ԿարևորՀասարակություն

Ի՞նչ անել, եթե մերժվում է սոցիալական աջակցության 9-րդ ծրագիրը

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական աջակցության  9-րդ  ծրագրի  շահառուների ցանկն ընդայնվել է։ Այստեղ ներգրավվել են նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերը։ Բացի այդ, այս ծրագրով  աջակցություն են ստանում  չգրանված կամ աշխատանք չունեցող այն ըտանիքները, որտեղ կան անչափահաս երեխաներ։ Յուրաքանչյուր երեխայի համար նախատեսված է 26500 դրամ միանվագ աջակցություն։ 

Դիմումի մուտքագրում․ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շահառուները այս քայլից են սկսում։ Մինչ այդ,  իհարկե, նրանք մուտք են գործում  dimum.ssa.am կայքէջ։ Այս ծրագրի շահառու լինելու համար պարտադիր պայման է ՀՀ-ում մշտապես բնակություն ունենալը։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության  պետ Անի Ամիրշադյան․  

«Ծրագրի շահառու են հիմնականում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխաներ, և նրանց ծնողները կամ միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք մարտի 12-ի դրությամբ։ Աջակցությունը տրամադրվում է միանվագ յուրաքանչյոր երեխայի համար 26 500 դրամ»։ 

Եթե ընտանիքի միջին աշխատավարձը  2020թ հունվար-փետրվարին գերազանցել է 500 հազար դրամը, ապա այս ընտանիքը չի կարող ծրագրի շահառու լինել։

Առաջին էջում ոչ միայն ծրագրի մանրամասն նկարագրությունն է, այլ նաև դիմումի մուտքագրման ուղեցույց, որտեղ մանրամասն ու հերթականությամբ նշված են հաջորդական քայլերը։

«Ռադիոլուրի» զրուցակցի՝ Ելենա Մինասյանի ընտանիքը սոցիալական աջակցության  9-րդ ծրագրի շահառու է։ Ծնողները չեն աշխատում, եղբայրն անչափահաս է։

Քայլ առ քայլ ներկայացնում է, թե ինչպես է դիմումը լրացրել։ Նախ` էլեկտրոնային հասցեն է նշել, ապա՝  հեռախոսահամարը` հսկիչ կոդը SMS հաղորդագրության միջոցով ստանալու համար։ Այն լրացնելուց հետո միայն  քաղաքացին հնարավորություն ունի շարունակել հայտի լրացումը․  

«Դիմումի մեջ լրացնում ենք ծնողի անուն, ազգանունը, հայրանունը, սոցիալական քարտի համարը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հեռախոսահամարը։ Ապա ընտրել ենք, թե որ բանկից ենք ցանկանում գումարն ստանալ։ Սեղմում ենք հաստատել»,- ասում է զրուցակիցս։

Բացված պատուհանում անհրաժեշտ է սեղմել  «Մուտքագրեք մինչև 18 տարեկան երեխայի տվյալները» կոճակը, բացված պատուհանի համապատասխան դաշտերում ՝ մուտքագրել մինչև 18 տարեկան երեխայի տվյալները՝ երեխայի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ընտրել ծննդյան վկայականի տեսակը։

 «Երեխայի մյուս ծնողի տվյալներ» դաշտում ընտրել դիմող ծնողի կարգավիճակը և եթե կարգավիճակը չի համապատասխանում  «Շահառուն միայնակ մոր երեխա է» կամ «Երեխայի ծնողներից մեկը մահացած է, ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող», ապա լրացնել «Մյուս ծնողի տվյալներ» պատուհանը։

Ընտանիքում 1-ից ավելի մինչև 18 տարեկան երեխաների առկայության դեպքում սեղմել «Հաստատել և անցնել հաջորդ երեխայի տվյալների լրացմանը» կոճակը, իսկ բացակության դեպքում սեղմել «Ավարտել տվյալների մուտքագրումը» կոճակը։ Շատ հաճախ երեխաներից մեկի տվյալները ճանաչում է համակարգը, մյուսինը՝ ոչ։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության  պետ Անի Ամիրշադյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանում է․

