ԿարևորՀասարակություն

Ինչպես և ուր կորավ «Հազարամյակների մարտահրավերներ»-ի 16 միլիոնը

Խորհրդարանն այսօր սպառել է լիագումար հերթական նիստերի օրակարգը: Մինչև աշխատանքների ավարտը ընդունվել են  մի քանի կարևոր նախագծեր, որոնց թվում, օրինակ, պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու իրացումն արգելող օրինագիծն է: 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի իրականացման վայրերում, նաև շրջիկ առևտրի կետերում, կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը:

Այսօր խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ նաև ԿԲ նոր նախագահ է ընտրել: Միակ թեկնածուն՝ ԱԺ մեծամասնության կողմից առաջադրված Մարտին Գալստյանը,  ստացել է պատգամավորներից  104-ի աջակցությունը, 15-ը դեմ է քվեարկել: Արթուր Ջավադյանին նա կփոխարինի  հունիսի 1-ից, երբ կավարտվի ԿԲ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը:

Նախկինում թույլ տված հանցագործությունները բացահայտելու և մեղավորներին պատժելու մտադրությունն այսօր ԱԺ-ում հնչեց տարբեր առիթներով, տարբեր ենթատեքստով և տարբեր պատգամավորների շուրթերից:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ենթադրում է, որ իր իսկ ձևակերպմամբ «իշխանության վրա լայնածավալ հարձակման» նոր փուլը պայմանավորված է մի շարք քրեական գործերով, ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին հայտնի նախագծով, որը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց այս լիագումարի ընթացքում:  

«Այսօր այդ ամենն արվում է մի նպատակով՝այս իրավիճակն օգտագործել իշխանությանը վարկաբեկելու համար, ներկայացնել այն ամենը, ինչը իրականության մեջ գոյություն չունի: Իշխանությունը նույնն է, իշխանությունը եղել է և մնալու է նույնը, եղել է Հայաստանի ժողովրդի մի մաս, ինչպես նաև մնալու է մի մաս: Իսկ այն բոլոր մարդիկ, որոնք գողացել են, հանցագործություններ են արել, պատժվելու են: Հաճախ խոսել եք սրա մասին, հաճախ ասել եք, որ  շատ ավելի ուժեղ գործելու ժամանակն է: Այդ գործերը կատարվել են և կատարվելու են, կասկած չլինի, և բոլորը ստանալու են իրենց արժանի պատիժը»,- ասաց Սիմոնյանը:  

Ոչ միայն տնտեսական, այլև՝ քաղաքական ու այլ պատասխանատվությունների մասին այսօր ակնարկել է նաև ԱԺ նախագահը՝ լրագրողների հետ զրույցում.

«Մեր հասարակությունում անկախության շրջանի հետ կապված որևէ մութ հարց չպետք է մնա: Ամեն ինչ պետք է պարզ ներկայացվի մարդկանց»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Չարաշահումների մասին այսօր հիշեցին նաև առաջին հայացքից սովորական նախագծի քննարկման ժամանակ: Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանին պատրաստ է տրամադրել 13 մլն 400 հազար եվրո՝ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար: Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում 65 կմ երկարությամբ 12 ճանապարհ է նորոգվելու:  Պատգամավորները հիշեցին, թե սովորաբար ինչ մեխանիզմ է գործել նման վարկային ծրագրերի դեպքում: Ամենավառ «հիշողությունները» ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանինն էին:

«Մշտապես ունեցել ենք հին նախադեպեր, երբ X գումար էր նախատեսվում «խորհրդատվության» համար, հետո սկսում էին լոլո կարդալ գյուղացիների գլխին՝ «ինչպես ցանել կարտոֆիլը» թեմայով: Հասկանալի է, թե այդ գումարները ինչ էին լինում: «Հազարամյակի մարտահրավերներով» 16 միլիոնը ուր գնաց և ինչ եղավ: Համայնքներ կան, որտեղ հնարավոր չի ոչ ոտքով, ոչ տրակտորով գնալ, նույնիսկ ձին է կեսից խափանվում: Մենք նախկինում գիտեինք այդ ասֆալտների գեներալներին և գեներալուհիներին, որոնք մշտապես շահում էին տենդերները, և Ապրիլյան պատերազմի ժամանակ տեսանք, թե այդ շահածով ինչ որակի ասֆալտ էին անում․ որոշ դեպքերում, այո, ուղղակի հնարավոր չէր զինտեխնիկան տեղաշարժել»:

Այս տարի ճանապարհաշինության մրցույթներին մասնակցում է 32 ընկերություն՝ նշում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Փորձում են փոխել մոտեցումը աշխատանքի պատասխանատվության հանդեպ, նաև տարբեր կասկածելի խորհրդատվությունների: 

 «Վարկի առաջին փուլում հսկայական գումար խնայվել է, և այդ խնայողությունը ներառվել է ճանապարհաշինության վրա: Այսինքն՝ 170 կիլոմետրի փոխարեն կառուցվել է 211 կիլոմետր: Ամեն ինչ անում ենք, որ խորհրդատվական գումարները ուղղենք կապիտալ ծրագրերի վրա: Իհարկե, առաջնայինը մայր երակի վրա պետք է ծախսվի , երկրորդական հատվածները 21-22 թվականներին կիրականացվեն»,- ասաց Պապիկյանը:

Սուրեն Պապիկյանը պատգամավորներին հավաստիացրեց, որ կորոնավիրուսը և դրա տնտեսական բացասական հետևանքները որևէ կերպ չեն խանգարի ճանապարհաշինության այս տարվա ծրագրերին: Կապիտալ ծախսերի մեծ մասը դեռ ուժի մեջ է, այդ թվում նաև՝ մինչև տարեվերջ 500 կմ ճանապարհի շինարարությունը: Վերահսկողության մեխանիզմները նույնպես փոխվում են: Սրա մասին արդեն խոսեց պատգամավոր Արտակ Մանուկյանը:

Չի բացառվում, որ էլեկտրոնային մատյանի միջոցով հնարավորություն ստեղծվի, որ ցանկացած մարդ՝ իր տանը նստած, կարողանա մտնել, հետևել և տեսնել, թե ինչպես է տեղի ունենում կոնկրետ ճանապարհի շինարարությունը: 

Back to top button