ԿարևորՀասարակություն

Կառավարությունը կվճարի Շիրակի պետական համալսարանի 90 ուսանողի երկրորդ կիսամյակի ուսման վարձը

Արտակարգ դրության պատճառով ուսման վճարի և ավարտական քննությունների կազմակերպման խնդրի առաջ էին կանգնած ուսանողները։ Ուսման վճարի հարցը կառավարությունը կթեթևացնի, առցանց քննությունները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ էլ աշխատում են բուհերը։

Կառավաության հակաճգնաժամային 14-րդ միջոցառումը՝ ուսանողներին վարձավճարի հարցում օժանդակությունը, ոգևորել է Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկի ամենամեծ բուհի՝ Շիրակի պետական համալսարանի ուսանողներին։ Բուհում չնայած ուսման վճարները ցածր են համեմատությամբ մայրաքաղաքի բուհերի, բայց ամեն տարի լինում են վարձի պատճառով ուսումը չշարունակող ուսանողներ, որոնց բեռը թեթևացնելու համար բուհն է ելքեր մտածում, զեղչեր կիրառում ու բարերարներ ներգրավում։


Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն ասում է․ «Արտակարգ դրությունը վիճակը սրեց, կառավարությունն էլ մի որոշմամբ խնդիրը մեղմեց»։ 

«Շատ կարևոր աջակցություն է ուսանողներին, իհարկե այստեղ կա ուղղվածություն դեպի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, ես երեկ ծանոթանում էի ֆեյսբուքյան արձագանքներին, որոնք առաջարկում էին, որ պետք է բոլորի համար նման պայմաններ ստեղծեին, ուղղվածությունը տանեին դեպի սոցիալական ուղղվածության, այլ ոչ թե առաջադիմության։ Ցանկացած մոտեցման դեպքում հաստատ կլիներ մի խումբ, որը դժգոհ կմնար և կառաջարկեր մյուս տարբերակը, բայց այս պարագայում, ոչ մի բարձր առաջադիմություն ունեցող ուսանող չպետք է դուրս մնա վճարի պատճառով։ Մի քանի օր առաջ բուհերից ուզել էին տվյալներ և պետք է ասեմ, որ կոնկրետ 90 և ավելի ՄՈԳ ունեցողների թիվը մեր բուհում 90 հոգի է, Բավականին լուրջ գումար է կազմում, կարծեմ 12-13 մլն դրամ»,- նշում է Սերոբյանը։         

Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ օրդինատուրայի 90 եւ ավել ՄՈԳ ունեցող եւ ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։ 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։  2600 ուսանող ունեցող բուհում շատ են նաև այն ուսանողները ում առաջադիմությունը 90-ից ցածր է, ուսման ընթացքում աշխատել են, ընտանիքին օգնել, նրանց համար էլ կքննարկվի ուսանողական վարկերի տրամադրման պարզեցված ընթացակարգը։  Շիրակի պետհամալսարանում ենթադրվող մեխանիզմներն են քննարկվել, բանկերի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերվել։

«Սա պարզապես ենթադրվելիք մեխանիզմ է, բայց մեր ուսանողների գործը հեշտացնելու համար բուհում մենք կկարգենք մասնագետ, ով կկարգավորի բանկերի հետ աշխատանքը»։

Այս շրջանում բուհերը և  ավարտական կուրսերում սովորող ուսանողները ևս մի խնդրի առաջ են կանգնած․ ինչպես հեռավար կազմակերպել ավարտական աշխատանքները։ Հեռավար դասապրոցեսի կազմակերպումը քիչ թե շատ հունի մեջ է, կատարելագործելու մեխանիզմների փնտրտուքն էլ՝ մշտական։  Կարդարացնի արդյո՞ք հեռավար ավարտական քննությունը, Երվանդ Սերոբյանն ասում է․ «Այո»։

Ուսանողների ազնվության մեջ համոզվել է, ասում է հեռավար քննություն հանձնելիս իր ուսանողները կարող էին արտագրել ու բարձր գնահատվեին, բայց ազնիվ են գտնվել։

«Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունը լինելու է առցանց, մենք փորձում ենք, մենք ապահովելու ենք մեխանիզմները։ Փորձում ենք նախապաշտպանությունը այդ ռեժիմով կազմակերպել, որպեսզի այդտեղ ծագած տեխնիկական և մեթոդական խնդիրները այդ ընթացքում հարթենք և պաշտպանությունն ավելի լավ մեխանիզմով ընթանա։  Մի քիչ ավելի հավաստիության խնդիր ունեն կիսամյակային քննությունները, վստահ եմ, որ մեր ուսանողներն ազնվաբար կմոտենան այդ հարցին և նորմալ արդյունք կունենանք»,- նշում է ռեկտորի պաշտոնակատարը։

Շիրակի պետական համալսարանի շատ ուսանողներ համակարգչի խնդիր ունեն, այս ընթացքում համալսարանն իր բազայից ժամանակավոր համակարգիչներ է տրամադրել ու տրամադրում այն ուսանողներին ու դասախոսներին, ովքեր տանը չունեն համակարգիչներ, որ ուսումնական գործընթացը հնարավորինս քիչ վնասներ կրի։

Back to top button