ԿարևորՀասարակություն

Ցանկացած իրավիճակում մակրոկայունությունը կպահպանվի․ ԿԲ նախագահի թեկնածու

Հունիսի 1-ին լրանում է ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը։ Խորհրդարանն այսօր քննարկել է ԿԲ հաջորդ նախագահի ընտրության հարցը։ Այս պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Նրան հարցեր ուղղելու համար խորհրդարանում հերթագրվել էր 38 պատգամավոր։ Դա նշանակում է` ամեն ինչ ուրեմն այնքան վատ է՝ կատակել է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը։ Առաջին հարցն էլ ինքն է ուղղել՝ սպառողների շահերի պաշտպանության նպատակով ԿԲ մանդատն ընդլայնելու նպատակահարմարության մասին։ Այս պահին նման անհրաժեշտություն թեկնածուն չի տեսնում։    

Երկրում աղքատության մակարդակից մինչև վարկերի փաստացի տոկոսադրույքներ ու կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին ֆինանսական համակարգի արձագանք — հարցերի այսպիսի ընդգրկուն շրջանակ էր խորհրդարանում սպասվում ԿԲ նախագահի թեկնածուին։ 10 պատգամավոր էլ ելույթի համար էր հերթագրվել։ Քվեարկությունը կկայանա վաղը։

Մենք գործ ունենք կայացած ինստիտուտի հետ, որտեղ կարևոր է փորձը, շեշտեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Մանուկյանը։ Նա ներկայացրեց որպես ԿԲ նախագահի թեկնածու առաջադրված Մարտին Գալստյանի կենսագրականը։  

«Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։ Ըստ էության` առաջնորդվել է մի քանի սկզբունքներով։ Առաջինը մասնագիտական համապատասխանությունն է և ոլորտում փորձը։ Իհարկե, հանձնաժողովում, հատկապես մեր գործընկերների կողմից, ներկայացվում էր էն թեզը, որ ԿԲ-ում աշխատելը կարող է դիտարկվել որպես վատ գործոն, բայց կարծում եմ, հենց սա այն պարագան է, որ մենք գործ ունենք կայացած ինստիտուտի հետ և այդտեղ աշխատանքային փորձը միայն կարող է որպես դրական ներկայացվել և, ըստ այդմ, ես հորդորում եմ իմ գործընկերներին կողմ քվեարկել նշված թեկնածությանը»,- ասաց Մանուկյանը։   

ԿԲ-ում աշխատանքային փորձը որպես վատ գործոն, իհարկե, խորհրդարանի այսօրվա լիագումար նիստի քննարկումներում էլ դիտարկվեց։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Գևորգ Գեորգիսյանը ԿԲ նախագահի թեկնածուից ուղղակիորեն հետաքրքրվեց, թե արդյո՞ք նախկին աշխատանքային փորձն ու հարաբերությունները գործընկերների հետ չեն խոչընդոտի, որ բացահայտվեն չարաշահումները, որոնք եղել են․      

«Եթե դուք ընդունում-հանձնելու պրոցեսում, այսպես ասած, գտնեք չարաշահումներ, բարձրաձայնելո՞ւ եք դրանց մասին, թե՞ ելնելով ինչ-որ «սոլիդարությունից» կոլեգաների նկատմամբ, փորձելու եք կոծկել այդ ամենը»,- հարցրեց Գորգիսյանը։

Չարաշահումների մասին խոսակցություններ բազմիցս հնչում են, բայց ես կուզեի, որ առարկայական լինեին այդ խոսակցությունները՝ ընդդիմադիր պատգամավորին արձագանքելով հակադարձեց ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը։

«Այսինքն, կա՞ առարկայական ինչ-որ բան, որը ԿԲ-ի տիրույթում է և ԿԲ-ն արել է վատ՝ քրեորեն պատժելի ձևով ու մենք դա կոծկում ենք։ Եթե նման բան կա, ուրեմն պետք է դիմենք իրավապահներին ու գնանք դրա  ետևից ու լուծենք այդ հարցը։ Եթե այդպիսի բան չկա, ուրեմն, կարծում եմ, որ ինչ-որ ստվերելու բան, վտանգ եմ այդտեղ տեսնում, որովհետև այդտեղ աշխատում են անբասիր, մաքուր, պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր անում են այս երկրի համար այն ամենը, ինչ-որ կարող են անել։ Եթե կան կոնկրետ «քեյսեր», եկեք գնանք դրանց հետևից․ բացարձակ խնդիր չունեմ, ոչ մի բանով կաշկանդված չեմ, ոչ ես, ոչ էլ այն մարդիկ, որոնք այսօր այնտեղ կան»,- ասաց Գալստյանը։   

