ԿարևորՀասարակություն

Համայնքային կառույցները շարունակում են աշխատանքն արտակարգ ռեժիմով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ։

Քննարկվել են համայնքում շինարարական աղբի և կոշտ թափոնների կառավարմանը, ապօրինի շինարարության դեմ պայքարին, փողոցների բարեկարգման աշխատանքներին, ինչպես նաև, կորոնավիրուսային համաճարակի պայմաններում համայնքային բուժհաստատությունների աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Զեկուցվել է, որ համայնքային բոլոր կառույցները նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու նպատակով որոշ փոփոխություններ են մտցրել աշխատանքների կազմակերպման մեջ՝ շարունակելով իրենց պարտականությունները: Հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել քաղաքացիներից առցանց ստացվող դիմումները, բողոքներն ու հարցումները, որպեսզի դրանց նախատեսված ժամկետում տրվեն պատասխաններ:

Այս օրերին որոշ քաղաքացիներ փորձում են չարաշահել արտակարգ դրության ռեժիմը և դիմում են ապօրինությունների: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել հետևողական և քայլեր ձեռնարկել ապօրինի շինարարություններն անմիջապես կասեցնել:

Երևանի առողջապահական հիմնարկներում աշխատանքն արտակարգ ռեժիմով է կազմակերպվում: Համայնքային պոլիկլինիկաները հերթապահում են նաև շաբաթ-կիրակի: Ամեն օր համայնքային շուրջ 70 ավտոբուս 3-անգամյա ռեժիմով աշխատանքի է հասցնում ավելի քան 1800 բուժաշխատողի:

Միայնակ անժառանգ կենսաթոշակառուների համար Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել ու կյանքի է կոչում սոցիալական հատուկ ծրագիր։ Մոտ 45 մլն դրամ գումարի շրջանակում շուրջ 2000 տարեցի և անապահովի ցուցաբերվում է աջակցություն:
Քաղաքապետ Մարությանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել բոլոր ստորաբաժանումներին՝ արտակարգ դրության պայմաններում իրենց աշխատանքի համար:

Back to top button