ԿարևորՀասարակություն

Մեր մեծագույն խնդիրն է հաստատել լիարժեք վստահություն ոստիկանության աշխատանքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստում, մինչև օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորավորել է Ոստիկանության ծառայողներին մասնագիտական օրվա կապակցությամբ։

Իր խոսքում նա նշել է, որ ոստիկանությունն իրավակարգի պահպանության կարևորագույն ինստիտուտներից է, և նրա որակյալ աշխատանքից է կախված երկրում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, տնտեսական ու քաղաքական ազատությունների պահպանման և կիրառելիության մակարդակը:

«Պետք է խոստովանել, որ ՀՀ-ում ոստիկանության և հանրության հարաբերությունները պարզ չեն եղել, ունեցել են բազմաթիվ բարդություններ, նույնիսկ ճգնաժամեր, և այսօր մեր մեծագույն խնդիրն է հաստատել լիարժեք փոխվստահություն, լիարժեք վստահություն ոստիկանության աշխատանքի նկատմամբ: Դա մեր օրակարգի կարեւորագույն խնդիրներից է»,-ասել նա։ 

Անդրադառնալով ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը, վարչապետը նշել է, որ արդեն ապրիլի 1-ից պետք է սկսվեին գործողություններ այդ ուղղությամբ, բայց համաճարակը որոշակի սրբագրումներ է մտցրեց: Ամեն դեպքում բարեփոխումները շարունակվում են մնալ օրակարգային առաջնահերթություններից մեկը.

«Այդ օրակարգում երկու կարևոր հենասյուն կա. առաջինը հանրության լիարժեք վստահությունը ոստիկանության նկատմամբ, և երկրորդը՝ ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը: Նաև կարևոր է այս համատեքստում ոստիկանության իմիջի բարեփոխումը: Ոստիկանությունն իսկապես պետք է փոխվի և պետք է փոխվի այնպես, որ համապատասխանի այսօրվա Հայաստանի պահանջներին, այն հավակնություններին, որ մեր պետությունն ու ժողովուրդը ձևակերպում է»:

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են այն ոստիկանների հիշատակը, որոնք զոհվել են Հայաստանի օրենքը պաշտպանելիս: 

Back to top button