ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպն ընկել է՝ այս պահին 17 օր է

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք: Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: Դրա համար անհրաժեշտ է բացառել հիվանդության մարդուց մարդ փոխանցումը` ամենուր սոցիալական հեռավորություն պահելով, միմյանց հետ սերտ շփման վարքագծերը փոխելով դեպի հեռավար շփումը, ինչպես նաև ձեռքերը հաճախակի լվանալով և ախտահանելով ու հնարավորինս դեմքին չդիպչելով»,- գրել է Թորոսյանը:

Նախարարը նաև հատուկ նշել է , որ թեստավորման հզորությունների մեծացումը՝ օրական 1000 թեստի, շատ բարդ և բազմաբաղադրիչ գործընթաց է եղել և երբևէ Հայաստանում օրական այսքան մեծ թվով ՊՇՌ թեստեր չեն արվել: Այս բարդ գործընթացը իր մեջ ներառում է 5 հիմնական բաղադրիչ` մասնագետներ, սարքավորումներ, կենսաանվտանգություն, լոգիստիկա, էլեկտրոնային համակարգ: Թորոսյանը նկատել է ՝ դրանցից յուրաքանչյուրի պատշաճ ապահովումը մեծ ջանքեր է պահանջել մասնագետներից:

«Նման հզորությունները միշտ պետք են գալու մեր երկրին` հետագայում նմանօրինակ մարտահրավերներին դիմակայելու համար»,-գրել է նա:

Back to top button