ԿարևորՏնտեսական

Նավթը 21-րդ դարում երկար «կյանք» չի ունենա

Մի քանի օր առաջ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամը նավթարդյունաբերող խոշոր երկրներին ստիպեց համաձայնության գալ ու սև ոսկու արդյունահանման ծավալների մասին պայմանավորվածություն ձեռք բերել։

Թեպետ նրանք հույս ունեին, որ դրանով իսկ նավթի շուկայում տիրող իրավիճակը կփրկվի և շուկայում գները կկայունանան, բայց իրականության մեջ ընթացքը, կարծես թե, փոքր ինչ այլ հունով է գնում։ Ի՞նչ է շարունակում կատարվել նավթի շուկայում և արդյո՞ք այն ազդարարում է նավթի դարաշրջանի ավարտի սկզբի մասին։

Նավթարդյունաբերող խոշոր երկրներն ընդամենը 4 օր առաջ եկան համաձայնության՝ ակնկալելով, որ նավթաարդյունահանման ծավալների նվազեցումը կփրկի իրավիճակը նավթի շուկայում՝ կայունացնելով նավթի գները։ Չնայած ձեռքբերված այդ համաձայնությանն ու դրանից բխող ակնկալիքի՝ զարգացումները, կարծես, ունեն միանգամայն այլ ընթացք։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ԳԱԱ-ի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքական հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանն, օրինակ, նկատեց, որ օրեր առաջ ձեռք բերված համաձայնությունից հետո նավթի գինը համաշխարհային շուկայում ոչ միայն դեռևս չի կայունացել, այլ ընդհակառակը՝ այն կրկին նվազել է։ Նրա փոխանցմամբ՝ հերթական անկումն էլ գրանցվել է հենց այսօր․

«Տվյալ պահին  (ժամը 14։00), ասեմ, որ նավթի գինը հերթական անկումն է գրանցել․ Նյու Յորքի բիրժայում նավթն աննախադեպ ցածր գին ունի՝ 1 բարելը մոտ 18 դոլար։ Հիմնական պատճառն այն է, որ համաշխարհային տնտեսությունը պարզապես դեռևս չի վերականգնվում։ Այսինքն՝ կորոնավիրուսով պայմանավորված։ Չինաստանի տնտեսությունը կանգ է առել, իսկ Չինաստանը աշխարհի ամենախոշոր սպառողներից մեկն է։ Նաև գիտենք, թե ԵՄ-ում ինչ վիճակ է՝ նույն հանգամանքով պայմանավորված»,- ասաց Մանվելյանը։       

Նավթի գների նման աննախադեպ անկման գլխավոր պատճառներից մեկն էլ ավիափոխադրումների կանգն է։ Ըստ էության համաշխարհային  ավիափոխադրումների 90 տոկոսը չի իրականացվում այս պահին, իսկ դրանք աշխարհում ամենախոշոր ավիաբենզին սպառող ընկերություններն են։ Ակնհայտ է, որ այս պահին էլ նավթի համաշխարհային շուկայում գերառաջարկ կա՝ սպառման շատ ցածր պայմաններում՝ նկատեց Արմեն Մանվելյանը։ էներգետիկ աշխարհաքաղաքական հարցերով մասնագետի խոսքով՝ բնականաբար այդ իրավիճակում էլ նավթի գները շարունակում են անկում ապրել։

Արդյո՞ք հնարավոր է, որ նավթի շուկան, այդպես էլ, չփրկվի և ի վերջո առավել արագացնի, այսպես ասած, «նավթի դարաշրջանի» վերջնական ավարտը։

Արմեն Մանվելյանը նկատեց, որ նման գործընթաց արդեն բավականին ժամանակ է, ինչ սկսված է։ Օրինակ, մի շարք խոշոր ընկերություններ և պետություններ վաղուց են խրախուսում էլեկտրամոբիլների արտադրությունը։

«Նրանց ազատում են հարկերից, տուրքերից և այլն, և այլն, և՛ Միացյալ Նահանգներում, և՛ ԵՄ-ում հատկապես, և՛, օրինակ, ճապոնիայում – այս երկրներում վերջին տարիներին նույնիսկ նավթի սպառումը կրճատվել է, իսկ նավթը հիմնականում որպես բենզին է սպառվում»,- նշեց գիտաշխատողը։

