Պաշտոնյան պետք է ծնված լիներ 612 թվականին` իր ներկայիս գույքը կուտակելու համար


Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագիծն այսօր վերջին ընթերցմամբ է քննարկվել ԱԺ-ում և վաղն արդեն կդրվի քվեարկության: Նախագիծը համարվում է առանցքայիններից մեկը՝ թավշյա հեղափոխության ժամանակ տրված խոստումների համաձայն: Պատգամավորներից, սակայն, ոչ բոլորն են համամիտ, որ նախագծով տրվում են անհրաժեշտ բոլոր լուծումները՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար:
Տեսակետ կա, որ այս նախագիծն ամբողջական չէ, ինչպես նշեցին «կիսատ-պռատ» է:
Ուշագրավ է, որ այսօր խորհրդարանում պահպանվել են լարված հարաբերությունները ընդդիմության և իշխանական պատգամավորների միջև, ինչը սկսվել էր դեռ երեկվանից: Այսօր արդեն ԱԺ նախագահն ստիպված էր բանավոր նկատողություն հայտնել:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը Հայաստանում պետք է վաղուց գործող օրենք լիներ, առնվազն 2015 թվականից: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում գործուն մեխանիզմ ունենալու պահանջը միջազգային կառույցների կողմից մշտապես ներկայացվել է հայաստանյան իշխանություններին: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս հարցով կարծես վերջին անգամ այսօր ներկայացավ խորհրդարան:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» և հարակից օրենքների փաթեթն վերջին ընթերցմամբ քննարկվեց որհրդարանում:
«Տարիներ շարունակ միջազգային գործընկերները կոչ են արել Հայաստանին ներդնել բոլոր գործիքները, որոնք էֆեկտիվ մեխանիզմներ են կոռուպցիայի դեմ պայքարի համար: Ի՞նչ են արել Հայաստանի նախորդ կառավարությունները և խորհրդարանական մեծամասնությունը՝ բնականաբար ոչինչ: Ինչով է զբաղված հիմա խորհրդարանական ընդդիմությունը, ինչու չի ցանկանում, որ ներդրվեն այն բոլոր գործիքները, որոնք էֆեկտիվ են կոռուպցիայի դեմ պայքարի համար»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Արդարադատության նախարարը խոստովանում է, որ 2018 թվականից սկսած կատաղի դիմադրություն է զգացվել այս նախագիծը մշակելիս: Մինչդեռ խորհրդարանական ընդդիմության՝ թե «Բարգավաճ Հայաստան»-ի, թե «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները հիշեցնում են՝ առաջին ընթերցմամբ կողմ են քվեարկել նախագծին: Հետո փորձել են առաջարկներով լրամշակել նախագիծը: Մտահոգություններ ամեն դեպքում մնացել են երկու խմբակցությունում էլ:
Միքայել Մելքումյան․ «Մինչև 93 թվականի նոյեմբերը գործել է ռուբլի: Այստեղ պրոբլեմ է, շատ բարդ է լինելու դրա գնահատումը: Երկրորդը՝ 94-95 թվականներին երկու անգամ կատարվել է համատարած վերագնահատում հիմնական միջոցների, որը մի քանի անգամ գույքի արժեքը մեծացրել է: 3-ը՝ սեփականության գրանցման ինստիտուտը ձևավորվել է 98-ին և գործել է 99 թ հունվարի 1-ից»:
Արկադի Խաչատրյան․ «Շատ կարևոր եմ համարում, որպեսզի վերադարձվող գումարները ոչ թե գնան պետական բյուջե, այլ՝ ուղղվեն հատուկ ստեղծվող Համերաշխության հիմնադրամ, որտեղից միջոցները կծախսվեն բացարձակապես համազգային նշանակության ծրագրերի վրա: Դա կլինի առաջնագիծը ամրապնդելու տեխնոլոգիական վերազինման, դա կլինի տեխնոլոգիական համալսարան ստեղծելու, դա կլինի Իրանի հետ կապող երկաթգծի կառուցման, երկարաժամկետ, համազգային նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար»:
Առաջինից երկրորդ ընթերցում նախագծում մի շարք փոփոխություններ են արվել: Ավելացվել են անձանց իրավունքների պաշտպանության հավելյալ երաշխիքները, փոխվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը՝ 25 մլն դրամից 50 մլն դրամի:
Ժամկետների մասով էլ արդարադատության նախարարը հստակեցնում է.
