ԿարևորՀասարակություն

Արտակարգ դրությունը հոգևոր կյանքում

Հայ Առաքելական եկեղեցին օգնության ձեռք է մեկնել այն ընտանիքներին, որոնք արտակարգ դրության պայմաններում ինքնամեկուսանալով՝  հայտնվել են սոցիալական ծանր պայմաններում: Խոցելի վիճակը փոքր ինչ մեղմելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Արմավիրի թեմին տրամադրել է 2.5 մլն դրամ, ձեռք է բերվել  առաջին անհրաժեշտության սննդամթերք  և հատկացվել անապահովներին: Արտակարգ դրության ժամկետի երկարացումը  տարածվել է նաև եկեղեցու վրա: Մինչև Համբարձման տոնը պատարագները դարձյալ  կանցկացվեն փակ դռների ետևում:  

Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի  Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու դռները հիմա հավատացյալների առջև բաց են, բայց կրկին փակվելու են ևս 4 կիրակնօրյա պատարագներին: Մեծ Պահքի կեսն ու ավագ շաբաթվա պատարագներն ու արարողակարգերն  անցան փակ դռների ետևում, իսկ հավատավոր ժողովուրդը պատարագներին մասնակցել է հեռահար կերպով՝ հետևելով եկեղեցու ֆեյսբուքյան էջերի  ուղիղ եթերներին: Պատարագիչ քահանաները դժվարանում են հիշել պատմության մեջ կրկնվող դեպք, երբ եկեղեցին հարկադրված է դռները փակել ժողովրդի առջև: Արմավիրի թեմի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Ստեփանոս ավագ քահանա Մելիքյան.

«Երբ կատարում ես պատարագի արարողությունը և տեսնում ես եկեղեցին դատարկ, միայն հոգևորականներ են, ինչ որ տեղ մենք էլ մեզ լավ չենք զգում: Մենք ավելի ուրախ կլինենք, որ եկեղեցին լիքը լինի հավատացյալներով և հավատացյալների մասնակցությամբ կատարվի պատարագը, նրանց աղոթքները միանան ընդհանուր աղոթքին: Իմ ծառայության ընթացքում այսպիսի բան չի եղել, որ առանց հավատացյալների, եկեղեցու դռները փակ մենք պատարագ կատարենք: Ուղղակի մենք ըմբռնումով ենք մոտենում, պայմաններից է թելադրված էդ ամեն ինչը: Մենք էլ պետք է հետևենք կանոններին, մարդկանց հեռու պահենք շփումներից»:

Նոր տիպի կորոնավիրուսի տարածումն ու գրանցված մահերը տրտմություն են իջեցրել երկրի  վրա, այն մոլորակի, որը ստեղծել  է Աստված, և այս իրավիճակը եկավ վերստին հաստատելու ճանապարհ դեպի հավերժություն, դեպի աստվածություն՝ ասում է  Փարաքարի Ս. Հարություն եկեղեցու սպասավոր տեր Գեղամ ավագ քահանա Քեսաբլյանը: Աստծո տաճարը հոգևոր շունչ է ստանում հավատացյալների ներկայության շնորհիվ: Սոցիալական ցանցերով հեռասփռվող դռնփակ պատարագները տեր հայրը համեմատում է  հեռարձակվող ֆուտբոլային խաղի՝  մարզադաշտում անցկացվող խաղի հետ, որտեղ ֆուտբոլասերներն անմիջական շփման մեջ են խաղացողների հետ, ում կարողանում են փոխանցել իրենց  զգացմունքներն ու հույզերը.

«Երբ գալիս ես եկեղեցի, դու տիրոջ տանը նախ քո կենդանի շունչն ես բերում: Քարեղեն օծված տաճարը կյանք է առնում մարդով և հոգին սկսում է աշխատել այդտեղ, մտնում ենք պատարագի աղոթքների մեջ: ժողովուրդը կարոտ է այսօր, ծնկաչոք  է գալիս եկեղեցու դռների մոտ: Ճրագալույցի պատարագին եկեղեցին փակ էր ժողովրդի համար, բայց դռները բաց էինք թողել, մարդիկ դրսում հաղորդակից էին դարձել պատարագին, որի ավարտից հետո առանձին-առանձին հաղորդություն ստացան: Այսօր ժողովուրդն իրապես կարիքն ունի եկեղեցու  բացվելուն, բայց ստիպված են, որովհետև իրավիճակն է այդպես, մինչև տեսնենք Աստված երբ է կարգավորում»:

Եկեղեցիները բացի դռնփակ պատարագներ մատուցելուց  արտակարգ իրավիճակում հրաժարվել են ծիսակարգեր կատարելուց, որպեսզի մարդկանց զերծ պահեն շփումներից ու կուտակումներից՝ հնարավորինս մեղմելով համավարակի տարածումը: Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանն ասում է, որ եկեղեցու սպասավորներն արդեն մեկ ամիս չեն կատարում պսակ, մկրտությունը՝ միայն խիստ անհրաժետության դեպքում, թաղման կարգը՝ միայն բացօթյա, քիչ մարդկանցով: Անդրադառնալով դռնփակ պատարագներին սրբազան հայրն նշեց, որ բոլոր հոգևորականների համար է դժվար տեսնել եկեղեցին դատարկ, առանց հավատացյալների, քանի որ միասնական աղոթքի զորութունը շատ մեծ է :

Արտակարգ դրության պայմաններում, երբ մարդիկ հարկադրված մնացել են տանը, ինքնամեկուսացել, ավելի է սրվել սոցիալական վիճակը: Եկեղեցին այս դժվարին օրերին չի լքել նրանց: Սրբազան հոր խոսքերով  Վեհափառ Հայրապետը 2.5 մլն դրամ է հատկացրել Արմավիրի թեմին՝ սոցիալապես անապահով ընտանիքներին սննդով օգնելու համար:

«Մայր Աթոռի կողմից բոլոր թեմերին տրամադրվեց գումար, որպեսզի գնենք սննդամթերք և բաժանենք բոլոր մեր ժողովրդին: Եկեղեցին ոչ մի անգամ տարբերություն չի դրել՝ իր հավատացյալն է, եկեղեցի մշտապես հաճախում է, թե ոչ: Մեզ համար բոլորը հավասարազոր են, նույնիսկ, եթե շեղված են ճշմարիտ հավատքից»:

Խոցելի խմբերին օգնություններ տրամադրում են հասարակական կազմակերպությունները, կարմիր խաչը: Հասցեների  կրկնությունը բացառելու  նպատակով եկեղեցին ճշտել է օգնություն չստացածների ցուցակները:

Սոցիալական օգնության  փաթեթները կարիքավորների տներ են տարել  եկեղեցու սպասավորները:

Back to top button