ԿարևորՀասարակություն

Հասանելի են սոցիալական աջակցության բոլոր ծրագրերը

Կառավարությունում քննարկվում է   կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 12-րդ ծրագրի  նախագիծը, այսօր հայտնել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նա մանրամասներ չի ներկայացրել, միայն նշել է, որ այս ծրագիրը, ինչպես նախօրեին հաստատված 11-րդ ծրագիրը, վերաբերելու է  կոմունալ վճարներին։ Իսկ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները  չեզոքացնող  ծրագրերի սոցիալական բաղադրիչները  երեկվանից հասանելի են։ Անդրադառնալով հարցին, արդյոք տրամադրվող փաթեթները  բավարա՞ր են տնտեսվարողների ու քաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու համար, նախարարն ասել է․ «Բնականաբար  բավարար չեն։ Սրանք իրավիճակային  աջակցություն են, որոնք պետք է օգնեն  իրավիճակը մեղմելուն։ Կայունացմանն ուղղված  քայլերի քննարկումները շարունակվում են»։

Երեկ մեկնարկած կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն ուղղված սոցիալական աջակցության իններորդ ծրագրի ամենամեծ խնդիրը  չգրանցված աշխատողների մասին ամբողջական տեղեկատվության բացակայությունն է։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է բարձրաձայնում խնդրի մասին։ Այս  պահին համակարգը ժամանակավորապես դադարեցրել են

«Համակարգը ժամանակավորապես դադարեցրել ենք, քանի որ մեծ թվով դիմումներ ենք ստացել, համակարգը ծանրաբեռնված է։ Որպեսզի տեխնիկական խնդիրներ չառաջանան և մերժման հայտեր չստանանք, մի քանի ժամով դադարեցրել ենք։ Օրվա ընթացքում նորից կվերսկսենք»։ 

Այս ծրագրի շահառուները չգրանցված կամ օրավարձով աշխատող այն ընտանիքներն են, որտեղ կան անչափահաս երեխաներ։ Յուրաքանչյուր երեխայի համար նախատեսված է 26 հազար 500 դրամ միանվագ գումար։ 

Կառավարությունը   կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու 11 ծրագիր է հաստատել։ Դրանցից  վեցն ունեն  սոցիալական ուղղվածություն։ Միայն երեկ գործարկվել է երկու ծրագիր, մինչ այդ ևս երեքն արդեն գործում էին։ Եվս մեկը՝  փետրվարին սպառած գազի ու էլեկտրաէներգիայի վճարների հիսուն տոկոսի փոխհատուցման նախագիծը հաստատվեց նախօրեին։             Սոցիալական  աջակցության գումարները միանվագ են, փորձ է արվել  աջակցել  հատկապես  խոցելի խմբերի ներկայացուցիչներին։ «Ռադիոլուրի»  զրուցակիցը` Շաքե Կիրակոսյանը, երկար տարիներ աշխատում է զբոսաշրջության ոլորտում։ Պատմում է՝   տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները գիտեն՝ ակտիվ ու պասիվ շրջաններ կան                

«Բայց սա անգամ պասիվ  շրջանից է վատ։ Հունվարից  տուրեր իրականացնում էինք անգամ պասիվ շրջանում, որով աշխատավարձ էինք վճարում, հարկեր վճարում,  պարգևավճարներ էինք տալիս։ Ոլորտի աշխատակիցներս  հիմա  չգիտենք՝ ինչ անել։ Ակտիվ շրջանի փաթեթները պատրաստել ենք հունվարից, սակայն, արդեն չորրորդ  ամիսն է ավարտվում, ոչ մի շարժ չկա՝ անգամ ներքին տուրիզմի համար»։

Զրուցակիցս նաև գիտի՝ տուրիզմն արագ  վերականգվող ոլորտներից  է, պարզապես պետք է ուշադիր լինել այս ոլորտի նկատմամբ, աջակցել։ Զբոսաշրջության զարգացումը կնպաստի նաև մյուս ոլորտների զարգացմանը։

Կառավարությունն աջակցում է  կորոնավիրուսի հետևանքով ամենաշատը տուժած ոլորտների՝ զբոսաշրջային ծառայությունների, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայությունների, հագուստի  խանութների գրանցված աշխատակիցներին, արդեն հասանելի են դրամային մեկանգամյա աջակցության փաթեթները։ Սա ութերորդ ծրագիրն է, մի քանի ժամում այս ծրագրի դիմողների թիվը կազմել է  ավելի քան 45 հազար, 27 հազար շահառուի դիմում հաստատվել է, աջակցության չափը 1․8 մլրդ դրամ է կազմում։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի տեղեկացմամբ, շահառուների ցանկը թարմացվում է.

«Մերժման  պատճառները տարբեր են, ավտոմատ համադրում ենք ՊԵԿ-ի տվյալների հետ, եթե կա անհամապատասխանություն, ապա համակարգը մերժում է»։

Մինչև 14 տարեկան երեխա ունեցող և աշխատանք կորցրած քաղաքացիներին միանվագ 100 հազար դրամ  աջակցության ծրագրի համար պետք է մուտքագրել տվայլներն ու հասկանալ՝ ծրագրի շահառո՞ւ է քաղաքացին, թե՞ ոչ։ Այս ծրագրի շահառուների ցանկը նույնպես թարմացվում է։

Ընդլայնվել է նաև հղի կանանց տրվող աջակցության ծրագրի շահառուների ցանկը։

«Այս ծրագրի շահառու կհանդիսանան արդեն ոչ միայն այն հղի կանայք, որոնք չեն աշխատում և իրենց ամուսինը մարտի 13-30 ազատվել է աշխատանքից, այլ նաև նրանք, որոնց ամուսինները  չեն աշխատել։ 5757 քաղաքացի է այս պահին համարվում ծրագրի շահառու»։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղեկացմամբ, կառավարությունում քննարկվում է   կորոնավիրուսի տնտեսական հետևանքները  չեզոքացնող 12-րդ ծրագրի  նախագիծը։  Զարուհի Բաթոյանը մանրամասներ չներկայացրեց միայն ասաց, որ այս ծրագիրը   ինչպես նախօրերին հաստատված 11-րդ ծրագիրը, վերաբերելու է  կոմունալ վճարներին։

Back to top button