Մարտահրավեր ողջ աշխարհին. COVID-19–ի տնտեսական վնասներն ավիացիայում


Տնտեսական այս բարդ իրավիճակում քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պատասխանտուները խոսում են ավիացիայի դերի կարևորության մասին։ Վնասներն ակնհայտ են, համաշխարհային գործընթացներից անմասն չէ նաև Հայաստանը։
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակից զատ՝ հայկական ավիացիայում կրքերը լարված են։
Վերջին շրջանում հայկական ավիացիայի շուրջ կրքեր են՝ ներսից ու դրսից։ Մե՛կ Հայաստանի մասին ԵՄ թռիչքային անվտանգության գործակալության զեկույցն է շրջանառվում՝ թերություններ արձանագրելով, մե՛կ վարչապետի ավիացիայի գծով արդեն նախկին խորհրդականն է հրաժարական տալիս։
Արտակարգ դրության պայմաններում ոլորտի հանդեպ հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում, տարբեր շահագրգիռ կողմեր ոլորտի պատասխանատուներից պահանջում են հստակ պատասխաններ։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Դանիայից, իսկ իր տեղակալ Գալուստ Պողոսյանը Հայաստանից են պատասխանում ոլորտին առնչվող հարցերին։ Ուղիղ տեսակապը տևում է երկար՝ մոտ երկու ժամ։
Ռևազյանը շտապում է խոսել ԵՄ թռիչքային անվտանգության գործակալության զեկույցի մասին, նշում, որ կարող են հրապարակել զեկույցից հատված, որում ասվում է, որ նոր ղեկավար կազմը ընդհանրապես կապ չունի այս խնդիրների և իրավիճակի հետ, որ կա մեր երկրի ավիացիոն ոլորտում.
«Այն զեկույցը, որը պատրաստել է Եվրոպական միությունը մեր մասին, որևէ ձևով չի ասում, որ թերությունները հայտնաբերվել են վերջին երկու տարվա ընթացքում։ Կոնկրետ թերություններ են նշում, որ նկատել են այցի ընթացքում, որը տեղի է ունեցել փետրվարի 2-7–ը»,- նշում է Տաթևիկ Ռևազյանը։

Հարցերը, հիմնականում վերաբերում են Ռևազյանին՝ Հայաստան վերադառնալու ժամկետներին, անձնական խնդիրներին վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ, ԵՄ զեկույցին։
Նույն հարցերին պատասխանում է մի քանի անգամ։ Կոմիտեի նախագահն ասում է, որ իր ու Ճաղարյանի տարաձայնությունները գործնական սահմանը չեն անցել, անձնական խնդիր որևէ մեկի հետ չունի։
Անձնական բնույթի հարցերին պատասխանելուց հետո վերջապես գործնական հարցերին գալով, խոսքը կոմիտեի նախագահի տեղակալ Գալուսը Պողոսյանինն է։
Ասում է՝ կորոնավիրուսով ստեղծված իրավիճակով պայմանավորված տնտեսական վնասներն արդեն երևում են, մնացածի մասին՝ պոստ ֆակտում։
«Ակնհայտ է, որ ոչ միայն ՀՀ, այլ նաև ամբողջ աշխարհն է տնտեսական վնասներ կրելու COVID-19-ի պատճառով։ Արձանագրվել է 90% թռիչքների նվազում»։
Տնտեսական այս բարդ իրավիճակում կոմիտեի պատասխանտուները շեշտում են ավիացիայի դերի կարևորությունը։ Իսկ ինչքա՞ն ավելի քիչ կլինեն դրանք ազգային ավիացիա ունենալու դեպքում մասնագետների եզրակացությունների հարցն է։
Ոմանք ռազմավարական կարևորության հարց են համարում, ոմանք՝ ժամանակի ընթացքում լուծելիք։ Առաջիկայում ավելի կարևոր հարցեր կան, ասում են։