«Մենք ուսումնասիրել ենք մերժված դիմումները, հիմնական խնդիրը երեխաների տվյալների ոչ ճիշտ մուտքագրումն է։  Մոտ 58 տոկոսը մերժված դիմումների այս խնդրի  պատճառով է։ Երեխաներից մեկի տվյալը համակարգը ճանաչում է, մյուսինը՝ ոչ, իրականում մենք ունենք նման խնդիր։ Պատճառը մեզ մոտ առկա տեղեկատվական համակարգերի շտեմարանների հնարավորությունն է։ Պետական տարբեր մարմինների   շտերամանները ամբողջությամբ թվայնացված չեն։ Օրինակ, 2006 թվականից առաջ ծնված երեխաների տվյալները  ամբողջությամբ   թվայնացված չէ։ Ավտոմատ համադրման ժամանակ միշտ չէ, որ ունենում ենք հստակ տեղեկատվություն»։

Եթե երեխաներից մեկի տվյալը մերժվում է, այդ պահին պարզապես պետք է սպասել։ Հետագայում կմշակեն որևէ համակարգ, որով կկարողանան աջակցություն ցուցաբերել հնարավոր շահառուներին։ Այս պահին հրատապ օգնություն են ցուցաբերում այն  երեխաներին, որոնց տվյալներն ամբողջական են։

Եթե երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, կամ անհրաժեշտ է կցել փաստաթղթեր, ապա բացված պատուհանում, անհրաժեշտ փաստաթղթերը կցելու համար սեղմել «Անցնել փաստաթղթերի կցման էջ» կոճակ։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության  պետ Անի Ամիրշադյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանում է, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը․

«Իններորդ ծրագրում ունենք որոշ հատված, որտեղ մենք անհատական որոշումներ պետք է կայացնենք ներկայացված փաստաթղթերի հիման վրա։ Օտարերկյա պետությունում ծնված երեխաները այդ շրջանակում են։ Այստեղ անհրաժեշտություն է առաջանում որ նրանք կցեն նաև  ծննդյան վկայականը և ամուսնության վկայականը՝ նոտարական թարգամանությամբ արված ու սքանավորված, որպեսզի մենք կարողանանք ստուգում իրականացնել։  Ենթադրվում է, որ իրենք արդեն պետք է ունենային թարգմանած։ Դրանք այն փաստաթղթերն են, որ իրենք ներկայացնում են երեխայի միանվագ նպաստ ստանալիս»։ 

Եթե քաղաքացին որևէ այլ, մասնավորապես 7-րդ ծրագրի շահառու է, ու արդեն ստացել է աջակցությունը, սակայն ունի անչափահաս երեխաներ, կարող է  օգտվել նաև սոցիալական աջակցության 9-րդ ծրագրից։

«Ռադիոլուրի» մյուս զրուցակիցը՝ Թեհիմնե  Նազարյանը, կարծում է, որ 9-րդ ծրագրի շահառու է, ընդգրկված է ընտանեկան նպաստի համակարգում, ունի անչափահաս երկու երեխա, ինքն ու ամուսինը չեն աշխատում․

«Երկու երեխա ունեմ, լրացնում եմ դիմումն ու մերժվում՝ ձեր դիմումը ենթակա է մերժման ընտանեկան գնահատման համակարգի տվյալների հետ համադրման արդյունքում»։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության  պետ Անի Ամիրշադյանին հարցնում եմ՝ արդյո՞ք  ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվածները չեն համարվում 9-րդ ծրագրի շահառու։

Անի Ամիրշադյանն ասում է, որ  այս պահին իրենք չեն կարող հանդիսանալ 9-րդ ծրագրի շահառու։

Այս պահին պարտադիր է հաշվառման հասցե ունենալը։ Առաջիկայում փոփոխություններ կան ու կհանեն հաշվառման հասցե ունենալու պահանջը։ Ապրիլի 20-ի դրությամբ 52 հազարից ավելի երեխայի վճարվել է մոտ մեկուկես մլրդ դրամ վճար (52 791 երեխայի վճար է կատարվել, գումարը կազմել է  1 մլրդ 398 մլն դրամ)։  Մոտ 250 հազար երեխա համարվում է պոտենցիալ շահառու։

Back to top button