ԿարևորՀասարակություն

Սոցիալական ծրագրերը՝ ճիշտ հասցեատերերին

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում  չափազանց խոցելի վիճակում է հայտնվել սոցիալապես անապահով խավը։ Շատերը հենց այս օրերին են համալրել գործազուրկների բանակը։ Նրանց օգնելու նպատակով ոչ միայն կառավարությունը, այլև հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական նախաձեռնությունները տարբեր ծրագրեր են իրականացնում, սակայն քիչ չեն դեպքերը, երբ հավանական շահառուներն այդ ծրագրերի մասին տեղյակ չեն լինում։

Շուրջ 25 մլրդ դրամ է կառավարությունը հատկացրել կորոնավիրումի համավարակի հետեւանքներից տուժած քաղաքացիներին աջակցելու համար։ Պետությունից բացի նաեւ տարբեր բարեգործական ու հասարակական կառույցները, նաեւ անհատներ են փորձում օգնել կարիքավոր մեր հայրենակիցներին եւ այստեղ կարեւորվում է պետական եւ հասարակական ջանքերի համակարգումը։ 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանի խոսքով՝ սոցիալական փաթեթի հասցեականությունն ու հասանելիությունն ապահովելու համար  որոշել են նախ՝  դասակարգել  խմբերը և օգնությունը տրամադրել ըստ խոցելիության։

 «Առաջին թիրախը, որ ընտրել ենք, միայնակ անժառանգ տարեցներն են։  Ապա այն մարդիկ են, որոնք տեղաշարժի և այս պահին  ծառայություններից օգտվելու խնդիր ունեն։ Մենք թիրախավորել ենք նաև բազմազավակ ընտանիքներին, որոնք սոցիալական խնդիր ունեն և ներգրավված են մեր նպաստի համակարգում»,- ասաց Գեմաֆին Գասպարյանը։

Կառավարության սոցիալական փաթեթում ընդգրկվում  են  հատկապես համավարակի պատճառով աշխատանքն ու եկամուտը կորցրած ընտանիքները։ Նրանց դրամական օժանդակություն է ցուցաբերվում։ Օժանդակության թիրախներ են հայտնաբերվում  նաև նախարարության՝ 114 թեժ գծին ուղղված  հեռախոսազանգերի միջոցով։

 «Ամսի 17-ից հետո մենք կրկնապատկեցինք 114 թեժ գծի աշխատակազմը, բայց քանի որ ծավալները շատ մեծ էին, արդեն տասը օր է ներդրել ենք նոր համակարգ, որը ավելի մեծ ծավալով աշխատանք է իրականացնում»։

«Վորլդ Վիժն» Հայաստանի երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանն ասում  է, որ սոցիալական ծրագրեի հասցեականությունն ապահովելու համար անում են առավելագույնը, բայց համընկնումներից ամբողջությամբ խուսափելը գործնականում գրեթե անհնար է։ Այսինքն ՝ չի բացառվում, որ մեկ անձը օգտվի մի քանի ծրագրից, փոխարենը՝ կլինեն մարդիկ, որոնք որևէ ծրագրից չեն օգտվի։ Նման խնդիրներից խուսափելու համար կարծում է , որ  պետք է  միավորել  ջանքերը։ Օգնությունը թիրախավորելիս Վորդ Վիժնը խնդիրը փորձում է դիտարկել  նաև երեխաների խոցելիության տեսանկյունից։

Աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում  Աիդա Մուրադյանը արձանագրել է մի խնդիր, որի մասին  բարձրաձայնում է՝ ունենք անձնական տվյալների անվտանգության հարց։ Երբեմն բաց հարթակներում մարդիկ տեղադրում են, օրինակ, սոցիալական քարտը՝ խնդրելով օգնություն տրամադրել այդ տվյալների հիման վրա։

Այս օրերին՝ անձնական նախաձեռնությամբ սոցիալական աջակցություն   է իրականացնում նաև լրագրող Լիա Խոջոյանը, որը  ևս բացահայտել  է մի շարք խնդիրներ․

«Երբ լուր տարածվեց, որ կառավարությունն իրականացնում է սոցիալական ծրագրեր, մեր խմբագրությունը  սկսեց նամակներ ստանալ  այն մասին, թե ովքեր են դուրս մնում, ու պարզվեց, որ բավականին շատ մարդիկ են դուրս մնում  այդ ծրագրերից։  Այդ ընթացքում ես որոշեցի ընկերներիս միջոցով գումար կամ սնունդ հավաքել ու գնալ  այդ նամակների հասցեներով»,- նշեց Խոջոյանը։

Իրականում հասցեականության լուրջ խնդիր կա, ինչը նաեւ Հայաստանում սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացած չլինելու հետեւանքն է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ  Գեմաֆին Գասպարյանը նշում է՝ աջակցության ծրագրերի մի մասը ծնվել են պահի հրամայականով, հետևաբար անընդհատ  շտկումների կարիք կա։ Օգնության հասցեկանությունն ապահովելու համար, ըստ նրա, այս պահին օգտվում են հնարավոր բոլոր միջոցներից։

Back to top button