ԿարևորՄիջազգային

Կորոնա-ԱՄՆ․ ինչո՞ւ է Թրամփը վերացնում տնտեսական սահմանափակումները

Չնայած նրան, որ Միացյալ Նահանգներն այս պահին շարունակում է մնալ մոլորակի թիվ մեկ պետությունը կորոնավիրուսի տարածվածության և գրանցված մահերի թվով՝ շարունակել կարանտինային խիստ սահմանափակումները Դոնալդ Թրամփը չի պատրաստվում։ Երեկ երեկոյան նա ներկայացրել է երկրի բնականոն կենսագործունեության վերականգնման «ճանապարհային քարտեզը», որը բաղկացած կլինի երեք հիմնական փուլերից։

«Հիմնվելով վերջին տվյալների վրա՝ փորձագետների մեր խումբը համամիտ է այն եզրահանգման հետ, որ մենք կարող ենք կորոնավիրուսի դեմ պայքարում նոր ճակատ բացել։ Մենք մտադիր չենք ամեն ինչ միանգամից բացել, մենք դա կանենք քայլ առ քայլ և մեծ զգուշավորությամբ, որոշ նահանգներ մյուսների համեմատությամբ ավելի բարվոք վիճակում են: Հիմա մենք անցել ենք նոր դեպքերի պիկը և սկսում ենք աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքին, մենք սկսում ենք մեր տնտեսության վերականգնումը, դա կանենք ապահով և պատասխանատու եղանակով»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ երկարատև կարանտինը սպառնում է հանրությանը և տնտեսությանը։

Տնտեսական ցուցանիշների անկմանը զուգահեռ՝ վերջին մի քանի շաբաթներին նոր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Միացյալ Նահանգներում կտրուկ աճել է գործազրկության մակարդակը: Պաշտոնական տվյալներով՝ միայն անցած շաբաթ 5 միլիոն 245 հազար մարդ դիմել է գործազրկության նպաստ ստանալու համար, վերջին ամսվա ընթացքում աշխատանքը կորցրել է 22 միլիոն ամերիկացի:

Տնտեսական խնդիրներին ու գործազրկության աճին զուգահեռ՝ շարունակում է անկում ապրել նաև Դոնալդ Թրամփի վարկանիշը։

«Ռադիոլուրի» հետ զրույցում ամերիկագետ Լիանա Հովհաննիսյանը նշում է, որ գործող նախագահի վարկանիշն այսքան ցածր չի եղել 2017 թվականից՝ պաշտոնն ստանձնելուց ի վեր։ Դա են վկայում ընդդիմադիր CNN, հանրապետականների քաղաքական հայացքները կիսող  FOX news հեռուստաւընկերությունների հարցման արդյունքները․ հարցվածների 49 տոկոսը հավանություն չի տալիս Թրամփի քաղաքականությանը, Gallup-ի տվյալներով՝ այդ թիվը  54 տոկոս է։

Լուսանկարը՝ Արմենպրեսի

 «Այս անկումը սպասելի էր` հաշվի առնելով պանդեմիայի սկիզբից ի վեր Թրամփի անլուրջ վերաբերմունքը ստեղծված իրավիճակին։ Թե ինչպես կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կանդրադառնա նախագահական ընտրությունների վրա, կախված կլինի նրանից, թե ինչպես Թրամփին կհաջողվի մեղմել ներկա իրավիճակի հետևանքները»:

2017 թվականի ընտրություններից ի վեր ԱՄՆ գործող նախագահի դրական վարկանիշի վրա առավելապես ազդել է նրա վարած տնտեսական քաղաքականությունն ու այդ ոլորտում գրանցած հաջողությունները։ Դրանց շարունակականությունն ապահովելու և տնտեսության վրա պանդեմիայի նվազագույն բացասական ազդեցությունը մեղմել հնարավոր է միայն ներկա սահմանափակումներից ձերբազատվելու շնորհիվ։

Լիանա Հովհաննիսյանի խոսքով՝ երեկվա ելույթով Թրամփը նաև փորձեց ապահովագրել իրեն․ քանի որ  սահմանափակումներից ազատվելը կարող է վարակի տարածման տեսանկյունցի բացասական հետևանքներ ունենալ։ ԱՄՆ նախագահը որոշեց պատասխանատվությունը դնել նահանգապետերի ուսերին։

«ԱՄՆ նախագահը զուգայեռ ապագովագրեց  իրեն՝ կարանտինային պայմանները մեղմելու որոշումը թողնելով նահանգապետերին։ Դա խոսում է նրա մասին, որ նախագահը, այնուամենայնիվ, ունի մտավախություն, որ վարակի տարածման տեսանկյունից տնտեսական սահմանափակումների չեղարկումը  բացասական ազդեցություն կունենա, ուստի փորձում է իրեն ապահովագրել հետագա քննադատությունից»,- ամերիկագետ Լիանա Հովհաննիսյան։

Օրերս, հիշեցնենք, Միացյալ Նահանգների նախագահը նաև սառեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսական աջակցությունը։ Փորձագետը այստեղ ևս տեսնում է լուրջ քաղաքական դրդապատճառներ․վարակի տարածման՝ իր համար բացասական քաղաքական հետևանքները մեղմելու տեսանկյունից Թրամփը գտավ հարմար քավության նոխազ` ԱՀԿ-ին հայտարարելով վարակի տարածման մեղավոր։

Երկրորդ քաղաքական պատճառը Սպիտակ տան գործող ղեկավարի վերաբերմունքն է միջազգային կազմակերպություններին ընդհանրապես։ Եթե նախկին նախագահների օրոք Վաշինգտոնը կարևորում էր իր  առանձնահատուկ դերը միջազգային կառույցներում, Թրամփը կողմ է հավասարության սկզբունքին, ինչն ավելի վաղ արտահայտվեց ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, երբ Թրամփը դաշինքի ֆինանսավորման հարցում ևս առաջ բերերց հավասարության սկզբունքը։ 

Կարդացեք նաև
Close
Back to top button