ԿարևորՔաղաքական

Հետընտրական Արցախը

Արցախի նախագահական ընտրությունների ապրիլի 14-ին կայացած  երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքներով նախագահ է ընտրվել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Ընտրությունները կայացել են ոչ սովորական, իսկ երկրորդ փուլն ընդհանրապես արտակարգ իրավիճակի պայմաններում:

Երկրորդ փուլի քվեարկությունն առանձնահատուկ էր: Ընտրատեղամաս գնացողները հիմնականում Արայիկ Հարությունյանի կողմնակիցներն էին: Պատահական չէ, որ նա ստացած քվեների թվով  մարտի 31-ի ընտրությունների ցուցանիշը գերազանցել է 3784 ձայնով: Ընտրությունների մասնակցության ցուցանիշը, սակայն, համեմատաբար ցածր է։ Եթե առաջին փուլին մասնակցել է ընտրողների 73.5 տոկոսը, ապա այս փուլում դա ընդամենը 45 տոկոս էր և Արայիկ  Հարությունյանն ստացավ   ձայների 88 տոկոսը: Հետաքրքիրն այն է, որ հակառակ Մասիս Մայիլյանի կոչին՝ չգնալ ընտրություններին, նրա օգտին  քվեարկել է 5428 մարդ:

Այսօր հայտարարություններով հանդես են եկել թեկնածուները: Նախագահական ընտրությունների 2-րդ փուլը զուտ տեխնիկական բնույթ ուներ՝ նշել է Մասիս Մայիլյանը:

Որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, հաշվի առնելով անցկացված համապետական ընտրությունների արտաքին-քաղաքական կարևորությունը, ինչպես նաև ի գիտություն ընդունելով նախագահական ընտրությունների 2-րդ փուլի քվեարկությունից հետո ԱՀ  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեղեկատվությունը, Մասիս Մայիլյանը հաջողություն է մաղթել Արցախի Հանրապետության հաջորդ նախագահ Արայիկ Հարությունյանին և, համավարակի տարածումը հնարավորինս կանխելու նպատակով, քաղաքացիներին կոչ արել հետընտրական ժամանակահատվածում իրենցից կախվածն անել՝ պատկան մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների արդյունավետությունն ապահովելու համար։

Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիս է հրավիրել: Ասել է, որ պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ և հանդիպումներ է նախատեսում նաև ընդդիմախոսների հետ:

Այս օրերին դեռևս միայն սոցցանցերում քաղաքական  հայտարարություններ են անում ընդդիմադիր ուժերը, խոսվում է համախմբման և պայքարի նոր մարտավարության որդեգրման անհրաժեշտության մասին: Թերևս իրադարձությունների ակտիվացում կլինի համավարակի հաղթահարումից հետո: Արցախում արդեն ազատ տեղաշարժի սահմանփակումներ կան  յոթ համայնքներում։ Ընդ որում` դրանք գտնվում են  3 շրջաններում:

Back to top button