լինել։ Եթե նպատակահարմար գտնեն՝ կփոփոխեն ծրագրերը։ Այս մասին, կորոնավիրուսի հետեւանքները վերացնելու համար գյուղոլորտին ուղղված կառավարության աջակցության ծրագրերը ներկայացնելիս, ասուլիսներից մեկի ժամանակ վստահեցրել էր նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Back to top button