ԿարևորՄիջազգային

Պեկին-Վաշինգտոն կորոնավիրուսային առճակատում․ ինչպե՞ս կփոխվի աշխարհը

Վերջին երկու շաբաթներին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք  ակտիվ քայլեր են ձեռնարկում կորոնավիրուսի համավարակի հետ կապված Չինաստանին մեղադրանքներ առաջադրելու ուղղությամբ։ Պեկինը մեղադրվում է համավարակի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու, իսկ երբեմն՝ բացահայտ կեղծ տեղեկատվություն տրամադրելու մեջ։ Վերջին շաբաթվա ընթացքում Վաշինգտոնի այս քաղաքականությանը միացել են նաև նրա արևմտյան դաշնակիցները։ Այժմ արդեն  Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրալիան ու Մեծ Բրիտանիան հրապարակավ հայտարարում են, որ մի շարք հարցեր ունեն Չինաստանին՝ Ուհանում անցած տարեվերջին ի հայտ եկած նոր կորոնավիրուսի, դրա ծագման ու տարածման վերաբերյալ:

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Հերդ Մյուլլերը Պեկինին կորոնավիրուսի հարցում լիարժեք բաց լինելու կոչով է դիմել՝  նշելով, որ Չինաստանի իշխանությունները պետք է պարզաբանեն COVID-19-ի ի հայտ գալու հանգամանքները։ Ավստրալիան արտգործնախարարի մակարդակով է նմանատիպ կոչ արել՝ մատնացույց անելով վարակի ծագման պատճառները բացահայտելու անհրաժեշտությունը։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը՝ կորոնավիրուսի վարակը հաղթահարած վարչապետ Բորիս Ջոնսոնի անունից  հայտարարել է․ «Ակնհայտ է, որ մենք չենք կարող նախկինի պես աշխատել Չինաստանի հետ և ճգնաժամից հետո Պեկինը պետք է մի շարք դժվարին հարցերի պատասխան տա,  մասնավորապես` ինչպե՞ս է ծագել այս վիրուսը, և հնարավոր չէ՞ր արդյոք այն ավելի վաղ կանխարգելել»:

Ֆրանսիայի նախագահը նույնպես  կասկածի տակ է դրել պաշտոնական Պեկինից հնչող հայտարարությունները: «Միամտություն կլիներ կարծել, թե Չինաստանը Արևմուտքից ավելի արդյունավետ է պայքարել վիրուսի դեմ,- ասել է Էմանյուել Մակրոնը, հավելելով,- ակնհայտ է, որ այնտեղ տեղի են ունեցել բաներ, որոնց մասին մենք չգիտենք»:

Պեկինը, իհարկե, հերքում է մեղադրանքները։ Չինաստանի իշխանությունները  բազմիցս ասել են, որ առաջին իսկ օրվանից  բաց ու թափանցիկ են աշխատել միջազգային հանրության  հետ։ Արևմուտքից հնչող մեղադրանքները Չինաստանի ղեկավար  Սի Ծինփինը քննարկել է Ռուսաստանի նախագահի հետ: Վլադիմիր Պուտինը փաստել է․ «Որոշ մարդիկ պարզապես ցանկանում են  վարկաբեկել Պեկինը»:

Մեկնաբանելով ԱՄՆ — Չինաստան  կորոնավիրուսի պայմաններում էլ ավելի սրվող դիմակայությունը  Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն  Բենիամին Պողոսյանը  հիշեցնում է․ Վաշինգտոն-Պեկին  հարաբերությունները հակամարտայինի էին կերպափոխվել մի քանի տարի առաջ։ Դրա հիմանական պատճառնը Վաշինգտոնի անհանգստությունն է, որ Չինաստանը կարող է նախ՝ Ասիայում ԱՄՆ-ին փոխարինել որպես գերիշխող ուժի, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ մինչև 21-րդ դարի կեսերը դառնալ աշխարհի թիվ մեկ տերություն։ Եվ ԱՄՆ կանի ամեն ինչ իր դաշնակիցներին հակաչինական պայքարի մեջ ներգրավելու համար։ Բայց, քաղաքագետի խոսքով, Չինաստանի հետ սերտացող տնտեսական կապեր ունեցող Վաշինգտոնի դաշնակիցները չեն գնա Պեկինի հետ բացահայտ առճակատման ճանապարհով։

«Ամենայն հավանականությամբ՝ մենք ականատես կլինենք մի իրավիճակի, երբ Պեկինի և Վաշինգտոնի դաշնակից խաղացողները կփորձեն հնարավորինս հավասարակշռություն պահպանել Չինաստանի և Միացալ Նահանգների միջև՝ չվերածվելով  այդ երկու հզորացող բևեռերից որևէ մեկի կրտսեր գործընկերոջ կամ կցորդի։ Սա  առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին, որը Արևմուտքի հետ հակադրությունների պատճառով վերջին տարիներին ակտիվորեն խորացնում  է իր ռազմավարական գործընկերությունը Չինաստանի հետ։ Միաժամանակ Ռուսաստանը չի ցանկանում վերածվել Չինաստանի կրտսեր գործընկերոջ  և քայլեր կձեռնարկի ԵՄ ու  եվրոպական առանձին պետությունների հետ հարաբերությունների նորմալացում սկսելու համար՝ նվազեցնելու Չինաստանից իր կախումը։ Եվրոպական պետությունները ևս դժվար թե համաձայնեն ամբողջությամբ կախման մեջ լինել ԱՄՆ-ից և ընդգրկվել հակաչինական ճամբարում։ Նրանք ևս կարող են դիտարկել ՌԴ հետ հարաբերությունների նորմալացումը որպես հնարավորություն՝ Չինաստանի և ԱՄՆ միջև հավասարակշռություն պահպանելու համար»։

Քաղաքագետի խոսքով՝ առավել երկարաժամկետ հեռանկարում, եթե Պեկին-Վաշինգտոն ռազմավարական հակադրությունը  ավելի խորանա, և հարաբերությունները մրցակցայինից տեղափոխվեն բացահայտ թշնամության դաշտ, թերևս, հնարավոր է մենք վերադառնանք դասական  երկբևեռ աշխարհին։

«Այս դեպքում մնացած ուժերի,  ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև տարբերությունն այնքան մեծ կլինի, որ նրանց համար արդեն դժվար կլինի երկու պետությունների հետ հավասարակշիռ հարաբերություններ կառուցել ։ Այդ դեպքում կունենանք երկբևեռ աշխարհ՝  մի կողմից ԱՄՆ և աջակցող ուժեր (ԵՄ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, հնարավոր է նաև Հնդկաստան)։ Մյուս կողմից՝ Չինաստան և աջակցող տերություններ (Ռուսաստան, հնարավոր  է նաև Թուրքիա և Իրան)»։

Այս զարգացումները, Բենիամին Պողոսյանի խոսքով, իրենց հերթին կարող են բերել «ազդեցությունների գոտիներ» գաղափարի ընդունմանը բոլոր մեծ ու փոքր խաղացողների կողմից, երբ երկու խոշոր խաղացողներից  յուրաքանչյուրը  կունենա իր ազդեցության գոտին, և մյուսները քայլեր չեն ձեռնարկի այդ ազդեցության գոտում սեփական ներգրավման մեծացման ուղղությամբ։ 

«Եթե իրավիճակը զարգանա այս ուղղությամբ՝  Հարավային Կովկասը կդիտարկվի որպես Չինաստանի դաշնակից Ռուսաստանի ազդեցության գոտի՝ դրանից բխող հետևանքներով»։ 

Back to top button