ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսի պատճառով վտանգվել է նաև աուտիզմով երեխաների խնամքը

Կորոնավիրուսի համաճարակի բացասական հետևանքներն այսօր ուղղակիորեն կրում են նաև ուսումնական ու կրթական տարբեր կենտրոններ, այդ թվում՝ այնպիսիք, որոնք զբաղվում են հատկապես կրթության առանձնահատուկ  պայմանների կարիք ունեցող երեխաներով։

Ռադիոլուրին է դիմել Երևանում գործող նման կենտրոններից մեկը՝ ահազանգով․ «Երբ բոլորը հավասար են» սոցիալական հասարակական կազմակերպության ուսումնական կենտրոնը հարկադիր պարապուրդի արդյունքում ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել, ինչը կարող է բերել նաև կենտրոնի փակմանը։ «Ռադիոլուրին» ահազանգած ծնողները վստահեցնում են՝ դա ողբերգություն կլինի իրենց և իրենց երեխաների համար։  

Կորոնավիրուսի դեմ պայքարում հատկապես կարեւորվում է սոցիալական հեռավորությունը։ Այսինքն` պետք է անել ճիշտ հակառակը, ինչը անում են Աուտիզմով երեխաներով զբաղվող հաստատությունները։ Նրանց խնդիրն է իրենց խնամակալ երեխաներին հնարավորինս ներառել հասարակության մեջ։ Ու ահա նման կենտրոններն են, որ այսօր պարապուրդի են մատնված, իսկ աուտիզմով երեխաներն էլ կորոնավիրուսից պաշտպանվելու համար տներում են փակված։

Հատկապես այս երեխաները եւ նրանցով զբաղվողներն են, որոնք այսօր լուրջ խնդիրների առաջ են կանգնած։

Դրանցից է նաեւ Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում գործող «Երբ  բոլորը հավասար են» սոցիալական հասարակական կազմակերպության ուսումնական կենտրոնը։ Նրա գոյությունն այսօր հարցականի տակ է, քանի որ վերջինի ֆինանսական աղբյուրը  միայն ծնողական համայնքի ներդրումներն էին։ Վերջինները, սակայն,  անվճարունակ են դարձել համավարակի հարկադիր պարապուրդի արդյունքում։ «Ռադիոլուրի» հետ զրույցում կենտրոն տնօրերն Արաքս Արաբյանը տեղեկացրեց․

«Ծնողներով ամսական որոշակի գումար էին հավաքում, որը տրամադրվում էր կենտրոնի ծախսերին՝ կոմունալ վճարումներ, աշխատավարձ և այլն»։

Համավարակի սոցիալական հետևանքների մեղմանն ուղղված կառավարության որևէ ծրագրով կենտրոնը չի կարող օժանդակություն ստանալ, քանի որ շահույթ չհետապնդող ՀԿ է, նշում է տնօրեն Արաքս Արաբյանը։ Բարձաձայնած խնդրով հետաքրքվել են վարչապետի տիկնոջ ՝ Աննա Հակոբյանի գրասենյակից։ Հույս ունեն, որ դրական որևէ լուծում կստանա խնդիրը։ Այս պահին կոնկրետ ինչպիսի օժանդակության կարիք ունի կենտրոնը, Արաքս Արաբյանը հստակեցնում է․

 «Սկզբնական շրջանում՝ մեկ-երկու ամսվա ծախսերի մարում, ինչը հնարավորություն կտա հունի մեջ ընկնել ու աշխատել, մինչև ծնողները հնարավորություն կունենան աշխատել ու ամեն ինչ կընթանա իր նախկին հունով»։

Աուտիզմ ունեցող 5.5 տարեկան երեխայի մայրը՝  Լիլիթ Սիմոնյանը նշեց, որ կարանտինի այս օրերին կենտրոնի աշխատանքի բացակայությունն արդեն նկատելի է երեխայի վարքագծում․

 «Դարձել է ավելի քմահաճ, չլսող։ Վախ կա, որ հետզարգացում կարող է տեղի ունենալ։ Որոշակի բաներ արդեն մոռանում է»։

Autism written on the wipe board

Անգամ չեմ ուզում պատկերացնել, թե ինչպիսի ծանր հետևանքների կարող է բերել  կենտրոնի աշխատանքի դադարը` «Ռադիոլուրի» հետ զրույցը նշեց երեխայի մայրը։ Նրա խոսքով՝ երեխայի առաջընթացը պայմանավորված է կենտրոնի  որդեգրած մեթոդով։

Տնօրեն  Արաքս Արաբյանի խոսքով ՝ կենտրոնը երկարաժամյա տարբերակով է երեխաների հետ աշխատում՝ հնարավորություն տալով ծնողին աշխատել։

Պաշտոնական տվյալներով՝ ամեն 20 րոպեն մեկ տեղի է ունենում աուտիզմի նոր ախտորոշում։ Աշխարհում յուրաքանչյուր 110 երեխայից 1-ի մոտ ախտորոշվում է աուտիզմ։ Ամեն տարի 10-17 տոկոսով աճում է աուտիզմ ունեցողների թիվը։ Աշխարհում աուտիզմ ախտորոշումն ունեցող մարդկանց թիվը հասնում է 67 միլիոնի։

Հայաստանում վիճակագրական հստակ տվյալներ չկան, սակայն, ըստ հաշվառվածների, աուտիզմ ունեցողների թիվը հասնում է մոտ 1000-ի։ 1980-ականներից աուտիզմը կտրուկ աճեց՝ պայմանավորված այդ խնդրով մասնագետին դիմելու հաճախությամբ։ Եթե նախկինում նախընտրում էին նման առանձնահատկություններով երեխաներին թաքցնել բոլորից` էլ ավելի խորացնելով սոցիումին չմերվելու նրանց միտումը, այսօր ծնողները գնալով ավելի հաճախակի են դիմում մասնագետներին։

Back to top button