ԿարևորՏնտեսական

Լեռնապատը նոր գյուղտեխնիկա կունենա, իսկ Լուսաղբյուրը՝ նորոգված ոռոգման ցանց

Արդեն իսկ հաստատվել է 2 սուբվենցիոն ծրագիր. գործընթացն առաջիկայում կընթանա մեծ թափով: Լուռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 10-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել մարզի Լեռնապատ համայնքի «Համայնքի կարիքների համար գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերում» և Լուսաղբյուր համայնքի «Ոռոգման ցանցի նորոգում» ծրագրերը:

Լեռնապատ համայնքի «Համայնքի կարիքների համար գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերում» ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 10 մլն դրամ, որից մոտ 5 մլն դրամը` համայնքային ներդրում: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերում, այդ թվում` խոտհնձիչ, եռախոփ գութան, կուլտիվատոր, հողաֆրեզ, կարտոֆիլացան, կարտոֆիլահան և խոտամամլիչ:

Ծրագրի իրականացման արդյունքում համայնքում յուրաքանչյուր տարի 20-25 տոկոսով կավելանա մշակվող վարելահողերի և հնձված խոտհարքների քանակը, կխթանվի կարտոֆիլագործությունը և անասնապահությունը, ավելի դյուրին կիրականացվեն հողամշակման աշխատանքները, ինչպես նաև կավելանան համայնքի բյուջեի մուտքերը` ի հաշիվ սարքավորումներով մատուցվող ծառայությունների:

Լուսաղբյուր համայնքի «Ոռոգման ցանցի նորոգում» ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 18.376.390 դրամ, որից մոտ 6.431.740 դրամը` համայնքային ներդրում: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է վերականգնել 594 գծ/մ երկարությամբ ջրատար, ինպես նաև վերանորոգել գոյություն ունեցող ջրթողը և կառուցել ևս 2 նոր ջրթող` հարթ փականներով: Արդյունքում կավելանա ոռոգվող հողերի մակերեսը` 30-35 հեկտարով, կնվազի ջրի կորուստը, ոռոգման ցանցից կօգտվի շուրջ 98 տնտեսություն:

2020թ.-ի համար Լոռու մարզպետարանի հետևողական աշխատանքի շնորհիվ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է ներկայացվել 5.4 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ շուրջ 100 ծրագրային հայտ (2019թ.-ին 1.8 մլրդ դրամ ընհանուր արժողության 55 ծրագրի դիմաց):

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել՝ քննարկելու ներկայացված հայտերի հետ կապված ընթացիկ հարցերը, ամրագրելու հստակ ժամկետներ: Մարզի ղեկավարին տեղեկացվել է, որ 31 ծրագրերի ամբողջական փաթեթներ ներկայացված են հաստատման, շուրջ 25 ծրագրերի նախագծանախահաշվային աշխատանքներ գտնվում են լրամշակման փուլում, իսկ մյուսներն՝ ընթացքի մեջ են:

Համավարակով պայմանավորված իրավիճակը չի կարող խոչընդոտել նախատեսված աշխատանքների իրականացմանը,-նշել է մարզի ղեկավարը,- այն քաղաքացիներն, ովքեր նախորդ տարիներին մեկնել են արտագնա աշխատանքի՝ արտերկրում շինարարական աշխատանքներով զբաղվելու նպատակով, այս տարի կարող են մնալ և շինարարությամբ զբաղվել հայրենի մարզում, ինչը կլրացնի նաև նախորդ տարի առաջացած աշխատուժի պահանջարկը:


Back to top button