ԿարևորՀասարակություն

Աջակցության 13-րդ ծրագրից կօգտվի 85000 ընտանիք

«Մարդուն անհրաժեշտ գումարը, աջակցությունը, տեղեկատվությունը հասնի  րոպե առաջ»․ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի հանձնարարականն է։  Կառավարությունն այսօր հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 13-րդ ծրագիրը։ Սա այս շաբաթ ընդունված սոցիալական երրորդ որոշումն է։

Վերջին  երեք ծրագրերը վերաբերում են քաղաքացիների կոմունալ վճարների աջակցությանը։ Իրենց անունները ցանկերում չգտնող քաղաքացիներին կառավարությունում հորդորում են  նորից փորձել, քանի որ ամեն օր ցանկերը համալրվում են։ Գործադիրի նիստում նաև  արդեն գործող տնտեսական  ծրագրերի  շահառուների  ցանկերն են  լրացվել։ 

Օժանդակել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների արդյունքում դժվար իրավիճակում հայտնված  ընտանեկան նպաստի համակարգում ներառված ընտանիքներին։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ ծրագիրը շահառուների այս խմբի համար է։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի տեղեկացմամբ, աջակցություն կստանա շուրջ  85 հազար ընտանիք.

«Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի 50 տոկոսի  չափով, որի 70 տոկոսը  ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլի նպաստի հետ, իսկ 30 տոկոսը՝ փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար, իսկ շահառուի բաժանորդ չհանդիսանալու դեպքում՝ գումարը կանխիկ է տրամադրվում»,- նշեց Բաթոյանը։

Գումարը կփոխանցվի ուղիղ էլեկտրաէներգիայի վճարմանը,  դիմում  գրելու կամ ՀԷՑ-ի մասնաճյուղ այցելելու անհրաժեշտություն չկա։ Աջակցության համար  կծախսվի 1․2 մլրդ դրամ։ Նույն տրամաբանությունն է  նաև աջակցության 11-րդ ու 12-րդ ծրագրերի  դեպքում։ 13-րդ ծրագրով, թերևս, այս  պահին փակվում է  պոտենցիալ շահառուների շրջանակը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝  չգրանցված, օրավարձով աշխատողների առնվազն 90 տոկոսն արդեն աջակցություն ստանում է։ Սրան ավելանում են նաև աջակցության 7-րդ, 9-րդ, 11-րդ կամ 12-րդ ծրագրերը։

«Օրավարձով աշխատողները որպես այդպիսին  որևէ տեղ հաշվառված չեն, որպեսզի մենք նրանց կոնկրետ անուն ազգանունով  հասցեական  գտնենք։ Դրա համար մենք նրանց անուղղակի ենք գտնում՝ 9-րդ ծրագրով երեխաների միջոցով, 11-րդ, 12-րդ, 13-րդ ծրագրով ՝ իրենց բաժանորդ լինելու հանգամանքի բերումով, 7-րդ ծրագրով՝ ընտանիքի երեխայի սպասելու բերումով։ Մեր կանխավարկածն այն է, որ օրավարձով աշխատողներն այդ հինգ կատեգորիաներից որևէ մեկում, որոշ դեպքում նույնիսկ երկուսում, կարող են լինել»,- ասաց Փաշինյանը։

Սոցիալական աջակցության 8-րդ ծրագրի շահառուներ դարձան նաև  երթուղայինների գրանցված վարորդները, մարզասրահների, բիլիարդի, սեղանի թենիսի, մասնավոր մանկապարտեզների, մանկական զարգացման կենտրոնների, էքստերմալ տուրիզմի գրանցված աշխատակիցներն ու ԱՁ-ները։

Սոցիալական աջակցության  9-րդ ծրագրի շահառուների ցանկը նույնպես ընդլայնվեց՝ աջակցության այս ծրագրից կարող են օգտվել նաև մարտի 12-ի դրությամբ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերը։

Սոցիալական աջակցության բոլոր ծրագրերն արդեն գործում են։  Այստեղ, սակայն, խնդիրներ կան․ նախ վարչապետն է պարզել՝ միշտ չէ, որ քաղաքացին գիտի, թե որ ծրագրի շահառու է, ինչ պետք է անի աջակցությունից օգտվելու համար։

