ԿարևորՀասարակություն

Ում վրա այլևս չի տարածվի «թավիշը»

ԱԺ անցած լիագումար նիստի ընթացքում ընդունվել են հանրային հնչեղություն ունեցող մի շարք հարցեր, որոնցից կարևորագույնը խորհրդարանականները համարում են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին արդեն ընդունված օրենքը: Սա հեղափոխության տված խոստումներից մեկն են համարում: Այսօրվա ճեպազրույցները, սակայն, առնչվել են հանրային հնչեղություն ունեցող մի շարք այլ հարցերի հետ՝ հատկապես, երբ խորհրդարանական մեծամասնությունը որևէ հստակեցումներ այս փուլում չունի, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը ում վրա է ատարծվելու, երբ, ինչ մարմինների օգնությամբ:

Պատգամավորներն այսօր ավելի շատ խոսել են վարչապետի երեկվա հայտարարությունների մասին: Արդյո՞ք եկել է «թավիշից» հրաժարվելու ժամանակը և ինչ նոր զարգացումներ կարող են լինել:

Այն, ինչ տեղի է ունեցել վարչապետի ուղերձի ժամանակ առաջին հերթին տեղեկատվական անվտանգության խնդիր է, հետո նոր կարելի է դիտարկել ոչ պրոֆեսիոնալիզմի կամ «սաբոտաժի» հարցը: Խորհրդարանական մեծամասնությունը սպասում է, որ կարճ ժամանակահատվածում այդ ամենը կունենա հետևանքներ: Չեն բացառում՝ իրավասու անձանց կհրավիրեն խմբակցություն՝ խնդիրը քննարկելու համար:

Իսկ թե ում էին ուղղված վարչապետի երեկվա կոշտ «մեսիջները», Լիլիթ Մակունցը հստակեցնում է. 

«Այն ընթացքում, որ վարչապետը տեղյակ չէր, որ իրականում ուղիղ հեռարձակում է տեղի ունենում, կարող էր հնչել արտահայտություն, որ կարող էր լինել լրջագույն խնդիր զուտ անվտանգության տեսանկյունից: Վարչապետի ասածը վերաբերում է հենց այն անձանց, որոնք այս ընթացքում չեն օգտագործել այս ժամանակահատվածը և չեն փոխել, վերանայել իրենց մոտեցումները սեփական աշխատանքի նկատմամբ և պետությանը ծառայելու տեսանկյունից»:  

Եթե կատարվածը դատապարտելու առումով խորհրդարանական խմբակցությունները միասնական են, ապա պատասխանատուներին գտնելու և պատժելու հարցում կարծիքները տարբերվում են:

«Բարգավաճ Հայաստան»- ից Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` կատարվածի համար  պատասխանատվություն պետք է կրեն նաև վարչապետի աշխատակազմն ու մամուլի քարտուղարը, իսկ «Լուսավոր Հայաստան»- ից Էդմոն Մարուքյանը հիշեցնում է՝ Սերժ Սարգսյանի «3-րդ էշելոնի պաշտոնյաներից» ազատվելու մասին խոսել է դեռ մեկ տարի առաջ:

Մարուքյանը հատուկ նշում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի անունները: Այն նախարարներն են, ում ԼՀԿ-ն անվստահություն է հայտնել, և այն պաշտոնյաներն են, որոնք նախկին իշխանության ժամանակ կրկին աշխատել են կառավարության կազմում: Ու չնայած սրան՝ «լուսավորականները» կրկին կոշտ քայլերի կողմնակից չեն:

 «Նրանք, ովքեր կոչ են անում թավիշը դադարեցնել և բիրտ միջոցներ կիրառել, նրանք վարչապետի և գործող իշխանության թշնամիներն են, նրանք իշխանությանը տանում են կործանման: Նրանց այդ հայտարարությունները միտված են, որ իշխանությունը օրենքից շեղվի տարբեր իրավիճակներում և հանցագործություններ կատարի: Հաջորդ իսկ օրն այն մարդիկ, ովքեր պնդում էին, որ թավիշը դադարեցնեն, նրանք մեղադրելու են իշխանությանը հանցագործություն անելու մեջ: Հաջորդ իսկ օրը»,- նշեց Մարուքյանը։

Խորհրդարանական ընդդիմությունն այս փուլում գոհ չէ իշխանության ձեռնարկած քայլերից՝ կորոնավիրուսի պատճառով սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար: Սա այն դեպքում, երբ հաստատվել է աջակցության 14 ծրագիր:

Պնդում են, որ պետության մշակած ծրագրերը բարդ են, ինչի պատճառով շատ մարդիկ դուրս են մնում աջակցության ծրագրերից: ԼՀԿ-ում մատնանշում են միջազգային փորձը, երբ անհատույց օգնությունը տրվում է համախառն ներքին արդյունքի համամասնությամբ:

Սովորաբար այն տատանվում է տարբեր երկրների ՀՆԱ-ի 5-10 տոկոսի չափով: Այս հաշվարկի համաձայն «լուսավորականները» նշում են՝ օգնությունը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 0.84 տոկոսը, քանի որ դրա մի մասը կրկին վերադառնալու է պետությանը հարկերի տեսքով:

ԲՀԿ-ում շարունակում են խոսել հարկային արձակուրդների անհրաժեշտության մասին, օրավարձով աշխատողներին, տաքսիստներին և տարեցներին օգնության ծրագրերի մասին:

Անգամ խորհրդարանում շրջանառության մեջ են դրել նոր նախաձեռնություն:

Միքայել Մելքումյան. «Քիչ առաջ ես դրեցի շրջանառության մեջ մի օրենսդրական նախաձեռնություն, որը բոլոր տնտեսվարող սուբյեկտները սպասում են և վերաբերվելու է դրանց՝ մեծ մասամբ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին: Օրական հարկային պարտավորությունների չկատարման տույժերը 2 անգամ կիջնեն, դա կտարածվի այսօրվանից, եթե առաջիկա օրերին մեզ հաջողվի արտահերթ նիստ գումարել և ընդունել նախագիծը: Երկրորդը՝ դուք գիտեք, որ հարկային պարտավորություն չկատարելու համար  Պետեկամուտների կոմիտեն իրավասու է արգելադրում դնի տվյալ տնտեսվարող սուբյեկտի գույքի հաշիվների վրա  500 հազար դրամից ավելիի դեպքում: Հիմա մենք դա 3 անգամ բարձրացնում ենք՝ 1.5 միլիոն: Ասեմ, որ այս թիվը փոքր և միջին ձեռնարկությունների տարեկան շրջանառության 70 տոկոսն է կազմում»:

Մելքումյանը վստահեցնում է՝ ներկայացվածը կառավարության, Պետեկամուտների կոմիտեի և ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի հետ քննարկումների արդյունք է: Կա փոխհամաձայնություն և առաջին 3 օրվա ընթացքում զարգացումները կերևան:

Back to top button