Ներկայիս ճգնաժամային իրավիճակը պահանջում է, որ, այսպես ասած, կառավարության բանկիրը՝ ԿԲ նախագահը, ավելի բանկիր լինի, քան` նախկինում և ավելի ընդդիմադիր ու ընդդիմախոս լինի կառավարությանը՝ կարծիք հայտնեց խորհրդարանական մեծամասնության անդամ-պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, ապա հետաքրքրվեց․

«Արդյո՞ք դուք պատրաստ եք, այսպես ասած, կոշտ ձեր տեսակետը հայտնելու»։

Հարցին ԿԲ-ի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանի արձագանքը՝ ստորև․

«Գիտեք, որ ԿԲ-ն անկախ կառույց է և, ըստ այդմ, ոչ մի բանով կաշկանդված չենք։ Միակ բանը, որ մեզ երբևէ կաշկանդում է, դա մեր հայրենակիցների երկարաժամկետ բարեկեցության հարցն է։ Եվ այստեղ, եթե նույնիսկ կլինի խնդիր, որ պիտի ընդդիմանանք որոշակի որոշումներին, որոնք կարող են ստեղծել երկարաժամկետ խնդիրներ, այո՛, միանշանակորեն կընդդիմանանք»։   

Ի պատասխան բանկային գաղտնիքի վերաբերյալ վիճահարույց օրենսդրության փոփոխության մասին Էդմոն Մարուքյանի հարցի՝ Մարտին Գալստյանն ասաց, որ տեղին չի համարում այդ համատեքստում բանկային գաղտնիքը թուլացնող հանգամանքների մասին խոսելը։ Շեշետեց նաև, որ որպես բանկային կայունության պատասխանատու ԿԲ-ում այս պահին ֆինանսական կայունությանը սպառնացող վտանգ չեն տեսնում։     

Ի՞նչ անձնական մոտիվացիա կա, որը դրդել է նման բավականին բարդ ժամանակահատվածում համարձակություն և վստահություն գտնել՝ ստանձնելու այս բավականին կարևոր պաշտոնը՝ հետաքրքրվեց պատգամավորներից մեկը։

«Ինձ թվում է, դա կոչում կամ ինչ-որ մի բան է, որ դու որոշում ես, որ քո կյանքի այս փուլում կամ երկարաժամկետ կտրվածքով  նպատակ ես դնում՝ մարդկանց կյանքում փոփոխություններ բերելու, և դա է քեզ երջանկացնում»։

Թե ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը՝ որպես ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանն ավելի վաղ էր ներկայացրել ԿԲ-ի վերաբերյալ իր տեսլականում։ Անդրադառնալով նաև աշխարհը պատուհասած կորոնավիրուսին՝ խոսեց դրանով պայմանավորված ճգնաժամին արագ արձագանքելու քայլերի, զարգացման ցանկացած սցենարի պատրաստ լինելու ու ֆինանսական համակարգի անխափան աշխատանքն ապահովելու մասին։ Վստահեցրեց, որ ԿԲ-ն լինելու է այն հուսալի հենման կետը նաև այն կյանքի, որը գալու է կորոնավիրուսից հետո։

«Մարդիկ պետք է վստահ լինեն, որ ցանկացած իրավիճակում մակրոկայունությունը կպահպանվի՝ գները կմնան կայուն և ֆինանսական համակարգը կաշխատի անխափան: Հայաստանում այդ հենման կետը Կենտրոնական բանկի կողմից ստեղծված մակրոկայունության միջավայրն է: Մեր անտեսանելի ներկայության շնորհիվ է, որ մարդիկ խնայողություններ են ձևավորում՝ հավատալով, որ դրանք չեն արժեզրկվի, գործարարները իրականացնում են երկարաժամկետ ներդրումներ՝ հավատալով, որ ռիսկերը կառավարելի են»։

Իսկ կառավարությունն էլ կարող է կենտրոնանալ զարգացման ծրագրերի վրա՝ չմտածելով անկայունությունների սպառնալիքների մասին։ Համոզված եմ, որ մենք հաջողելու ենք՝ իր խոսքը եզրափակեց ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը։

Back to top button