ԿարևորՔաղաքական

Զիջումներ չեն եղել ու չեն լինելու. Զոհրաբ Մնացականյան

2014 թ.-ին առաջարկված փաստաթուղթն այսօր բանակցային սեղանին չէ, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ի պատասխան ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության, ըստ որի ակտիվորեն քննարկվում է հակամարտության կարգավորման փուլային տարբերակը:

«Այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը աշխատել է առավել քան թափանցիկ։ Մեր դիրքորոշումներն ու մոտեցումները հայտնել ենք շատ պարզ ձևով», — ասել է արտգործնախարարը:

Ըստ նրա՝ Սերգեյ Լավրովի մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի։

«Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014, 2016 թվականին, և այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018 թ.-ից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցումների քննարկման, գնահատման վերաբերյալ: 2014 թ. առաջարկված տարբերակն այսօր բանակցային սեղանին չէ»,- նշել է Մնացականյանը։

Ըստ նրա՝ հայկական կողմերի համար գերակայություն է անվտանգության բաղադրիչը, և տարածքները նախ և առաջ անվտանգության գոտի են ու պաշտպանական գծեր:

«Հայկական կողմերը երբեք չեն կարող ենթադրել, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը։ Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը։

Ըստ արտգործնախարարի՝ ինքնորոշման սկզբունքը առաջնային և գերակա տարրն է հայկական կողմերի համար այս բանակցային գործընթացում։ 

«Ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է կարգավիճակի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունք՝ առանց սահմանափակումների: Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով։ Զիջումներ չեն եղել ու չեն լինելու։ Հայկական կողմերը որևէ դեպքում չեն ստանձնելու որևէ նման մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում և սպառնալիք Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, առավել ևս այն պայմաններում, երբ այդ սպառնալիքը մնում է ռեալ»,- նշել է արտգործնախարարը:

Նա շեշտել է, որ փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են լիարժեք արտահայտություն անվտանգության ու կարգավիճակի տարրերի։

«Սա եղել և մնում է հայկական կողմի մոտեցումը։ Սրա մասին մենք խոսում ենք բանակցությունների ժամանակ։ Եթե որևէ մեկը ենթադրում է, թե մենք կարող ենք բանակցությունների ընթացքում խոսել մի բան, և ժողովրդին ներկայացնել մեկ այլ բան, խորապես սխալվում է: Նման բան չի եղել և չի լինելու»,- հայտարարել է Մնացականյանը։

Մնացականյանը նշել է, որ Հայաստանը իր պատասխանատվությունն է կրում և ամբողջովին ներգրավված է բանակցային գործընթացում և իր մասով ամբողջովին տանելու է այդ գործը: Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ հայաստանյան իշխանությունները չունեն մանդատ Արցախի ժողովրդից:

«Վերջերս Արցախի իշխանությունները ստացան համապատասխան մանդատը մրցակցային, ազատ, ժողովրդական ընտրությունների միջոցով: Վերջին երկու տարիների ընթացքում հայաստանյան կողմը մշտապես աշխատել է, խորհրդակցել է արցախյան կողմի հետ: Եվ այն ամենը, ինչի մասին ես խոսում եմ, մանրամասնորեն քննարկվել է արցախյան կողմի հետ, և նույնը շարունակվելու է նոր իշխանությունների հետ»,- շեշտել է Զոհրաբ Մնացականյանը։

Նա ընդգծել է, որ որևէ որոշում, որը վերաբերում է Արցախի ժողովրդին չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի: 

Back to top button