Այս երկրներում վերջին տարիներին նավթի գնի սպառման կրճատումները նաև պայմանավորված էին հիմնականում նրանով, որ դրա գինն էլ էր բավականին բարձր՝ նկատեց Արմեն Մանվելյանը։ Այդուհանդերձ, նրա դիտարկմամբ՝ «նավթային դարաշրջանի» ավարտի մասին խոսակցությունները դեռ երկար կշարունակվեն, քանի որ համաշխարհային արդյունաբերության մեջ նման ծավալի հեղափոխություն պատկերացնելը դժվար է։

«Գոնե առաջիկա տեսանելի 20, 30 տարիների ընթացքում ասել, որ այսպես վճռական հեղափոխություն կլինի ավտոմեքենաների արտադրության շուկայում, և  նրանք ամբողջովին կանցնեն էլեկտրոմոբիլների կամ ջրածնային շարժիչների՝ ինչպես, օրինակ, Ճապոնիայում են անում, ես չեմ կարծում։ Այնուամենայնիվ, առաջիկա 20 տարիների ընթացքում դեռևս նավթի պահանջարկը բարձր կլինի՝ հատկապես պայմանավորված Չինաստանի տնտեսության հնարավոր շարունակական զարգացմամբ և Հնդկաստանի տնտեսությամբ»,- ասաց մեր զրուցակիցը։

Այսինքն, այլ կերպ՝ պատկերավոր ասած, քանի դեռ ներքին այրման շարժիչի պահանջարկ կա աշխարհում, պահանջարկ կա նաև նավթամթերքների։

Թե ինչպե՞ս նավթի ցածր գները ևկորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային տնտեսության մեջ ստեղծված իրավիճակը կարող է ազդել այդ ուղղությամբ տեխնոլոգիական առաջընթացի վրա, որը գալիս է փոխարինելու «նավթային դարաշրջանին», առայժմ վաղ է ասելը, թեպետ՝ այս օրերին ամենուր լսում ենք, որ աշխարհն այլ է լինելու կորոնավիրուսից հետո․

«Ամեն ինչ կախված է նրանից, թե այս իրավիճակն ինչպես կնպաստի ոչ նավթային, կամ՝ բենզինի վրա չհիմնված շարժիչներով նոր էլեկտրոմոբիլների արտադրության վրա, ջրածնային շարժիչների արտադրության վրա, որով հիմա զբաղվում է հատկապես «Toyota» ընկերությունը։  Եթե այս գործընթացները արագանան, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, բոլորն են հասկանում, որ նավթը, այսպես ասենք, 21-րդ դարում երկարատև ապրելու հնարավորություն չունի և, վաղ թե ուշ, գալու են  դրան փոխարինող այլընտանքային տարբերակներ»,- նշեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատողը։  

Ընդհանրապես համաշխարհային ճգնաժամերի պատմությունը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում մեծ պետությունները շահել են, փոքրերը՝ տուժել։  Մասնագետ Մանվելյանը, սակայն, միաժամանակ նկատում է, որ արդի առաջատար տեխնոլոգիաների պայմաններում շատ կարևոր է, թե երկրներն այդ տեխնոլոգիաները որքանով առավել արագ և արդյունավետ կներդնեն իրենց տնտեսություններում։ Դրանով կարող է պայմանավորվել այս իրավիճակից շահած դուրս գալու հանգամանքը։

«Քանի որ հենց նրանք էլ, այսպես ասեմ, տեխնոլոգիական այլ մակարդակի վրա դուրս կգան այս իրավիճակի ավարտից հետո։ Հետևաբար, շատ կարևոր է ուշադրություն դարձնել հենց տեխնոլոգիաների վրա ու փորձել դրանք զարգացնել»,- ասաց Մանվելյանը։

Այդ առումով, զրուցակիցս կարծում է, որ Հայաստանի համար, իրավիճակը կարող է որոշակի հնարավորություն լինել հատկապես առաջատար տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից։

«Եթե շեշտադրումը հիմնականում դրվի առաջատար տեխնոլոգիաների վրա, իհարկե, այս առումով Հայաստանը որոշակի հնարավորություններ ունի»։

Թվային դարաշրջանում, որի մեջ մենք այսօր ակտիվորեն մտնում ենք, առաջնային և կարևոր են ոչ թե նավթային ընկերությունները, ինչպես «British petroleum»-ը՝«նավթային դարաշրջանում», այլ՝ թվային ընկերությունները, ինչպիսին են, օրինակ, «Apple»-ը, «Amazon»-ը կամ «Google»-ը՝ եզրափակեց էներգետիկ աշխարհաքաղաքական հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը։  

Back to top button