ԿարևորՀասարակություն

Անասնատերերի բողոքը Արմավիրի մարզպետարանի առաջ

Անտեսելով արտակարգ դրության պայմաններն այսօր Արմավիրի մարզի  մի խումբ խաբված  եզդիներ հավաքվել էին Արմավիրի մարզպետարանի դիմաց բողոքի։ Անցած տարի ամռանը  մարզի մի քանի համայնքների բնակիչներն իրենց սեփական  մանր եղջերավոր անասունները հանձնել են Կոտայքի մարզի Արամուս գյուղի սպանդանոցին, սակայն մինչեւ հիմա գումարը չեն ստացել։ Նրանք Արմավիրի մարզպետին խնդրել են միջնորդել` կարգավորել խնդիրը։

Այսօր առավոտյան Արմավիրի մարզպետարանի դիմաց հավաքվել էին մի խումբ եզդիներ: Նրանք  մարզպետին էին դիմել Կոտայքի մարզի Արամուս գյուղի սպանդանոցին հանձնած  մանր  եղջերավոր անասունների դիմաց չվճարված գումարները ստանալու խնդրանքով: Լուկաշին գյուղի բնակիչ Ազիզ Գալոյան.

«451 գլուխ գառ եմ հանձնել Արամուսի մսի կոմբինատ, մոտ 21 մլն դրամ է կազմում, որը պիտի մեզ վճարեին: Գումարները մենք չենք ստացել»:

Արամուսի սպանդանոցը պատկանում է Մելսիկ Հայրապետյանին: Նա սեզոնին սպանդանոցը  պարբերաբար վարձակալությամբ է հանձնել իրանցիներին։ Ասաց, որ շուտով սեզոնը բացվելու է, նորից գալու են.

«Սպանդանոցը հանձնել ենք Պարսկաստան` արտահանող կազմակերպություն կա, վարձով ենք տվել իրանց, բայց իրանք էլ փողը տվել են, թղթերն էլ ունեն, որ փողը տվել են: Իրանց միջնորդ եզդիներն են իրանց գցել»:

Անասնատերերը որևէ պայամանագիր չունեն ոչ գնորդների, ոչ էլ սպանդանոցի հետ, իսկ  միջնորդների հետ աշխատել են բանավոր պայմանավորվածությամբ։

«Շահեն Բահարյանն աշխատել ա մեր ժողովրդի հետ 4-5 տարի ու վստահություն ա ձեռք բերել: Ինձանից տարել ա 3-4 տարի, իմ գառները կենդանի վիճակում, սպանդանոցում էդ մորթը կազմակերպել են, մեր գումարները մեզ տվել են 10-15 օր հետո»,- ասում են բողոքողները։

Շահեն Բահարյանը սիրիահայ է, չի ժխտում, որ միջնորդ է եղել, 4 տարի օգնել է վաճառել ոչխարները։ Սակայնայս անգամ արաբ գնորդները հեռացել են առանց վճարելու: Շահեն Բահարյանը վրդովված է` ինքն էլ փող չի ստացել։

Անցած դեկտեմբերին դիմել են գլխավոր դատախազություն, գործը հիմա Քննչական կոմիտեում է։

Անասնապահությամբ զբաղվողներն օրերը տաքանալուն պես անասուններին տեղափոխելու են արոտավայրեր, հիմա խնդրի առջև են կանգնած՝ անհրաժեշտ միջոցներ չունեն:

Մարզպետարանի բակում բողոքավորներին լսել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, խորհուրդ տվեց գրավոր դիմել մարզպետին: Անասանատերերը դիմում են գրել և խնդրել Արմավիրի մարզպետի աջակցությունը:

Back to top button