Տեղյակ շահառուներն էլ այլ խնդիրների առաջ են կանգնում՝  էլեկտրոնային համակարգը խնդիրներ ունի։  Աջակցության 9-րդ ծրագիրը, որի շահառուներն են չգրանցված կամ օրավարձով աշխատողները, գործարկման առաջին իսկ ժամերից հետո մի քանի ժամ  չէր աշխատում։ Սրանից նաև վարչապետ Նիկոլ  Փաշինյանն է տեղյակ․

«Անձամբ պարզել եմ և համոզվել եմ, որ մեր մոդուլները միշտ չէ, որ բավարար չափով ու ճշգրտությամբ աշխատում են։ Պարզ է, որ մենք միջոցառում ենք ընդունում, առավել ևս սոցիալական այս ծանր վիճակում, 100 հազար մարդիկ միանգամից մտնում են ու փորձում են ստուգել՝ իրենք շահառու են, թե` ոչ։ Սա կանխատեսելի իրավիճակ է, երբ մենք որևէ ծրագիր շահագործում ենք, մեր ՏՏ մասնագետները պետք է նախապես այդ հաշվարկն անեն, համակարգերը այնպես կառուցեն, որ աշխատանքի ընթացքում չխափանվեն»։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը աջակցության 9-րդ ծրագրի հետ կապված նշեց, որ սպասարկող տեղեկատվական ենթահամակարգը ստեղծվել է 4 օրում, ապրիլի 14-ին, գործարկվելուց հետո, 40 ժամում 250 հազարից ավելի (264 801) դիմում է ընդունել․

«Եթե մենք ուղղակի բաժանում ենք րոպեի, ստացվում է, որ  մեկ րոպեում ստացվել է 110 դիմում։ Դրանցից 70 874 –ը հաջողությամբ ընդունվել է, մարդիկ տվյալները ճիշտ են լրացրել»,- ասաց Բաթոյանը։

Դիմումների մեջ  պարտադիր  լրացման դաշտերից է ՀԾՀ-ն։

Վարչապետ Փաշինյան․ «Կներեք, բայց ես չգիտեմ ՀԾՀ-ն ինչ է»։

Զարուհի Բաթոյան․ «ՀԾՀ-ն՝ հանրային ծառայությունների համարանիշն է՝ սոցիալական քարտը, առանց որի որևէ գործարք չի կատարվում»։

Մարդուն անհրաժեշտ գումարը, աջակցությունը, տեղեկատվությունը հասնի  րոպե առաջ` հանձնարարում է վարչապետը։

«Ասել ենք, որ մենք ձեզ օգնում ենք, բայց խնդիր ունենք այդ օգնությունը ժամանակին տեղ հասցնելու գործում։ Պետք է ամբողջ ուժերը դրվեն դրա վրա։ Կարևոր է, որ աջակցությունը րոպե առաջ հասնի մարդուն։ Հիմա արդեն հրապարակային ենք քննարկում, աշխատանքային ռեժիմում մի քանի անգամ այն քննարկել ենք»,- ասաց Փաշինյանը։

 Տնտեսական աջակցության երրորդ ծրագրի շահառուների ցանկը նույնպես ընդլայնվեց․ սա ոլորտային աջակցություն է կորոնավիրուսի հետևանքով տուժած տնտեսական ոլորտների ներկայացուցիչներին։ 2019թ 24-500 մլն դրամ  շրջանառություն ունեցող  մշակող արդյունաբերության, հանրային սննդի,  զբոսաշրջության, սպասարկման այլ ծառայությունների, առողջապահության,  փոխադրումների ոլորտների տնտեսավարողները կարող են նախորդ տարվա իրենց իրացման  շրջանառության 10 տոկոսի չափով  վարկ ստանալ՝  առանց բանկ այցելելու։

Գումարը տրամադրրելիս  6 ամիս   մայր գումարի վճարման կարիք չկա, երկու տարի 0 տոկոս տոկոսադրույքով, 3-րդ տարին՝ 12 տոկոս տոկոսադրույքով։ Տնտեսվարողները  պետք է դիմեն  ներդրումների աջակցման կենտրոն։ Կարևոր է հարկային ու վարկային բարվոք պատմություն ունենալը՝   30 օրը գերազանցող վարկային  պարտավորություն և բռնագանձման վարչական վարույթ չունենալը։ Այս  ծրագրում ներառվեցին նաև մասնավոր մանկապարտեզների,  շինարարության, սպորտի բնագավառում աշխատող,  զվարճությունների ու հանգստի այլ ոլորտների տնտեսվարողները։

Back to top button