Գազի ու լույսի վճարի փոխհատուցումն արվելու է ավտոմատ. ոչինչ անել պետք չէ


Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող` կառավարության աջակցության ծրագրերին, «Ռադիոլուրը» մշտապես անդրադառնում է։ Փորձենք նաեւ դրանց անդրադառնալ առանձին` շահառուի տեսանկյունից։
Կառավարությունը որոշել է 30 կամ 50 տոկոսով փոխհատուցել փետրվար ամսվա կոմունալ վճարները։ Ի՞նչ պետք է անի շահառուն։
Գայանեն այսօր առավոտյան փետրվար ամսվա կոմունալ վճարումների ստացականները ձեռքին գնացել է «Հայփոստի» բաժանմունք իմանալու՝ պետական օժանդակության 12-րդ ծրագրի շահառո՞ւ է, թե՞ ոչ։ Պարզել է, որ շահառու է, բայց իր՝ փետրվար ամսվա մուծած բնական գազի ու էլեկտրաէներգիայի համար 30% փոխհատուցում չի ստացել։ Դեռ չի ստացել։
«Ասացին մենք դեռևս նման հրահանգ չունենք, երբ ստանանք հրահանգը՝ ըստ դրա էլ կգործենք։ Ես հասկացա, որ ծրագրից տեղյակ են, չժխտեցին, չասացին՝ նման բան չկա։ Իրենք էլ մեզ՝ շարքային քաղաքացիներիս նման լսել էին, որ նման որոշում կա, բայց դեռ չեն գործում»,– պատմում է Գայանեն։
Կառավարությունում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակվում են կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման ուղղությամբ անելիքների քննարկումները։ Առաջարկվող ծրագրերից 11-ի ու 12-ի մասին թյուրըմբռնում կա։
Քաղաքացին չգիտի՝ որտեղի՞ց, ինչպե՞ս և ո՞վ պիտի փոխհատուցի իր ծախսած էլեկտրաէներգիայի ու գազի վճարը։ Նախ մի բան է պետք հստակ իմանալ՝ պետական աջակցության 12-րդ ծրագրից կարող են օգտվել բոլոր այն շահառուները, որոնց այս տարվա փետրվար ամսվա ծախսը կազմել է բնական գազի համար՝ 10․001 — 30․000 դրամ ներառյալ, էլեկտրաէներգիայի համար ՝ 5․001 -10․000 դրամ ներառյալ։
Իսկ 11-րդ ծրագրի շահառուներ են այն քաղաքացիները, որոնք փետրվար ամսին ունեցել են մինչև 10.000 դրամ բնական գազի և մինչև 5.000 դրամ էլեկտրաէներգիայի ծախս։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ասում են՝ քաղաքացին անելիք չունի, եթե ծրագրի շահառու է, դրա մասին կիմանա։
«Գործընթացը լինելու է ավտոմատացված, կառավարության կողմից գումարը կփոխանցվի մատակարար ընկերություններին, և միջոցառման շահառու բնակիչ–բաժանորդների բաժանորդային քարտերին կփոխանցվի համապատասխան գումարը»,– ասում է ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։
Ընդ որում, եթե բնակիչ–բաժանորդն ունի պարտք, ապա գումարը ձևակերպվելու է որպես պարտքի մարում, եթե չունի, ապա կձակերպվի կանխավճար, ասում է ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։
Քաղաքացուց հասնում է միայն ստուգել բաժանորդային քարտը։ Եթե պարտաճանաչ կատարել է փետրվար ամսվա մուծումը, ապա գումարը կփոխանցվի բաժանորդային քարտին որպես կանխավճար՝ հետագա ամիսների վճարումների համար։ Դիմում գրել, գնալ «Հայփոստ»–ի բաժանմունք կամ որևէ բանկի մասնաճյուղ` չարժի։