ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը փորձում է չնկատելու տալ միջազգային արձագանքների առանցքային, խաղաղ կարգավորմանը նպաստող ուղերձները

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Արցախում կայացած ընտրությունների առնչությամբ Ադրբեջանի արձագանքի վերաբերյալ հարցին:

Արցախում ընտրական գործընթացները, որոնք տևեցին մարտի 31-ից մինչև ապրիլի 14-ը և ավարտվեցին նոր նախագահի և խորհրդարանի ընտրությամբ, ինչպես և ակնկալվում էր, առաջ բերեցին Ադրբեջանի բացասական արձագանքը:

Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ արձագանքը հարցին՝ Աննա Նաղդալյանը պատասխանել է, որ թեև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր դիրքորոշումն Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ արդեն իսկ մի քանի հայտարարություններով արտահայտել է,  կցանկանար շեշտադրումներ կատարել միայն երկու հանգամանքի վրա:

Առաջին, Ադրբեջանի բարձրագույն իշխանություններն Արցախի ընտրությունների համատեքստում կոշտ գնահատականներ են հնչեցրել մարդու իրավունքների եվրոպական կառույցների հասցեին, ինչը պատահական չէ, քանի որ մարդու իրավունքների եվրոպական կառույցների կողմից այս տարի փետրվարին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականը փաստեց այդ ընտրությունների խիստ ցածր լեգիտիմությունը.

«Ակնհայտ է, որ այն երկրում, որտեղ երբևէ ժողովրդավարական գործընթացի արդյունքում իշխանություն չի փոխվել, Արցախում մրցակցային և ժողովրդավարական ընտրությունների արդյունքում նոր իշխանությունների ձևավորումը պետք է առաջացներ նյարդային արձագանք»:

Երկրորդ, Ադրբեջանը փորձում է Արցախում մարդու իրավունքների դեմ ուղղված իր արշավին մասնակից դարձնել միջազգային հանրությանը: Այս նպատակով Ադրբեջանը չի խորշում ընտրությունների վերաբերյալ միջազգային տարբեր արձագանքների խիստ ընտրովի ներկայացումից և ուղղակի խեղաթյուրումից.

«Ադրբեջանը փորձում է չնկատելու տալ այդ նույն արձագանքների առանցքային ուղերձները, որոնք վերաբերում են իր ապագան որոշելու հարցում Արցախի բնակչության դերակատարմանը և Արցախում հանրային կյանքի կառավարման տեսակետից ընտրությունների անհրաժեշտությանը: Մինչդեռ, այս ուղերձները խիստ էական են խաղաղ կարգավորման առաջմղման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:

Մեր տարածաշրջանում ժողովրդի քվեն ստացած, նրա կամքն արտահայտող և հենց այդ ժողովրդին հաշվետու իշխանությունների ձևավորումը խիստ կարևոր է հակամարտության վերափոխման և ժողովուրդների հաշտեցման համար: Արցախի ժողովուրդը մարտի 31-ին և ապրիլի 14-ին այս ուղղությամբ կատարեց հերթական կարևոր քայլը»:

Back to top button