ԿարևորՀասարակություն

Ջանք ու հնարավորություն չենք խնայում այս պայքարը նվազագույն կորուստներով հաղթելու համար․ Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեսաուղերձով դիմել է արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն սփյուռքյան կառույցներին և անհատներին, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարում հայրենիքին գործնական և մասնագիտական աջակցություն են ցուցաբերում: Հավաստիացրել է, որ ջանք ու հնարավորություն չի խնայվում այդ պայքարը նվազագույն կորուստներով հաղթելու համար:

«Ամբողջ աշխարհն այս օրերին պայքարում է Կորոնավիրուսի համավարակի դեմ, և հայ ժողովուրդն իր համաշխարհային տարածմամբ անմասն չի մնացել այս պայքարից: Այս ճգնաժամային պայմաններում Հայաստանի կառավարությունը դիմել է մի շարք քայլերի՝ համավարակի տարածումը սահմանափակելու, հիվանդներին համապատասխան բուժում հատկացնելու, սոցիալ-տնտեսական ամենախոցելի խավերին աջակցելու և տնտեսությանը խթանելու նպատակով: Հավաստիացնում եմ, որ մենք ջանք ու հնարավորություն չենք խնայում այս պայքարը նվազագույն կորուստներով հաղթելու համար:

Եվ չնայած նրան, որ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս ապրում և գործում են արտակարգ պայմաններում, այսօր սփյուռքը շարունակում է կանգնած մնալ հայրենիքի կողքին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն սփյուռքյան կառույցներին և անհատներին, որոնք հայրենիքին գործնական և մասնագիտական աջակցություն են ցուցաբերում:
Ձեզանից յուրաքանչյուրի կյանքը, առողջությունն ու բարեկեցությունը հայրենի կառավարության համար շատ կարևոր են:

Այս դժվարին օրերին խնդրում եմ հետևել ձեր բնակության երկրների իշխանությունների ցուցումներին և սահմանափակումներին, խուճապի չմատնվել, հետևել միայն հավաստի տեղեկությունների և առողջապահական պաշտոնական մարմինների ուղեցույցին, հաճախակի լվանալ ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն, մնալ տանն ու այս ճանապարհով հեշտացնել բժիշկների պատասխանատու աշխատանքը:

Եղե՛ք առողջ ու ապահով և պահպանեք զգոնությունն ու լավատեսությունը: Պայքարը լինելու է երկար և ծանր, սակայն մենք կհաղթանակենք միասին: Մինչ նոր հանդիպում մեր բոլորի հայրենիքում»,- ասվում է տեսաուղերձում:

Back to top button