ԿարևորՀասարակություն

Ճգնաժամը հաղթահարված չէ, բայց վարակի տարածումը կառավարելի է․ վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  դիմելով ժողովրդին, անդրադարձել  է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված  իրավիճակին: Ճգնաժամը հաղթահարված չէ, բայց Հայաստանում վարակի տարածումը շարունակում է մնալ կառավարելի՝ նշել է վարչապետը։

«Համավարակի համաշխարհային ցուցանիշները հետեւյալն են. այս պահի դրությամբ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 միլիոն 181 հազար 508 դեպք: Կորոնավիրուսից մահացել է 147 հազար 337 մարդ, առողջացել է 552 հազար 264 մարդ:  

Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը հետեւյալն է. ունեցել ենք 1201 հաստատված դեպք, 402 առողջացած, եւ ցավոք սրտի՝ մահվան 19 դեպք: Կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցների միջին տարիքը 73.8 է: Բոլոր մահացած պացիենտներն ունեցել են ուղեկցող ծանր հիվանդություններ. այդ թվում՝ քաղցկեղ, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություններ եւ այսպես շարունակ:  

Ապրիլի 17-ի դրությամբ մեր հիվանդանոցներում կորոնավիրուսից բուժվում է 780 հոգի, մեկուսացման մեջ են գտնվում շուրջ 1700 քաղաքացիներ, ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել 2647 մարդու համար»,- նշել է Փաշինյանը: 

Ըստ վարչապետի՝ կորոնավիրուսի համար նախատեսված  հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսն այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել, ինչը համաճարակի կառավարման ամենակարեւոր ցուցանիշներից է։

«Առնվազն մինչեւ այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համաճարակին եւ ես կրկին ուզում եմ շնորհակալության հայտնել եւ գնահատանքի խոսքեր ասել մեր բժիշկներին, առողջապահական համակարգի բոլոր աշխատողներին, ովքեր օրնիբուն կանգնած են համաճարակի դեմ պայքարի առաջնագծում՝ շաբաթներով կտրված կտրված մնալով սեփական ընտանիքներից»,- իր ուղերձում ասել է վարչապետը՝ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով առողջապահության համակարգի աշխատողներին:  

Ըստ վարչապետի՝ կորոնավիրուսի համաճարակի հայաստանյան կարեւոր առանձնահատկություններից է նաեւ այն, որ երկրում ոչ մի օր չարձանագրվեց դատարկ ցուցափեղկերի երեւույթը, ինչն արտահայտվել է աշխարհի բազմաթիվ երկրներում:

Վարչապետն անդրադարձել է  նաեւ համաճարակի ստեղծած  տնտեսական եւ սոցիալական դժվարություններին։ Նա նշել է, որ կառավարությունն ընդունել է հակաճգնաժամային 13 միջոցառում, որոնց նպատակը տնտեսությանն ու քաղաքացիներին աջակցելն է՝ ճգնաժամը հաղթահարելու հարցում: 

Վարչապետը ներկայացրեց հակաճգնաժամային բոլոր միջոցառումները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

Փաշինյանը հայտնել է նաեւ, որ տնտեսական բնույթի ծրագրերն առաջիկայում կավելանան։

Ըստ վարչապետի՝ կառավարությունը նախատեսում է  փուլ առ փուլ թույլատրել տնտեսական գործունեության վերսկսումը զանազան ոլորտներում՝ հատուկ պատասխանատվություն ակնկալելով գործատուներից․ նրանք պետք է ապահովեն գործարաններում, արտադրամասերում, շինհրապարակներում կորոնավիրուսային անվտանգության հատուկ պայմաններ։

Հակառակ դեպքում, ըստ Փաշինյանի, կառավարությունը ստիպված կլինի ոչ թե մեղմացնել, այլ խստացնել սահմանափակումները:  

Վարչապետը թվարկել է երեք պարզ կանոն՝ կորոնավիրուսով չվարակվելու համար՝

  • շփվելիս պահպանել առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն,
  • դեմքին դիպչել միայն ախտահանված ձեռքերով,
  • օգտվել միայն մաքուր սպասքից ու ախտահանված վարսավիրական գործիքներից: 

«Այս պայմանների ապահովման դեպքում գրեթե երաշխավորված կլինենք կորոնավիրուսով չվարակվելուց»,- հավելել է  Փաշինյանը՝ հիշեցնելով իր կարգախոսներից մեկը՝ «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես»: 

Back to top button