ԿարևորՀասարակություն

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել և պաշտոնական հայտարարություն տարածել։

«Ինձ համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը, և անկեղծորեն վրդովված եմ գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից։ Ինքս տարիներ շարունակ ենթարկվել եմ նմանօրինակ մեդիագրոհների և հասկանում եմ` ինչ է նշանակում թիկունքին հասցրած հարվածը։ Ցավում եմ կատարվածի համար։ Երկրի համար կարևորագույն այս շրջանում, Հանրային հեռուստաընկերության զարգացման այս փուլում աններելի է նմանատիպ մեդիավանդալիզմը։ Ինքս եմ պատասխանատու եղել տվյալ շրջանում իրականացված բազմաթիվ հանրային միջոցառումների, տոնակատարությունների, արտակարգ միացումների համար, կիսել եմ իմ աշխատակիցների հետ շնորհակալության և գովեստի խոսքերը։ Հիմա էլ կիսում եմ կատարվածի պատասխանատվությունը՝ ներկայացնելով աշխատանքից ազատման իմ դիմումը»,– գրել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ իր ղեկավարության տարիներին Հանրային հեռուստաընկերությունում աննախադեպ փոփոխություններ են եղել․ եթերում սեփական արտադրանքի բազմակի ավելացում, վարկանիշի շարունակական բարձրացում՝ հատկապես վերջին երկու տարվա ընթացքում, գերժամանակակից թվային արխիվի հիմնում, տարածքների կապիտալ վերանորոգում ու բարեկարգում, հասարակական, կրթական, մշակութային ծրագրերի հանրահռչակում, հարյուրավոր հեռուստաֆիլմերի, տասնյակ նոր և նմանը չունեցող, գրական գործերի հիման վրա նկարահանված հեռուստասերիալների և հաղորդումների պատրաստում։ Դրանց վերաբերյալ բազմաթիվ դրական արձագանքներ ենք ստացել պետական ու հասարակական կառույցներից, հանրային ու քաղաքական գործիչներից։

«Իմ աշխատանքի գլխավոր արդյունքը իմ և Հանրայինի գործընկերներն են՝ ներսում և դրսում։ Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները հենց այս օրերին ապացուցեցին, որ մասնագիտական որակները, անկախ տեխնիկական թերություններից, գլխավորն են։ Ես շնորհակալություն եմ հայտնում Հանրայինի բոլոր աշխատակիցներին, իմ գործընկերներին՝ եթերին նվիրվելու համար։ Գիտեմ, որ այստեղ մնում են մարդիկ, որոնք անխափան իրագործելու են ծրագրերն ու նպատակները։ Այս յոթ տարիների ընթացքում մենք միասին բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել և վստահ եմ, որ եթերից հետևելու եմ, թե ինչպես են իմ գործընկերները շարունակում հայկական հեռուստատեսության լավագույն ավանդույթները և ձևավորում նորերը»,– գրել է Գրիգորյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանում գործող բոլոր լրատվամիջոցներին, ՀԿ-ներին, պետական ու միջազգային կազմակերպություններին համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև Հանրայինի աշխատանքի առողջ քննադատության համար։

«Այս օրերին ես համոզվեցի, որ հեռուստատեսային իրական պրոֆեսիոնալների կարծիքներն ու տեսակետները համընկնում են իմ անձնական կարծիքի հետ: Շնորհակալություն եմ հայտնում իմ անմիջական ղեկավարներին՝ դժվար օրերին օգնելու և խորհուրդներ տալու համար։ Իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում կարևորել եմ կայունությունը, սեփական կարծիք ունենալու և արտահայտելու իրավունքը, նախընտրել եմ քիչ խոսել ու շատ աշխատել։ Այս սկզբունքներն ինձ կուղեկցեն հաջորդիվ՝ նոր աշխատանքում նոր նախագծեր իրականացնելիս։ Առողջություն բոլորիս, կտեսնվենք»,– եզրափակել է նա։

Ապրիլի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեմայով ուղերձ հղեց ժողովրդին, իսկ ապրիլի 18-ին համացանցում հայտնվեցին ուղերձի նախապատրաստական փուլից մինչև ուղիղ եթեր մտնելու կադրերը։

Back to top button