ԿարևորՀասարակություն

Բնականոն կյանք՝ մեկուսացված Նորաշենում

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 18-ը ժամը 23։59-ը սահմանափակումներ են կիրառվել Արարատի մարզի Նորաշեն համայնքում։ Համայնքի մեկուսացման պատճառի մասին կառավարության նիստում խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  միաժամանակ տեղեկացրել, որ ապրիլի  20-ից տեքստիլ գործարաններին աշխատելու հնարավորություն կտրվի։

Համավարակի պատճառով մեկուսացվում է ոչ միայն մարդը, այլեւ` բնակավայրը։ Վերջին օրերին աշխարհի տարբեր վայրերից նման տեղեկություններ լսում ենք։ Այսօր արդեն նաեւ կարող ենք ասել, որ Հայաստանում եւս մեկուսացված բնակավայր կա։ Արարատի մարզի Նորաշեն համայնքը երեք օրով փակվել է։

Անգամ կառավարության նիստում են այսօր խնդրին անդրադարձել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան.

«Արարատի մարզի Նորաշեն համայնքում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել, և դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձն ուղեկցվել է թաղման արարողության։ Տվյալ անձը ոստիկանության ու մասնագետի ուղեկցությամբ է մեկնել գյուղ, բայց քանի որ պահը շատ հուզական է եղել, մեկուսացման պայմանները, անհրաժեշտ հեռավորությունը չի պահպանվել: Հարազատներով գրկախառնվել են, իսկ երկու օր անց այդ անձի մոտ թեստը դրական արդյունք է արձանագրել։ Այսինքն՝ հաստատվել է հիվանդության առկայությունը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նման դեպքերի պատճառով հարազատների միջև հարաբերություններ են քանդվում նաև: «Այսօր հայտնի դեպքեր կան, որ ընտանեկան ու ազգակցական հարաբերություններն ուղղակի փլուզվում են՝ մարդկանց պահվածքի հետևանքով: Այսինքն՝ պետք է շատ լուրջ վերաբերվել այս իրավիճակին»,-նշել է Փաշինյանը։ Նորաշեն համայնքում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով  փորձեցինք հեռախոսազրույց ունենալ համայնքի ղեկավար Արտակ Հարությունյանի հետ։

Պատասխանը հակիրճ էր․ «Ամեն ինչ նորմալ է, բնականոն կյանքով, մարդիկ ըմբռնումով են մոտենում»։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղեկացրել է, որ ապրիլի  20-ից տեքստիլ գործարաններին աշխատելու հնարավորություն կտրվի,  բայց եթե այդ գործարանների աշխատողներն ու գործատուներն առանձնահատուկ պատասխանատվություն չցուցաբերեն, որոշումը բերելու է աղետալի հետաևանքների, հավելել է վարչապետը։ Գործատունների ու աշխատակիցների բարձր պատասխանատվության անհրաժեշտության մասին խոսել է նաև առողջապության նախարար Արսեն Թորոսյանը։

«Նույն գործատուի շահերից է բխում բոլոր կանոնների պահպանումը, որ կարողանան ապահովել իրենց գործունեությունը։ Մենք երեկ էլի դեպք ենք ունեցել, երբ մի խոշոր գործատուի մոտ ունեցել ենք կորոնավիրուսի դեպքի հաստատում։  Դեպքը հայտնաբերվել է հենց մուտքի մոտ և գործատուն ու մյուս աշխատակիցները,  փաստորեն, զերծ  են մնացել  մեծ վտանգից»:

Իսկ վերադառնալով Նորաշենին` ասենք, որ համայնքի ելումուտի սահմանափակումը գործելու է մինչեւ ապրիլի 18- ը, ժամը 23։59- ը։  Սահմանափակումից բացառություն են լինելու միայն առաջին անհրաժեշտության ապրանքները, դեղորայք տեղափոխող տրանսպորտային միջոցները։ Որոշումը պարետ Տիգրան Ավինյանինն է:

Նույն որոշմամբ հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար ՀՀ ԱԱԾ և Ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրված են  հատուկ անցակետեր և զննման կետեր։

Back to top button