ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն ընդդեմ ԱՀԿ-ի․ Թրամփի կտրուկ քայլը

Միացյալ Նահանգները սառեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը։ Վաշինգտոնը կհետաքննի ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցի  կառավարման ձախողումները կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, քանի որ ԱՀԿ-ին կասկածում է Չինաստանի շահերը պաշտպանելու մեջ։

ԱՄՆ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենախոշոր դոնոր երկիրն է, որի հատկացումները կազմում են  ԱՀԿ-ի բյուջեի 15 տոկոսը։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ձախողել է հիմնական պարտավորությունը և պետք է հաշվետու լինի, քանի որ տարածել է չինական  ապատեղեկատվություն, ինչն էլ բերել է ավելի մասշտաբային հետևանքների », — հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը Սպիտակ տանը երեքշաբթի կայացած ասուլիսի ժամանակ։

Թրամփը պնդել է, որ ԱՀԿ-ն չի կարողացել ժամանակին ստանալ, ստուգել ու տարածել COVID-19-ի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ վարակի  բռնկումից հետո ձախողել է շտապ  ուսումնասիրության իրականացումն ու չի կարողացել արագորեն  տագնապի ձայն բարձրացնել: Սպիտակ տան ղեկավարի համոզմամբ, եթե մասնագիտացված առողջապահական կառույցն ավելի զգոն լիներ, այսօր աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը քսան անգամ պակաս կլիներ։

 «Նրանք կանգնեցին Չինաստանի կողքին՝  բարձր գնահատելով Պեկինի բաց քաղաքականությունը, երբ Միացյալ Նահանգները դադարեցրեց ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ»,- շարունակել է Թրամփը և հիշեցրել յուրաքանչյուր տարի Վաշինգտոնը 400-500 մլն  դոլար է տրամադրում կազմակերպությանը, դա տասն անգամ ավելի է Չինաստանի վճարից։  Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը  հարցերի պատասխանները մտադիր է ստանալ  60 -90-օրյա ժամկետում։

Թրամփի քննադատությունը, ինչպես ամերիկյան լրատվամիջոցներն են այսօր գրում, հիմնված է մի քանի փորձագետների կարծիքի վրա, որոնց համոզմամբ համաճարակի վաղ փուլում ԱՀԿ-ն հենվում էր բացառապես Չինաստանի տրամադրած տվյալների վրա՝ փաստացի անտեսելով Թայվանից ստացվող տեղեկությունները,  որ կորոնավիրուսը մարդուց մարդուն է փոխանցվում։

Վաշինգտոնը ԱՀԿ ֆինանսավորումը սառեցնելու քայլին գնաց Միացյալ Նահանգներում վարակի տարածման ամենաբարձր ցուցանիշների պայմաններում․ այս պահին տերությունն առաջատարն է ինչպես վարակակիրների, այնպես էլ մահացածների թվով, իսկ Նյու Յորքը շարունակում է մնալ ծանր կացության մեջ։

Մինչ կպարզվի, իսկապես գործել է ԱՀԿ ղեկավարությունը հօգուտ Չինաստանի թե ոչ, նշենք, որ   կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի պատասխանատուն, իսկապես, տրամաբանորեն հենց ԱՀԿ-ն պետք է լինի ու, թերևս, հենց այս մասնագիտացված կառույցի գործառույթների մեջ է մտնում նման վտանգների ամբողջական և ժամանակին գնահատելը։

Այնուամենայնիվ՝ արդյո՞ք կան նաև քաղաքական հաշվարկներ Թրամփի գործողություններում, թե՞ նրա քայլն իսկապես թելադրված է սեփական երկրի քաղաքացիների շահերի պաշտպանությանբ ու ամերիկացի հարկատուների գումարները ապարդյուն չվատնելու  ցանկությամբ։  

Վերլուծաբանների համոզմամբ, այս իրադարձություններն ունեն նաև  քաղաքական բաղադրիչ և դիտարկում են այդ թվում` Վաշինգտոն –Պեկին լարված հարաբերությունների համատեքստում։ Բացի այդ՝  նշվում է, որ Թրամփի՝  ԱՀԿ ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը կարող է պայմանավորված լինել ներամերիկյան իրողություններով։ Նախագահական ընտրություններին հաշված ամիսներ են մնացել, իսկ կորոնավիրուսի տարածման պայմաններում գործող նախագահի վարկանիշը շարունակում է անկում ապրել։ 

Անդրադառնանք նաև կազմակերպության գործող ղեկավար եթովպիացի Թեդրոս Հեբրեյսուսին։  Նա իր  կարիերայի ընթացքում մեկ անգամ չէ, որ հայտնվել է սկանդալային պատմությունների մեջ։ Հարթ չի եղել Հեբրեյսուսի քաղաքական անցյալը Եթովպիայում, որի առողջապահության նախարարն է եղել վերջինս։ ԱՀԿ ղեկավար ընտրվելուց հետո էլ նրա անունը մի քանի անգամ հիշատակվել է ոչ շահեկան լույսի ներքո, երբ  Հեբրեյսուսը Զիմբաբվեի բռնապետ Մուգաբեին 2017 թվականին  նշանակել է ոչ ինֆեկցիոն հիվանդությունների բարի կամքի դեսպան, կամ՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Թերեզա Կասաեւային առանց մրցույթի նշանակել է ՄԱԿ-ի Հակատուբերկուլյոզային ծրագրի ղեկավար:

Կարդացեք նաև
Close
Back to top button