ԿարևորՀասարակություն

Ինչու է համակարգն ընտրում սոցիալական աջակցության ծրագրերի շահառուներին

Կառավարությունում քննարկվում է  կորոնավիրուսի տնտեսական հետևանքները  չեզոքացնող 12-րդ ծրագրի նախագիծը, այսօր հայտնել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նա մանրամասներ չի ներկայացրել, միայն նշել է, որ այս ծրագիրը, ինչպես նախօրեին հաստատված 11-րդ ծրագիրը, վերաբերելու է  կոմունալ վճարներին։ Արդեն օրվա երկրորդ կեսին հրապարակվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն ուղղված 12-րդ ծրագիրը։

Կառավարությունը կփոխհատուցի փետրվարին բնական գազի սպառման 10 հազարից մինչև 30 հազար և էլեկտարէներգիայի  մասով՝  5 հազարից մինչև 10 հազար դրամ սպառած բաժանորդների վարձավճարի 30 տոկոսը։ Իսկ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող ծրագրերի սոցիալական բաղադրիչները երեկվանից հասանելի են։

Անդրադառնալով հարցին, արդյո՞ք տրամադրվող փաթեթները բավարար են տնտեսվարողների ու քաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու համար, նախարարն ասել է«Բնականաբար  բավարար չեն։ Սրանք իրավիճակային  աջակցություն են, որոնք պետք է օգնեն  իրավիճակը մեղմելուն։ Կայունացմանն ուղղված  քայլերի քննարկումները շարունակվում են»։

Կառավարությունը 30 տոկոսով կփոխհատուցի փետրվար ամսին 10- 30 հազար դրամ բնական գազ եւ 5- 10 հազար դրամ էլեկտրաէներգիա սպառած բնակիչների վարձավճարը։ Գումարը կուղղվի բնակիչ-բաժանորդների պարտքի մարմանը, իսկ պարտք չունեցողների համար այն կանխավճար կձևակերպվի։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն ուղղված սոցիալական աջակցության 12- րդ ծրագիրը հրապարակվեց օրվա երկրորդ կեսին։

Նախօրեին արդեն կառավարությունը որոշել էր 50 տոկոսով փոխհատուցել մինչեւ 10 հազար դրամ բնական գազ եւ մինչեւ 5 հազար դրամ էլեկտրաէներգիա սպառած բաժանորդների վարձավճարները։

Երեկ մեկնարկել էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն ուղղված սոցիալական աջակցության իններորդ ծրագիրը։ Այս ծրագրի ամենամեծ խնդիրը  չգրանցված աշխատողների մասին ամբողջական տեղեկատվության բացակայությունն է։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է բարձրաձայնում խնդրի մասին. նշում է, այս պահին ժամանակավորապես դադարեցրել են ծրագիրը․

«Համակարգը ժամանակավորապես դադարեցրել ենք, քանի որ մեծ թվով դիմումներ ենք ստացել, համակարգը ծանրաբեռնված է։ Որպեսզի տեխնիկական խնդիրներ չառաջանան և մերժման հայտեր չստանանք, մի քանի ժամով դադարեցրել ենք։ Օրվա ընթացքում նորից կվերսկսենք»,- նշեց նախարարը։

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու 11 ծրագիր է հաստատել։ Դրանցից վեցն ունեն սոցիալական ուղղվածություն։ Միայն երեկ գործարկվել է երկու ծրագիր, մինչ այդ ևս երեքն արդեն գործում էին։ Եվս մեկը՝  փետրվարին սպառած գազի ու էլեկտրաէներգիայի վճարների հիսուն տոկոսի փոխհատուցման նախագիծը հաստատվեց նախօրեին։

Սոցիալական  աջակցության գումարները միանվագ են, փորձ է արվել  աջակցել  հատկապես  խոցելի խմբերի ներկայացուցիչներին։ «Ռադիոլուրի» զրուցակիցը` Շաքե Կիրակոսյանը, երկար տարիներ աշխատում է զբոսաշրջության ոլորտում։   

Պատմում է՝ տուրզիմի ոլորտի  ներկայացուցիչները գիտեն՝ ակտիվ ու պասիվ շրջաններ կան․ «Բայց սա անգամ պասիվ շրջանից է վատ։ Հունվարից  տուրեր իրականացնում էինք անգամ պասիվ շրջանում, որով աշխատավարձ էինք վճարում, հարկեր վճարում,  պարգևավճարներ էինք տալիս։ Ոլորտի աշխատակիցներս  հիմա  չգիտենք՝ ինչ անել։ Ակտիվ շրջանի փաթեթները պատրաստել ենք հունվարից, սակայն, արդեն չորրորդ  ամիսն է ավարտվում, ոչ մի շարժ չկա՝ անգամ ներքին տուրիզմի համար»,- նշում է Շաքե Կիրակոսյանը։

Զրուցակիցս նաև գիտի՝ տուրիզմն արագ վերականգվող ոլորտներից  է, պարզապես պետք է ուշադիր լինել այս ոլորտի նկատմամբ, աջակցել։ Զբոսաշրջության զարգացումը կնպաստի նաև մյուս ոլորտների զարգացմանը՝ ասում է։

Կառավարությունն աջակցում է  Կորոնավիրուսի հետևանքով ամենաշատը տուժած ոլորտների՝ զբոսաշրջային ծառայությունների, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայությունների, հագուստի  խանութների գրանցված աշխատակիցներին։ Արդեն հասանելի են դրամային մեկանգամյա աջակցության փաթեթները։

Սա ութերորդ ծրագիրն է, մի քանի ժամում այս ծրագրի դիմողների թիվը կազմել է  ավելի քան 45 հազար, 27 հազար շահառուի դիմում հաստատվել է, աջակցության չափը 1․8 մլրդ դրամ է կազմում։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի տեղեկացմամբ, շահառուների ցանկը թարմացվում է,  համակարգը նաև մերժում է․

«28  մերժման  պատճառները տարբեր են, ավտոմատ համադրում ենք ՊԵԿ-ի տվյալների հետ, եթե կա անհամապատասխանություն, ապա համակարգը մերժում է»։

Մինչև 14 տարեկան երեխա ունեցող և աշխատանք կորցրած քաղաքացիներին միանվագ 100 հազար դրամ  աջակցության ծրագրի համար պետք է մուտքագրել տվայլներն ու հասկանալ, ծրագրի շահառո՞ւ է քաղաքացին, թե՞ ոչ։  

Ընդլայնվել է նաև հղի կանանց տրվող աջակցության ծրագրի շահառուների ցանկը։

«Այս ծրագրի շահառու կհանդիսանան արդեն ոչ միայն այն հղի կանայք, որոնք չեն աշխատում և իրենց ամուսինը մարտի 13-30 ազատվել է աշխատանքից, այլ նաև նրանք, որոնց ամուսինները  չեն աշխատել։ 5757 քաղաքացի է այս պահին համարվում ծրագրի շահառու»,- ասում է Սոցապ նախարարը։

Աջակցության գրեթե բոլոր ծրագրերի շահառուների ցանկը թարմացվում է, գումարներն ավելանում։

Back to top button