ԿարևորՀասարակություն

Ինչ պետք է անի քաղաքացին պարզելու համար` արդյոք 8-րդ ծրագրի շահառու է

«Ռադիոլուրը» շարունակում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող` կառավարության աջակցության ծրագրերը մանրամասնող շարքը։  Սոցիալական աջակցության ութերորդ ծրագրով կառավարությունն աջակցում է համավարակով պայմանավորված ամենաշատը տուժած ոլորտների գրանցված աշխատակիցներին։

Այս օրերին  հանրապետությունում  ամենամեծ պահանջարկ ունեցող կայքը dimum.ssa.am-ն է: Սա առցանց դիմումների համակարգն է, որտեղ ամբողջացված են կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող սոցիալական ծրագրերը։ Յուրաքանչյուր ծրագրի համար առանձնացված պատուհան մուտք գործելիս` նախ  ծրագրի բնութագիրն է։ Կարդալով՝ քաղաքացին կարող է հասկանալ, ինքն այդ ծրագրի շահառո՞ւ է, թե՞ ոչ։ 

Ութերորդ ծրագրով աջակցություն տրամադրվում է կորոնավիրուսի հետևանքով ամենաշատը տուժած ոլորտների աշխատակիցներին՝ հյուրանոցային և հյուրատնային հանրային սննդի,  զբոսաշրջային ծառայությունների, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գրանցված աշխատակիցներին։

Այս ծրագրի շահառու են նաև հագուստի խանութների աշխատակիցները։ Զրուցակիցս արդեն մի քանի օր է  լրացրել է հայտը, գիտի՝ ծրագրի շահառու է։ Շաքեն հայտը լրացնելիս որևէ դժվարության չի հանդիպել։ Հայտը լրացնելու համար նախ անհրաժեշտ է էլեկտրոնային հասցե նշել, որին էլ  ուղարկվում է համապատասխան կոդը.

«Հայտը լրացնելիս որևէ դժվարություն չեմ ունեցել։ Դիմումների առցանց  համակարգում քայլերը հերթականութայմբ տրված են։ Լրացրել եմ անուն, ազգանուն, հայրանուն։ Նշել եմ իմ հեռախոսի համարը։ Լրացրել եմ նաև ՀԾՀ-ն՝  հանրային ծառայության համարանիշը, որը սոցիալական քարտի համարն է։ Ընտրեցի քարտային տարբերակով ստանալու առաջարկը, բանկը։ Ստացա հաղորդագրություն, որ շահառու եմ, հետագա քայլերի մասին լրացուցիչ կտեղեկացնեն։ Արդեն մի քանի օր է անցել, սպասում եմ»։

Հայտը լրացնելիս պարտադիր է նաև  լրացնել «Համաձայն եմ, որ իմ տվյալները հրապարակվեն ՍԱԾ կայքէջում» դաշտը։ Շահառու լինել կամ չլինելու մասին հայտն ուղարկելիս ստացվում է տեղեկատվություն՝ նույն պահին։

Կառավարության վերջին նիստում  այս ծրագրի շահառուների ցանկն ընդլայնվեց։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն է ներկայացնում նոր ոլորտները․

«Մենք ավելացնում ենք նաև ցամաքային տրանսպորտի գործունեություն իրականացնող՝  (երթուղային տրանսպորտի),  նախադպրոցական կրթության (մասնավոր մանկապարտեզների), սպորտի բնագավառում գործունեություն իրականացնողները՝  սպորտային ակումբների, լողավազանների, սեղանի թենիսի, բիլարդի սրահների գրանցված աշխատակիցները»,- ասաց սոցապ նախարարը։

Ելենան երեկ է լրացրել հայտը՝ կառավարության որոշումից  հետո, անունը փնտրել է շահառուների ցանկում․

«Ես աշխատում եմ մանկական զարգացման կենտրոնում։ Տեղեկացա, որ ընդգրկված ենք շահառուների ցանկում, փորձեցի օնլայն գրանցվել, բայց չգտա իմ անունը։ Արդեն 1․5 ամիս է չեմ աշխատում և աջակցության եմ սպասում»։

Շահառուների ցանկն անընդհատ թարմացվում է։ Եթե մեկ անգամ լրացնելով քաղաքացին իր անունը չի գտնում շահառուների ցանկում, մեկ օր անց պետք է կրկին լրացնի։

Ութերորդ  ծրագրով  շահառուների ցանկը  հրապարակվում է միայն գումարը ստանալուց հետո։ Այն, ի դեպ, արդեն հրապարակվում է։

Աջակցությունից չեն կարող օգտվել  համակարգչային խաղերի կազմակերպման ու  ինտերնետ  ակումբների աշխատակիցները։ Ծրագրում ներառված չեն նաև սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլային խմիչք վաճառող խանութները։

Ութերորդ ծրագրով նախատեսված աջակցության չափը  վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն է մանրամանսում․

«Վարձու աշխատողների համար հունվար և փետրվար ամիսներին հաշվարկված միջին աշխատավարձի կեսի չափով  կլինի աջակցություն, բայց ոչ պակաս՝ քան 68 հազարը, և ոչ ավելի՝ քան նվազագույն աշխատավարձի  կրկնապատիկը՝ 136 հազարը։ Եթե վերջին երկու ամիսներին միջին աշխատավարձը կլինի ավելի պակաս, քան` նվազագույն աշխատավարձն է, այն դեպքերն են, երբ քառորդ կամ կես դրույքով են աշխատողները աշխատում, նրանք կստանան վերջին երկու ամիսներին միջին աշխատավարձի չափով գումար»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից «Ռադիոլուրին» փոխանցեցին, որ այս պահին ծրագիրն ունի 55 589  շահառու, աջակցության չափը կազմում է  գրեթե 4 մլրդ դրամ  (3,825,077,423 դրամ)։

Back to top button