ԿարևորՀասարակություն

Կապանում կարգը պահելով՝ շահառուները ստանում են հասանելիք գումարը

Հատկացվող գումարներն այս օրերին իրոք անհրաժեշտ են.  «Ռադիոլուրին» ասում են Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրի շահառուները։ «Ես ընդամենը լրացրեցի դիմում 8-րդ միջոցառման համար ինտերնետով և չանցած երկու օր՝ հեռախոսիս ստացա հաղորդագրություն, որ կարող եմ ստանալ իմ հասանելիք գումարը մաքուր աշխատավարձի չափով՝ 68 հազար դրամ»։

Կապանցի Գրետա Սարգսյանն է, այս օրերին ավանդույթ դարձած դիմակ-ձեռնոցով ներկայացել է «ՎՏԲ-Հայաստան» բանկ՝ ստանալու իր հասանելիք գումարը։

Նա կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու է։ Սոցիալական հեռավորությունը պահպանելով հերթ է կանգնել։ Հերթը հասնելուն պես մոտեցավ բանկի աշխատակցուհուն ներկայացրեց անձնագիրն ու սոցքարտը։ Աշխատակցուհին ստուգեց, համակարգիչն էլ՝ հաստատեց։ Տիկին Գրետան ստացավ 68 հազար դրամ։ Հենց իր աշխատավարձի չափով։

 «Աշխատում եմ իրավաբանական կազմակերպությունում, վարձու աշխատող եմ, և կորոնվիրուսի պատճառով չենք աշխատում։ Համաձայն կառավարության որոշման՝ մեկուսացված ենք տներում։ Այս գումարը, որը նախատեսված է 8-րդ միջոցառումով՝ մեծ օգնություն էր։ Չենք աշխատել, իհարկե, օգնություն է․ որոշ հարցեր, վճարումներ կարող ենք կատարել»։

20 հազար դրամի չափով գումար էլ եկել է ստանալու 18-ամյա Վահե Սմբատյանը։ Տղան հանրային սննդի ծառայության աշխատակից է։

 «Աշխատում եմ Կապանում, «Տաշիր Պիցայում», ելնելով կորոնավիրուսից, պահպանելով պարետային իրավիճակը, չեն աշխատում։ Լսեցինք, որ կարող ենք գումար ստանալ, ոգևորիչ էր շատ։ Բոլորս էլ, ինձ թվում է, ունենք փողի կարիքը, չենք աշխատում։ Մասնակի գումար է, որով կարող ենք ծախսերը հոգալ։ Ամեն ինչ հեշտ էր, գրանցվելը՝ տվյալներդ լրացնում ես՝ ամեն ինչ պատրաստ է»։

«ՎՏԲ-Հայաստան» բանկի Կապանի մասնաճյուղի կառավարիչ Նելսոն Նազարեթյանն ասում է․ «Մենք սպասարկում ենք 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ ծրագրերով նախատեսված միջոցառման շահառուներին։ Շահառուներն ինտերնետի միջոցով գիտեն, որ բանկում են սպասարկվում։ Մենք պահանջում ենք անձնագիր, սոցքարտ։ Սպասարկումն անվճար է։  Հաշվարկվել է, մեր բանկի ընդհանուր 35-40 տոկոս շահառուները սպասարկվել են, մնում է 60-70 տոկոսը։ Օրեցօր շատանում են։ Խնդիրները լինում են տեխնիկական, հիմնականում կապված անձնագրի տվյալների հետ»։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառուներ են հյուրանոցային, հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային, գեղեցկության սրահների, վարսավիրանոցների, մանրածախ առևտրի և այլ ծառայության աշխատակիցները։

Back to top button