ԿարևորՏնտեսական

Գյուղաջակցության ծրագրերը՝ գործունեությունն ընդլայնելու հնարավորություն

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու նպատակով կառավարության աջակցության 2-րդ ծրագիրն ամբողջությամբ վերաբերում է գյուղատնտեսությանը՝ անտոկոս վարկեր են տրամադրվում 9 ուղղություններով։ Աջակցություն է տրամադրվում գյուղատնտեսական կոոպերատիվների, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց։

Աջակցության բոլոր 9 ուղղություններով էլ վարկերի տոկոսադրույքները կմարվեն պետության կողմից։ Կոոպերատիվներին էլ, օրինակ, նաեւ արտոնություններ են տրամադրվում։ Ֆիզիկական անձանց համար թեպետ նման արտոնություններ չկան, բայց անտոկոս վարկերն էլ արդեն զգալի օժանդակություն են։ Այս մասին խոստովանում են իրենք՝ գյուղատնտեսությամբ զբաղվող անհատները։

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները հնարավորինս արագ հաղթահարելու համար պետական աջակցության ծրագրերից մեկը գյուղատնտեսության ոլորտում է։ 9 ուղղությամբ տրամադրվում են անտոկոս վարկեր։ Անտոկոս վարկեր տրամադրվում են նաեւ ֆիզիկական անձանց։

«Գյուղատնտեսությունն այնպիսի մի բան է, որ ամեն մի ընդառաջումը մեծ պլյուս է»։

Արմենն անտոկոս գյուղատնտեսական վարկ ստացողներից մեկն է։ 5 հազար քառակուսի մետր ջերմատունը վաղուց է ցանկացել ընդլայնել։ Տարբեր պատճառներով, հիմնականում, բնականաբար, ֆինանսի բացակայության, չի հաջողվել։ Կորոնավիրուսի պատճառով առաջացած դժվարությունների շարքում հնարավորություններ էլ է տեսել, մանավանդ՝ արդեն հստակ են պետական աջակցության ծրագրերը։

Գյուղատնտեսը համոզված է, որ հիմա կկարողանա կյանքի կոչել իր ծրագիրը։ Կարծում է, որ գյուղոլորտին հատկացվող պետական աջակցության ծրագիրն իր պլաների իրականացումն է արագացնում։ Վստահ է, որ հաջողությունն էլ իր հետեւից նոր հաջողություններ է բերելու իր բիզնես ծրագրերում։

«Սկսած ծրագրերը կմեծացնեմ եւ ուզում եմ մի քանի կուլտուրաներ միաժամանակ ցանել, որպեսզի տարվա ընթացքում, այսպես ասած, շուկայից չկտրվենք»։   

Գյուղատնտեսությանը վերաբերող աջակցության բոլոր ծրագրերն ունեն մայր գումարը վճարելու արտոնյալ ժամկետներ՝ 6 ամսից մինչեւ 5 տարի։  Սա նշանակում է, որ պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները, իսկ մայր գումարը վճարելու համար վարկառուն 6 ամսից մինչև 5 տարի արտոնյալ ժամկետ ունի։

Էկոնոմիկայի նախարարի տեղեկալ Արման Խոջոյանն է գնահատում այս հնարավորությունը․ «Սա աննախադեպ հնարավորություն է, որպեսզի գյուղոլորտի զարգացման տեմպերն արագացվեն»,- նշում է Խոջոյանը։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառմանը շուրջ 6000 հայտ է ներկայացվել։ Ընդհանուր բյուջեն գերազանցում է 15 մլրդ դրամը։ Գյուղոլորտի 9 ուղղություններով վարկերի տոկոսադրույքները մարում է պետությունը։    

«Ֆերմերները ոչ միայն դիմում են շրջանառու միջոցները ապահովելու համար նախատեսված  սուբսիդավորվող վարկային ծրագրերին, այլեւ այն ծրագրերին, որոնք միտված են երկարաժամկետ կտրվածքով նոր ագրոմշակույթ ձեւավորել մեր երկրում»,- նշում է Էկոնոմիկայի նախարարի տեղակալը։

ՀՀ զարգացման եւ ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանն ասում է, որ  կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները վերացնելու համար կառավարության աջակցության ծրագրերով նաեւ լրացուցիչ արտոնություններ էլ կան կոոպերատիվների համար՝ գյուղատնտեսական կոնկրետ ուղղություններ զարգացնելու համար, օրինակ՝ տոհմային ոչխարաբուծություն, այծաբուծություն կամ անասնաբուծություն․   

«Այս գործիքից օտվելու դեպքում կոոպերատիվների համար նախատեսվում է նաեւ համաֆինանսավորում 70 տոկոսի չափով։ Համաֆինանսավորումն իրականացվում է կառավարության կողմից»,- ասում է Արթուր Բադալյանը։   

Ոլորտը համակարգողներն ասում են, որ պատրաստ են աջակցել բոլորին, բայց միաժամանակ հիշեցնում, որ վարկավորման աննախադեպ պայմաններից օգտվելու համար պետք է դիմել մինչեւ տարեվերջ։   

Back to top button