ԿարևորՀասարակություն

Անիվավոր տրակտորներ՝ Գեղարքունիքի և Արագածոտնի մարզի համայնքներին

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Գեղարքունիքի և Արագածոտնի մարզի երկու համայնքի արոտօգտագործողների կոոպերատիվներին  տրամադրվել են անիվավոր տրակտորներ։

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի շրջանակներում ձեռքբերված 82 ձ/ուժ հզորությամբ 4 անիվավոր տրակտոր տրամադրվել է Գեղարքունիքի Այրք (3 տրակտոր) և Արագածոտնի Ամանոս (1 տրակտոր) համայնքների արոտօգտագործողների կոոպերատիվներին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ:

Ծրագրի երեք բաղադրիչներով նախատեսվում է բարելավել նպատակային համայնքներում արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականությունն ու կայունությունը, օժանդակել ընտրված արժեշղթաների զարգացմանը` կատարելով նպատակային ներդրումներ արտադրողների և վերամշակողների միջև կապերի ամրապնդման, սննդի անվտանգության խթանման, մշակման և շուկայահանմանն օժանդակելու համար, օժանդակել պետական հատվածում մասնագիտացված կառույցների զարգացմանը, որոնք կարևոր դեր են խաղում այդ ապրանքատեսակների արտադրական ծավալների աճի համար:

«Գյուղտեխնիկայի տրամադրումն իրականացվում է առաջին բաղադրիչի շրջանակում։ 2020 թվականին նախատեսվում է 39 արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվի համար ձեռք բերել շուրջ 190 միավոր գյուղտեխնիկա, որից 25-ը՝ տրակտոր։ Գործընթացն իրականացվում է համաֆիանսավորմամբ. կոոպերատիվները ներկայացնում են, թե ինչ տեխնիկա է պետք իրենց և ներդնում գումարի 20%-ը, մնացած 80%-ը ներդնում է կառավարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ», — ավելացրել է նա:

Գեղարքունիքի մարզի Այրք համայնքի ներկայացուցիչը նշել է.

«Սա շատ կարևոր և մեծ օգնություն է Այրք համայնքի համար` հատկապես նկատի ունենալով գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջանը: Հիմա հնարավորություն կունենանք 1 օրում վարելու 6 հա հողատարածք, քանի որ յուրաքանչյուր մեկ տեխնիկա մեկ օրում վարում է 2 հա տարածություն»։

Ծրագրով ընդհանուր առմամբ նախատեսվում է 2 ամսվա ընթացքում 5 մարզի 11 համայնքների համար ձեռք բերել 18 միավոր գյուղտեխնիկա, որից 9 միավոր՝ տրակտոր։ Գյուղատնտեսական տեխնիկան մատակարարված և հասանելի կլինի մինչև աշնանային աշխատանքների սկիզբը:

Back to top button