«Ուսումնասիրությունը սկսելուց առաջ պետք է ներառի առավելագույնը 10 տարի նախորդող, իսկ բացառիկ դեպքերում, երբ պահպանվել են գործի համար էական ապացույցները՝ ավելի երկար, բայց սահմանափակվելով 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածով»,- ասաց Բադասյանը:
Այս ամենով հանդերձ, նախագծի վերջնական տարբերակից որոշակի դժգոհություն ունի նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Ցավոք, այս հարցում մենք բախվում ենք նույն այն կիսատ-պռատությանը, ինչ ունենք կառուպցիայի դեմ պայքարի, անցումային արդարադատության, վեթինգի պարագայում: Կարևոր է ոչ միայն լավ շարադրված օրենքը, այլ՝ դրա իրականացման իմպլեմենտացիայի երաշխիքները: Ահա այստեղ է, որ ես խնդիրներ եմ տեսնում»,- նշեց Բաբաջանյանը:

Մինչդեռ խորհրդարանական մեծամասնությունը գոհ է փաստաթղթի վերջնական տեսքից: Իմքայլական պատգամավորները խոսում են հանրությանը տված ամենամեծ և հիմնական խոստումը կյանքի կոչելու մասին:
Վահագն Հովակիմյան․ «Այսօր ունենք մի փաստաթուղթ, որը Հայաստանի իրականության մեջ ներդնում է նոր համակարգ, որը այևս թույլ չի տալու, որպեսզի պետությունից գումարները գողացվեն և տարվեն այն հույսով, որ միևնույնն է՝ զոքանչի անունով կգրեն, հետո կվայելեն: Ոչ»:
Հովհաննես Իգիթյան․ «Եթե նայենք միայն մամուլում տեղ գտած այդ վիդեոռեպորտաժները նախկին պաշտոնյաների գույքի մասին, ապա խոսքը հարյուրավոր միլիոնների մասին է: Հիշում եք՝ Ջերմուկում հեկտարներ, այնտեղ, այնտեղ: Խոսքն այն մասին է, որ այս մարդիկ պետք է հիմնավորեն»:
Արեն Մկրտչյան․ «Բերեմ կոնկրետ օրինակ: 2017 թվականին 11 ամիս շարունակ լրագրողական հետաքննություն է արվել բարձրաստիճան պաշտոնատար պաշտոնյաներից մեկի գույքի և ունեցվածքի հետ կապված, որի հայտարարագրված ամսական աշխատավարձը կազմել է 416 հազար դրամ, իսկ հետաքննության արդյունքները հրապարակվել և ներկայացվել են հանրությանը: Միայն թվարկվածի գումարային արժեքը կազմում է 14.5 միլիոն դոլար: 416 հազար դրամ աշխատավարձով 14.5 միլիոն դոլարի գույք, ունեցվածք ունենալու համար անհրաժեշտ է 1408 տարի: Այսինքն՝ այդ պաշտոնյան պետք է ծնված լիներ մեր թվարկության 612 թվականին ու ծնված օրվանից նշանակված լիներ այդ պաշտոնին»:
Գայանե Աբրահամյան ․ «Սա մեր հեղափոխության հիմնարար խոստումներից էր, սա նաև հանրության հիմնական ակնկալիքներից մեկի՝ թալանածը վերադարձնելու իրավական անխոցելի մեխանիզմն է»:
Հովհաննես Աղազարյան ․ «Նաև պետք է նշեմ այս օրենքի կանխարգելիչ նշանակությունը»:
Հանրային հնչեղություն ունեցող այս հարցի քվեարկությունը կկազմակերպվի վաղը, իսկ քննարկումն անցավ ավելի հանդարտ պայմաններում, քան՝ «Լուսավոր Հայաստան»-ի նախագծերից մեկի քվեարկությունը: Տարաձայնությունը սկսվել էր դեռ երեկ՝ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում ԼՀԿ-ի առաջարկած լրացումների քննարկման ժամանակ:
Այսօր շարունակվեց քվեարկության պահին.
Սուրեն Գրիգորյան – Էդմոն Մարուքյաներկխոսությունը ստորև․
— ԼՀԿ-ին ուզում եմ առաջարկել
-Դու ո՞վ ես
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Ինչ է նշանակում դու ով ես: Աժ կանոնակարգ-օրենքով՝ Էդմոն Մարուքյանին հայտարարվում է նախազգուշացում՝ պատգամավորների հետ անհարգալից խոսելու համար»:
«Ուզում եմ Աժ նախագահի անաչառությունը հարցականի տակ դնել: Որերորդ անգամն է դուք «Իմ քայլը» դաշինքի վիրավորական ելույթներին չեք արձագանքում և արձագանքում եք միայն ընդդիմության ելույթներին: Այդ նկատողությունների հետ կապված տպավորություն ունեմ, որ իշխանություն է ընկել ձեռքներդ, չգիտեք՝ ոնց օգտագործեք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Արարատ Միրզոյան ․ «Պարոն Մարուքյան, այս ձևակերպումը և այսպիսի խոսքերը ինձ չեն վնասում և իմ թաքնված իղձերի մասին չեն խոսում, այլ՝ երևի այդ բառերի հեղինակի: Ամեն ինչ կարող եք դնել կասկածի տակ, դա ձեր իրավունքն է: Եվ եթե դուք չեք տեսնում տարբերությունը քաղաքական ելույթի միջև՝ ամբիոնից արվող, որտեղ ասվում է՝ դուք մանիպուլյատոր եք, որովհետև ձևախեղում եք և այլ կերպ եք ներկայացնում փաստերը և տեղից խոսող պատգամավորին ասում եք՝ դու ով ես: Եթե չեք տեսնում՝ եռակի անգամ ցավում եմ ձեզ համար»:
Այս վիճաբանությունից և նկատողություն ստանալուց հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ցուցադրաբար լքեց Աժ դահլիճը: